Մայրը հիվանդանոցում նստել էր կույր որդու անկողնու վրա ու լուռ արտասվում էր:
Մի հրեշտակ իջավ և ասաց.
-Ո՜վ մայրիկ, Աստծո ողորմությունը մեծ է, ի՞նչ ես խնդրում նրանից.
-Աստծուց խնդրում եմ, որ բուժի որդուս, թող ես կուրանամ բայց նա տեսնի:
-Քո որդին բժշկված է:
Տարիներն անցան, տղան մեծացավ, հաջողակ մարդ դարձավ, իսկ մայրը սիրով նշեց որդու հաջողությունները։ Որդին ամուսնացավ ու մի օր էլ ասաց մորը.
-Մամ ջան, ինձ համար դժվար է ասել, բայց խնդիրն այն է, որ կինս չի կարող քեզ հետ միասին ապրել:
-Տղա՛ս, կգնամ ծերանոց, կապրեմ հասակակիցներիս հետ, ինձ հարմար կլինի:
Մայրը դուրս եկավ տանից, նստեց մի անկյունում ու սկսեց լաց լինել:
Հրեշտակը նորից իջավ ու ասաց.
-Ո՜վ մայրիկ, տեսա՞ր թե ինչ արեց որդիդ։ Հիմա զղջո՞ւմ ես:
-Ինչ արել եմ, երբեք չեմ զղջում:
Հրեշտակն ասաց.
-Բայց դեռ Աստծո ողորմությունը քեզ վրա է, և դու կարող ես խնդրել, և գիտեմ, որ ուզում ես Աստված այս դժվարին պահերին քո աչքերը բացի, ճի՞շտ է:
Մայրը վստահ պատասխանեց.
-Ո՛չ:
Հրեշտակը մեծ զարմանքով հարցրեց՝ ինչո՞ւ:
-Ես, աչքերիս փոխարեն խնդրում եմ Աստծուն, որ իմ հարսը լավ կին և բարի մայր լինի և երջանկացնի իմ որդուն: Ես այլևս այնտեղ չեմ, որ խնամեմ իմ որդուն:
Հրեշտակի աչքերից արցունքներ թափվեցին և երկու կաթիլ ընկան մոր աչքերին և նրանք բացվեցին: Երբ կինը տեսավ հրեշտակի արցունքները, հարցրեց.
-Հրեշտակնե՞րն էլ են լալիս:
-Այո՛, բայց միայն այն ժամանակ, երբ Աստված է արտասվում:
-Աստված էլ է արտասվո՞ւմ:
-Այո՛, Աստված արտասվում է այն ժամանակ, երբ նեղացնում ու ցավեցնում են երկրային Մայր-Աստծուն: Ոչ ոք և ոչինչ չի՛ կարող համեմատվել մոր հետ:
Շուշաննա ՀԱՅԱՍԱ
Գույների մոլորակ /Colors Planet/ -ի ՖԲ էջից