Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Առաջիկա երեք տարիների ընթացքում սրա 30%-ը ենթակա է մարման: Այս պարտքի 48.5%-ը արտարժույթով է:
2018-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար էր: Վեց տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետության պարտքը գրեթե կրկնապատկել է: Բայց, հաշվի առնելով, որ այս վեց տարիների ընթացքում նաև միլիարդների պարտք մարվել է, կնշանակի, որ ներգրավված պարտքը շատ ավելին է, քան ավելացված 6 միլիարդ դոլարը:
ՀՀ կառավարության կողմից ներգրավված պարտքի միջին կշռված տոկոսադրույքը այս տարվա հոկտեմբերի դրությամբ 7.2% է, իսկ 2018-ի վերջին եղել է 5%: Այսինքն, այս կառավարության վերցրած պարտքը գնալով թանկանում է, կնշանակի՝ դրա դիմաց շատ ավելի մեծ տոկոսավճարներ ենք կատարում, քան՝ նախկինում:
Այսպես՝ 2023-ին կառավարությունը արտաքին վարկերի գծով կատարել է 157.6 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ ներքին պարտքի գծով՝ 157.3 միլիարդ դրամի տոկոսավճարներ:
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը (եղածին գումարած նորերը, հանած՝ մարումները) ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ փոխարենը ոչինչ չենք ստանում:
Ավելի ճիշտ, ստանում ենք տկար և քայքայված պետություն:
Հովհաննես Ավետիսյան