Իմ ավերված աշխարհը ձեր կարիքը ունի: Շատ հոգնած ու խռոված սրտեր ձեր կարիքն ունեն: Շատ տխուր ու տանջահար սրտեր ձեր շնորհիվ պիտի զվարթանան ու Ինձ մոտենան ձեր միջոցով:
Առողջություն, խաղաղություն, ուրախություն, համբերություն, տոկունություն. այս բոլորը ձեր սեփականությունը կդառնան, երբ սերտ հարաբերություն հաստատեք Ինձ հետ:
Ձեր առջև ձգվող ճանապարհը իրապես փառավոր մի ճանապարհ է, այդ ընթացքում դուք զարմանալի գյուտեր կանեք. կունենաք քաղցր մտերմություններ, սքանչելի` գրեթե անըմբռնելի նոր հայտնություններ կանեք:
Իրոք որ քրիստոնեական կյանքը, Ինձ հետ ապրած կյանքը սիրո մի վեպ է:
Ամեն ինչ Ինձ թողեք: Միայն Ինձ մոտ կգտնեք գոհացումը ձեր կարիքների:
Ես սիրահարն եմ մարդկային հոգու:
Հոգու բարեկամը, հոգու հայրը, մայրը, եղբայրը: Փորձեցեք Ինձ:
Իմացեք` ինչքան էլ շատ պահանջեք Ինձնից, դարձյալ չափից շատ չեք ուզի, ոչ էլ կշահագործեք Իմ սերն ու երկայնամտությունը:
Պահանջեցեք, պահանջեցեք, երիցս կրկնում եմ` պահանջեցեք բժշկություն, զվարթություն, ելք, սպեղանի, առհասարակ ինչ որ կամենաք: