«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Բաց նամակ սփյուռքի մեր հայրենակիցներին

Բաց նամակ  սփյուռքի մեր հայրենակիցներին
28.03.2025 | 21:29

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
դուք, որ ճակատագրի ծանր հարվածի պատճառով ապրում եք օտարության մեջ,
միացե՛ք մեզ և օգնության հասե՛ք ձեր մեծ Ծնողին ՝ մեր Ազգին և մեր Հայրենիքին:
Մենք բոլորս նույն Ազգի ու Հայրենիքի՝ մեր մեծ Ծնողի զավակներն ենք:

Այսօր օրհասական է մեր մեծ Ծնողի ու մեր մեծ Տան՝ Հայրենիքի վիճակը. մենք կարող ենք անդառնալիորեն կորցնել նաև Հայաստանը:

Այսօր մեզնից օտարեցին Արցախը՝ մեր Հայրենիքի ամենաթանկ հողակտորը, որի համար աշխարհի հզոր պետությունները պայքարում են ՝ իրենց ազդեցության ոլորտն ընդարձակելու համար:

Իսկ մենք մի՞թե չենք հասկանում նրա կարևորությունը, որ այդպես հեշտությամբ և առանց աչք թարթելու ՀՀ վարչապետի աթոռին նստածը, տրվելով քաղաքական ճնշումների՞ն, թե՞պայմանավորվածությանը, թշնամուն զիջեց ազատագրված հայոց ՀՈՂԸ:
Արցախը թանկ է ոչ միայն նրանով, որ նրա համար և նրա հողի վրա հազարավոր հայորդիների անաղարտ արյունն է թափվել, այլ նաև նրանով, որ նա քաղաքական բանալի է.
ում ձեռքին լինի Արցախի բանալին, նրա ձեռքին կլինի Կովկասի բանալին:

Եթե կորցնենք մենք այդ բանալին, ապա շղթայական շարժումով կկորցնենք նախ Սյունիքը, ապա ամբողջովին շրջափակված մի ափ

Լոռի-Գեղարքունիքը։

Միակ կապը, որ կունենա Հայաստանը աշխարհի հետ, կլինի Վրաստանի միջով, իսկ վրացիները թուրքիայի և ադրբեջանի ճնշման տակ մեզ ճանապարհ չեն տա:
Ի՞նչ անենք, կորցնե՞նք մեր հայրենիքը, երբ սկսվել է աշխարհի դաժան վերաբաժանումը, և քաղաքական քարտեզներ են պատառոտվում և վերաձևվում:
Դարձյալ ՄԵ՞ՆՔ կորցնողը լինենք:
Մեզ Աստված հնարավորություն տվեց քավելու մեր պապերի մեղքը՝ ազատագրելով մեր Հայրենիքի մի հատվածը:
Մեր պապերն անփու՞յթ եղան, թե՞ չկարողացան պահել հայրենի հողը:

Թող Աստված լինի դատավորը:
Հայտնի իրողություն է, և ամեն հայ չպիտի մոռանա՝
աշխարհի բոլոր պատերազմները հողի և այդ հողի վրա ստեղծված քաղաքակրթական և մշակութային արժեքների համար են:
Մեր հողը մեր ժողովրդի նման տաղանդավոր է: Բայց մեր հողի հանդեպ քաղաքական նկրտումներ ունեցող օտար ուժերը դարերով չեն թողել, որ մենք պահենք մեր անկախ թագավորությունը և վայելենք մեր երազած անկախությունը, հզորացնենք մեր հայրենիքը:
Նորագույն ժամանակներում պատմության բարեհաճությամբ մենք կարողացանք վերականգնել մեր պետականությունը մեր Հայրենիքի մի ափ հողի վրա։

Սակայն, դժբախտաբար, իշխանության բերվեցին հակահայ, ապազգային մտածողությամբ մարդիկ, ովքեր նպատակաուղղված կազմալուծեցին ութսունականների շեն ու բարեկեցիկ, իր գիտական և արդյունաբերական հսկաներով Եվրոպայի հետ ոտք մեկնող Հայաստանը՝ իր չորս միլիոն բնակչությամբ: Թավշյա հեղափոխությունը, որ տարածաշրջանում հեղաշրջումների տրամաբանությամբ նույնպես ներդրվեց դրսից, ուներ իր քաղաքական-տնտեսական- բարոյական նպատակները։

Բայց սցենարն այնքան վարպետորեն էր գրված, որ մեր միամիտ ժողովուրդը բոլորանվեր հավատաց ու վստահեց հեղափոխության «առաջնորդին»: Հեղափոխությանը ու նրա առաջնորդին գրեթե անվերապահորեն հավատացին նաև Սփյուռքի մեր հայրենակիցները:
Սփյուռքը մեր ժողովրդի կորուստների ծանր հետևանքն է, և հավատացե՛ք, որ չեմ կարող ասել՝ «Չկա չարիք, առանց բարիքի» ժողովրդական ինքնասփոփանքը, քանի որ դարերով մեր ժողովրդին բռնագաղթի են ենթարկել մեր հարևան և հեռավոր թշնամի պետությունները՝ մեր մշակութային-քաղաքակրթական շնորհներից օգտվելու համար: Վերջին 110 տարում հայ ժողովուրդը մի քանի անգամ ենթարկվել է քաղաքական հետապնդումների, որոնք վերածվել են ցեղասպանության, բռնագաղթի, մշակութային և լեզվական կորստի:

Հարյուր տարում՝ 4-5 սերունդներ գաղթօջախներում հիմնականում պահպանեցին իրենց ինքնությունը, սակայն ուծացման վտանգը օր-օրի ահագնանում էր: Կար դրա գիտակցումը և հայ հանրության մեջ, այդ իսկ պատճառով անցյալ դարի կեսերից՝ մանավանդ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, կազմակերպվեց հայրենադարձություն՝ 1915 թվի Հայոց ցեղասպանության պատճառով հայրենազրկված հայերի:

Եվ այդպես ստեղծվեց նոր Սփյուռք, որն այդ 100 և ավելի տարիներին համեմատաբար քիչ կորուստներ ունեցավ:

Հայրենասիրական ոգին և ազգային մտածողությունը կրթության և եկեղեցու շնորհիվ պահպանվում էր, կար ձգտում դեպի հայրենիք, սակայն խորհրդային գաղափարախոսությունը վանում էր շատ հայերի:
Թվում էր՝օտարության մեջ ապրող մեր հայրենակիցներն անկախության տարիներին պիտի գային իրենց երազած Անկախ Հայաստան, մինչդեռ հայրենադարձության փոխարեն մեզ պարտադրեցին ԲՌՆԱԳԱՂԹ:
Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր Հայրենիք-պետությունը ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ է օտար քաղաքական ուժերին ծառայող պաշտոնակատարների կողմից, որոնց արած թալանը ՀՀ Բյուջեի հարյուրապատիկը կարող է լինել: Հեղափոխություն կոչվածի օրերին Փաշինյանը խոստացավ ժողովրդին վերադարձնել պետությունից թալանվածը, մինչդեռ… Թալանը շարունակվեց՝ ՀՀ արտաքին պարտքը կրկնապատկելով։

Սիրելի՛ քույրեր և եղբայրնե՛ր, միացե՛ք հայրենիքում ապրողներիս՝ հանուն մեր բոլորի զավակների, որոնք պահում են մեր հայրենիքը, բայց ապրում են սոցիալական և բարոյա-հոգեբանական ծանր պայմաններում, սակայն հայրենիքից չեն հեռանում Ձեր քույրերն ու եղբայրները։
Մենք իրավունք չունենք մնալու ԱՆՀԱՅՐԵՆԻՔ և ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ:
Արձագանքե՛ք մեր կոչին և հորդորին և ճնշում գործադրե՛ք մեր երկրի առաջին պաշտոնակատար կոչվածի՝ Նիկոլ Փաշինյանի վրա, պահանջելով վարչապետի և նրա ապազգային վարչակարգի հրաժարականը։
Մյուս՝ առաջիկա խնդիրը կլինի Ժամանակավոր կառավարության ստեղծումը և հետագա նոր կառավարության և գերագույն խորհրդի ընտրությունները, պետական կառույցների մաքրումը ապազգային և կոռումպացված պաշտոնյաներից և նրանց կոռուպցիոն վարքագծից:
Մեր կորուստներն այս պատերազմում անչափելի են:
Մեր երկիրի վարչապետի աթոռին նստածն իրավունք չունի Արցախն ու նրա շուրջ ազատագրված տարածքները անպատասխանատու և անփույթ հանձնելու թշնամուն:

Մեր երիտասարդ զինվորների անհամաչափելի կորուստն ու հաշմանդամ դառնալը անդառնալի հարված են մեր ժողովրդի գենետիկ ֆոնդին, որը հոգեկան մեծ ցավ դարձավ ողջ ազգի համար:
Բայց հուսահատվելու ժամանակը չէ:
Աշխարհում ամենաանկայուն բանը պետությունների քաղաքական քարտեզն է:
Մեծն Արքայից Արքան ուժ է տալիս մեզ իր հավատով և իմաստությամբ․

Մենք դեռ կարող ենք
Եռաթև նետի սլացքով անկանգ
Գծել նորովի սահմաններն Հայքի...

2021 թվից մինչ օրս՝ 2025 թվի մարտը, Հայաստանը հայտնվել է անդունդի եզրին և քաղաքական ու ռազմական որևէ փրկարար գործողություն չի կատարվում, ընդհակառակը, վարչապետի աթոռը բռնազավթածը, լեզվի մի պտույտով Արցախը հանձնեց ադրբեջանին, 120 հազար արցախցիներին ենթարկեց բռնագաղթի՝ զրկելով նրանց հայրենիքից, տուն ու տեղից և ունեցվածքից:

Նա հետևողականորեն թուլացնում է ՀՀ պետականության հիմքերը, մաս-մաս թշնամուն է բաշխում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները, և ծաղրում ու հեգնում է մեզ, թե.

«Հայաստանի Հանրապետությանը դուք լուրջ ե՞ք վերաբերվում: Էս մի թիքա Հայաստանի Հանրապետությանն ե՞ք դուք լուրջ…

Ա՜ մեր հայրենիքը գիտե՞ք ինչ ա՜ա՜ա՜… Բա դուք սրան լուրջ ե՞ք վերաբերվում:

Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա»:

Սիրելի՛ հայեր, Հայաստանում և համայն աշխարհում, վարչապետ կոչվածը
մեզ վերջնականապես զրկում է հայրենիք- պետությունից, հեգնելով ու ծաղրելով համայն հայությանը, թե կարևորը ոչ թե հայրենիքն է, այլ պետությունը:

Բայց ու՞մ պետությունը:

Մեր հայրեակիցների մեծ մասն ապրում է աշխարհի տարբեր պետություններում, արդյոք դրանք մեր՝ հայերիս, հայրենի՞քն են:
Սա դարձյալ իրեն հատուկ բառախաղ-մանիպուլյացիան է:
Սիրելի՛ հայրենակիցներ, քույրե՛ր ու եղբայրնե՛ր,
մեր կոչն ու հորդորն ուղղված է հենց ՄԵԶ՝ ՀԱՅԵՐԻՍ․
արթնանանք մահաբեր թմբիրից, տե՛ր կանգնեք մեր երկրին:
Օտար ափերում երևութական հանգիստ ապրելը չի կարող փոխարինել մեր հայրենիք-պետությանը և հայրենիք ու պետություն ունենալու երջանկությանն ու հոգեկան հանգստությանը:
Վաղը ուշ կլինի:

ՈՒշացնում ենք մեր միաբանվելը:
Չուշանանք անդառնալիորեն:
Միացե՛ք մեր կոչին, Սփյուռքը հզոր ՈՒԺ Է:

Մեր հայրենիք պետության ներկայով և ապագայով, նրա գոյության շարունակականությամբ տագնապած
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 6480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ