ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

ՄՆՈՒՄ ԵՆ ՈՒԹԸ

ՄՆՈՒՄ ԵՆ ՈՒԹԸ
01.02.2011 | 00:00

Դեռ նախորդ մրցաշրջանից խոսվում էր այն մասին, որ Երևանի «Կիլիկիան» կարող է լքել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Արտասահմանում դա սովորական բան է: Մասնավորապես, Ռուսաստանում օրերս միանգամից մի քանի թիմ է հրաժարվել խաղալուց այդ երկրի ուժեղագույնների խմբում, իսկ Հայաստանում դա պարզ է դարձել այն բանից հետո, երբ լրացել է ակումբների համար հայտերի և անդամավճարների ներկայացման վերջնաժամկետը: Փաստորեն, մեր երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբի բոլոր թիմերը, բացի «Կիլիկիա» ակումբից, պաշտոնապես հաստատել են իրենց մասնակցությունը: Այսպիսով, եթե «Կիլիկիան» չմասնակցի Հայաստանի առաջնությանը, ապա կխաղա 8 թիմ:
Հիշեցնենք, որ «Կիլիկիա» ակումբի տերը Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է: Գաղտնիք չէ, որ ժամանակին նրան շատ բան դուր չէր գալիս հայկական ֆուտբոլում: Դժվարանում ենք ասել, թե այժմ ինչը գործարար պատգամավորի սրտով չէ: Թերևս, նա այնքան էլ գոհ չէ, որ մարտին նախատեսված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (նախագահ` Ռուբեն Հայրապետյան) նախատեսում է անցկացնել ոչ թե Աղաբաբյանին պատկանող Երևանի «Հրազդան», այլ մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում: Ի դեպ, «Հրազդան» մարզադաշտում էր անցկացվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Թուրքիա խաղը: Մի բան ակնհայտ է, որ «Հանրապետականը» չի կարող հյուրընկալել առաջիկա խաղին ներկա գտնվելու ցանկություն ունեցող բոլոր ֆուտբոլասերներին, քանի որ նստատեղերի թիվը սահմանափակ է, մինչդեռ «Հրազդան» մարզադաշտը նման խնդիր չունի: Հնարավոր է` պատճառն ավելի պարզ է` ֆինանսների պակասը:
Այս ենթադրությունները թողնում ենք առանց մեկնաբանության: Ամեն դեպքում, վատ է, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի թիվը կարող է մեկով պակասել: Առանց այդ էլ այդ ստուգատեսը վաղուց արդեն անհետաքրքիր է ու ձանձրալի:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ