ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել ՈՒկրաինայում։               
 

Ալիևը հենց այնպես իր ստորագրությունը չէր դնի փաստաթղթի տակ

Ալիևը հենց այնպես իր ստորագրությունը չէր դնի փաստաթղթի տակ
12.08.2025 | 19:07

Շատ ուշադիր, մի քանի անգամ կարդացի արդեն մի քանի օր է Վաշինգտոնում հրապարակված թուղթը, որը Նիկոլը համարում է «պատմական աննախադեպ ձեռքբերում»ՙ և փորձեցի հասկանալ, թե այդ ի՞նչ «պատմականության» մասին է խոսումՙ և ո՞րն է այն «ձեռքբերումը», որն այդքան ոգևորել է իշխանական պլեադային։

Հիշյալ փաստաթղթում հստակ նշվում է, որ Հայաստանով դեպի Նախիջևան անցնող 42 կիլոմետրանոց հատվածը, որն իրականում միջանցք է, չնայած փաստաթղթում կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա» (“Trump Route for International Peace and Prosperity” — TRIPP), 99 տարով տրվում է ամերիկյան վերահսկողության (այսինքնՙ Իլհամի այն պահանջը, որ ասում էր, թե «միջանցքում հայի երես չտեսնեմ»ՙՙ փաստացի բավարարվում է)։

Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է որպես կողմ այդ փաստաթղթի տակ ստորագրում նաև Ալիևը։ Տրամաբանական է, որ եթե որևէ կողմը փաստաթղթի տակ դնում է ստորագրություն, ապա ոչ միայն շահագրգռվածություն ունի, այլև հստակ փայատեր է։ Հրապարակված փաստաթղթից պարզ է, որ ամերիկացիներն այնտեղ ներդրումներ են կատարելու, դրա համար էլ ստորագրում են, իսկ Ալիևը, ով բավական խելք ու հաշվենկատություն ունի, հենց այնպես, հրճվանքով փաստաթղթի տակ իր ստորագրությունը չէր դնի։

Մյուս առանցքային դրվագը, որը նույնպես չգտա փաստաթղթի ոչ մի տողում, վերաբերում է կողմերի փոխադարձության սկզբունքին։ ՀՀ-ով անցնող հատվածում անվտանգությունն ապահովում է ԱՄՆ-ը՝ հանձինս Թրամփի ստորագրության, սակայն որևէ տեղ չի արձանագրվում, թե, օրինակ, Նախիջևանից մինչև Երասխ հատվածում ո՞վ է ապահովելու հայերի անվտանգ շարժը․ Ադրբեջա՞նը, թե՞ թուրքական պահնորդական որևէ կառույց։ Հստակ բացակայում է նաև պարզաբանումը, այսպես կոչված, «Միջին միջանցքի» վերաբերյալ, որը Նիկոլն այդքան թմբկահարում է։

Հաջորդ, մեղմ ասած, մտահոգությունս վերաբերում է այն հանգամանքին, թե, ի վերջո, երբ Նիկոլը հայտարարում է, թե սա «փոխադարձ հայելային փաստաթուղթ է և ազդում է երկու կողմերի վրա», ապա մենք, այսքան զիջում ու հետքայլ անելով, ի՞նչ ենք ստանում փոխարենը։ Ադրբեջանն ի՞նչ զիջեց և ի՞նչ հետքայլ արեց։ Փաստաթղթում չկա ոչ մի կետ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը հետ քաշելու, ոչ մի տառ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքներից դուրս գալու մասին, Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետվերադարձի մասին։

Փոխարենը Ալիևը իր խոսքում այս օրերի ընթացքում հստակ ընդգծում էր, որ Նիկոլը «տնային աշխատանք ունի անելու՝ կապված Սահմանադրության փոփոխության հետ», այսինքն՝ հերթական անգամ սեփական ինքնիշխանությունը Ալիևի ոտքերի առաջ դրած Նիկոլը գլուխ է գովում «սերունդների համար խաղաղություն բելելու» դրվագով։

Հանկարծ չմտծեք, թե խաղաղությանը դեմ եմ, բնավ, այն պետության համար գերկարևոր է ու պարտադիր, բայց դա թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, որ վրադ ծիծաղեն, ծաղրեն ու հեգնեն, այլ փորձում հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է։

Ասեմ՝ «վաշինգտոնյան մուրհակը» «պատմական» է այնքանով, որ այն վերջ է դնում ՀՀ ինքնիշխանությանը, ամբողջովին փակում Արցախի էջը, Ադրբեջանին դարձնում տարածաշրջանային գիգանտ, իսկ որպես «ձեռքբերում»՝ Նիկոլն իր համար ապահովեց ներքաղաքական հարցերում ավելի «գազ տալու» և սեփական աթոռը հերթական անգամ պահելու փայլուն հնարավորություն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ