Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայ-ռուսական հարաբերությունները վերանայվում են

Հայ-ռուսական հարաբերությունները վերանայվում են
24.07.2018 | 10:40

Փանիկ գյուղում տեղի ունեցածը շարունակում է քաղաքական գործիչների ու վերլուծաբանների քննարկման տիրույթում մնալ: Մեկ հարցում բոլորը համակարծիք են՝ անթույլատրելի բան է տեղի ունեցել, սակայն իշխանության ներկայացուցիչները տարբեր կերպ են բնորոշում իրողությունը:


Միջադեպից անմիջապես հետո կառավարության ղեկավարը կոշտ արձագանքեց տեղի ունեցածին, հայտարարելով, որ դա սադրանք էր, մինչդեռ ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարն ավելի ուշ այլ մեկնաբանություն տվեցին: Արթուր Վանեցյանը, այդ ամենում քաղաքական ենթատեքստ չտեսնելով, հայտարարեց, թե ընդամենը անփութություն է, երբ նախապես գյուղացիներին չի տեղեկացվել զորավարժությունների մասին. «Համայնքը ծանուցված չի եղել, դրա համար ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել, աշխատում ենք նրանց հետ, որ նման բան այլևս չլինի»:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նախօրեին անձամբ էր այցելել Փանիկ գյուղ և 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ փակ քննարկում անցկացրել: Նախարարը, բավական հանգամանորեն բացատրելով, թե ինչպես են զորավարժություններ իրականացրել ռուս զինվորականները, շեշտել է, թե զորավարժության համար պարզապես սխալ տեղ են ընտրել: «Ծրագրերի շրջանակներում կան տարբեր տեսակի մարզումներ։ Այս մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը։

Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Բայց մի գաղտնիք բացահայտեմ. քանի որ նրանք հետախույզներ են, իսկ հետախույզները ոչ մի պայմանով չէին բացահայտելու իրենց մարզման վայրը, դրա համար խոսակցությունը եղել է լարված։ Վայրն ընտրվել է սխալ, բայց, չպաշտպանելով հետախույզներին, նշեմ, որ նրանք Փանիկին վերաբերվել են որպես իրենց աջակցող բնակավայրի, իսկ շարասյունը եղել է որպես հակառակորդի շարասյուն, և յուրայիններին աջակցող բնակավայրի կողքին էլ իրականացրել են այդ միջոցառումը»,- ասել է Տոնոյանը, հընթացս նկատելով, որ սխալ են թույլ տվել և՛ ռուսական, և՛ հայկական կողմերը։


Ստացվում է, որ իշխանության տարբեր օղակներ համակարծիք չեն: Ինչու՞ են ստորին օղակներն իրենց վերադասի հայտարարությունը մեղմում, ինչու՞, կատարվածի վերաբերյալ դույզն-ինչ տեղեկություն չունենալով ու չլսելով ռուս հրամանատարությանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դա սադրանք է: Գուցե հենց այդպես է, բայց, առանց խնդիրը քննարկելու, ինչու՞ շտապեց վարչապետը, ինչի՞ն պետք է հետևեին կառավարության մյուս օղակների՝ իրավիճակը մեղմացնող ու հանդարտեցնող հայտարարությունները:


Իսկ եթե այս ամենին էլ գումարում ենք շաբաթվա վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի բաց տեքստով հայտարարությունը, ստացվում է` հայ-ռուսական հարաբերություններում իսկապես նոր փուլ է սկսվում, որը դեռ անհայտ ուղղություն է վերցրել: Պարզ չէ, թե հակառակ կողմն ինչ հակաքայլեր է մտմտում, ինչպես կարտահայտվի նրանց վրդովմունքը: Ցայսօր մենք տեսնում ենք միայն այն, որ ռուսական կողմը դեռ շատ չի սևեռվել մեր ուղղությամբ, բավարարվում է որոշ ռուս վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կոշտ հրապարակումներով: Իսկ ի՞նչ կլինի, եթե ռուսական քաղաքական ղեկավարությունը սեփական վերանայումներն անի հայ-ռուսական հարաբերություններում:


Ի դեպ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի ուշագրավ հայտարարություն է արել, որը հաստատապես անարձագանք չի թողնի ռուսական կողմը: Ըստ նախարարի, չի բացառվում, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթներ վերանայվեն. «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրաիրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»: Իսկ թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, ու ինչ վերանայումներ պետք է արվեն, չի հստակեցվում: Գուցե այս անգամ էլ պաշտպանության նախարարին վարչապե՞տը կսրբագրի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ