Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ինքնակամ բարեփոխվում են

Ինքնակամ բարեփոխվում են
06.06.2018 | 17:23

Եթե համեմատենք հայաստանյան իրողությունների քրոնիկան և Արցախի վերջին զարգացումները, ակնհայտ է, որ հայկական երկրորդ պետության մեջ գործընթացները տրամաբանորեն կարճ տևեցին, ու դա ամենաէականն էր: Պաշտոնատար անձինք, որոնք հանդարտված փողոցի պայմաններում հրաժարականի դիմումներ են ներկայացնում, բավականին խոհեմ պահվածք ցուցաբերեցին: Այն, ինչ կատարվեց Հայաստանում, վտանգավոր էր կրկնել նաև Արցախում: Այս մասին հայտարարում են տարբեր ճամբարների քաղաքական գործիչները: ՈՒ սա շատ լավ հասկանում են այնտեղ: Պատերազմական իրավիճակում գտնվող Արցախում գիտեն, որ մեծ շռայլություն կլինեին այս իրավիճակում ցանկացած խժդժությունները: Հասկացան ու ինքնակամ թողեցին իրենց աթոռը:

Հիմա սկսվել է խաղաղ վերափոխման փուլը, երբ իշխանությունը դեմ առ դեմ հանդիպում է յուրաքանչյուր ղարաբաղցու խնդիրների հետ: Հատուկ հանձնաժողովները մեկիկ-մեկիկ հավաքում են բոլոր քաղաքացիների բողոքները, դժգոհությունները: Սա լավագույն ճանապարհն է, որ կարող է Արցախում հանգեցնել փոփոխությունների: Կտրուկ, արմատական փոփոխությունները կարող էին անդառնալի վնասներ հասցնել պետությանը: Պետնախարար Արայիկ Հարությունյանն այսօր իր հրաժարականի պատճառը հիմնավորել է այսպես. «Մենք եղել ենք անկեղծ, պետք է իրականացվեին այնպիսի կադրային փոփոխություններ, հետագայում կատարվեին բարեփոխումներ պետական կառավարման ինստիտուտում, ինչը բերելու է քաղաքացիական հասարակարգի զարգացմանը, բավարարելու է ոչ միայն դժգոհող խմբին, այլև ամբողջ ժողովրդին: Այսօր ես այդ դիմումը ներկայացրել եմ՝ հիմքում ունենալով դա: Այո, պետք են կադրային լուրջ փոփոխություններ, ինչը պլանավորել է երկրի նախագահը: Եվ մենք՝ այսօր դիմում ներկայացնողներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնելու այն պայմանավորվածությունն ու ծրագիրը, որոնք կային»: Այսինքն, Արցախի իշխանություններն են ստանձնում փոփոխությունների նոր փուլը, որը պետք է բավարարի նաև փողոցում ըմբոստության ալիք բարձրացնող ղարաբաղցիներին: Սա կարելի է համարել անցնցում փոփոխությունների շրջան, ինչը շատ լավ է և՛ անվտանգության տեսակետից, և՛ ներքին խնդիրները կարգավորելու առումով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ