Մի քանի ժամ առաջ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Երկու առաջնորդներն էլ համակարծիք էին, որ Իրանը երբեք չպետք է ունենա Իսրայելին ոչնչացնելու կարողություն» ("The two leaders shared the view that Iran should never be in a position to destroy Israel"):
Ցավոք, ո՛չ Պուտինը, ո՛չ Թրամփը, և ո՛չ էլ որևէ այլ մեծ տերության ղեկավար երբևէ չեն ասել, որ «Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չպետք է ունենան Հայաստանին ոչնչացնելու կարողություն»։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային քաղաքականությունում երկակի ստանդարտների բացահայտ դրսևորում։ Ակնհայտ է դառնում, որ Իսրայելն ավելի մոտ ու հարազատ է ՌԴ-ին, քան Հայաստանը կամ Իրանը, որոնք երկուսն էլ ֆորմալ առումով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ են։ Ընդ որում, Իսրայելն Իրանին ոչնչացնելու կարողություն ունի, քանի որ տիրապետում է միջուկային զենքին։ Այս պայմանավորվածությունը, փաստորեն, նշանակում է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը դեմ են, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Իսրայելը նրա համար վաղուց ոչ միայն ռազմավարական դաշնակից է, այլև, կարելի է ասել, 51-րդ նահանգ։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր անվտանգության երաշխավորը, առաջին հերթին, մեր իսկ ուժը պետք է լինի։ Ուստի հենց մենք պետք է միջազգային ասպարեզում բարձրաձայնենք, պնդենք, բացատրենք ու հիմնավորենք այդ կարևոր ճշմարտությունը՝ զուգահեռաբար ձգտելով ամեն կերպ զարգացնել թշնամիներին զսպելու մեր սեփական կարողությունները։ Միայն այդ դեպքում կարող ենք հուսալ, որ մի օր աշխարհի հզորներն էլ կհայտարարեն. «Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չպետք է ունենան Հայաստանին ոչնչացնելու կարողություն»։
Արմեն Այվազյան