Էս մեր խեղճ ազգը ոչ միայն աղանդակալել է, այլև մոլորվել ու անմտացել, ինչ դիվահար ու մոլորյալ բախտագուշակների, պառավական ու տգետ հեքիմների, ճակատագրապաշտների դուռը ասես չի գնում, միայն թե օգնություն գտնի։
Գիտուն հայրերից մեկն ասել է. «Տգիտությունը մարմնավոր կուրությունից էլ վատթար է»։
Ահա մեր խեղճ ժողովրդի տգիտության պատճառով էլ բազում մոլորեցնողներ են հայտնվում տարբեր գյուղերում, իսկ մեծ մասամբ էլ մայրաքաղաքում, որոնք օր ու գիշեր փող են «սարքում» իրենց աջն ու ձախը չիմացող տգետների հաշվին։ Սրանց ուղեցույցը տարբեր հեքիմական հնարքներն են, հորոսկոպները, աստղաբանական աղյուսակները, Էֆեմիրետե՝ աստղագուշական գրքերը, մաղերը, հալված մոմերն ու այլ միջոցները։
Այս ամենի պատճառը մեկն է՝ հեռացումը միակ ճշմարտությունից։
Երբ իր ժամանակին Պիղատոսը պատրաստվում էր Հիսուսին խաչելու, վերջին հարցը տվեց մեր Տիրոջը. «Ի՞նչ է ճշմարտությունը», և պատասխան չստացավ, որովհետև հարցն էր սխալ, քանի որ ճշմարտությունը ոչ թե ինչ է, այլ Ով է, քանի որ ճշմարտությունն Ինքը՝ Հիսուսն է, որովհետև մի անգամ Նա այդպես էլ ասաց. «Ես եմ ճշմարտությունը և Կյանքը»։ ՈՒրեմն, Ճշմարտությունից և Նրա խոսքից դուրս, ըստ բանականության, ամեն բան սուտ է կամ, մեղմ ասած, ոչ ճիշտ։ Իսկ սուտն ու անճշտությունը, ինչպես հայտնի է, խավարի գործակալներն են։ Ահա նման անձնավորված գործակալներին է լսում մեր ազգի մեծամասնությունը, որովհետև ճշմարտությունից՝ Հիսուսից են հեռացել նրանք։ Այդ պատճառով էլ մեր Բարի Հովիվը ասում է իրեններին. «Եկե՛ք Ինձ մոտ…», եկեք, որովհետև գայլերը գառան մորթով պտտվում են ամենուր, մոլորվածներին հափշտակելու համար։
Եթե նմանները գոնե մեկ անգամ կարդացած լինեին Ճշմարտության խոսքը՝ Աստվածաշունչը, ապա այս խոսքերը նույնպես կարդացած կլինեին. «Սիրելիներ, ամեն հոգու մի՛ հավատացեք, հապա հոգիները փորձեք, թե արդյո՞ք Աստծուց են» (Ա Հովհ. 4.1)։ Իսկ Եսայի մարգարեն զգուշացնում է. «Երբ ձեզ ասեն, թե վհուկներին ու նշանագետներին հարցրեք, դուք պատասխանեք. «Մի՞թե ժողովուրդը իր Աստծուց չպետք է հարցնի. կենդանիների համար մեռածների՞ց պիտի հարցնի» (Եսայի 8.19)։ ՈՒ հենց նման «մեռածների»՝ բախտագուշակների մոտ են գնում կենդանի Աստծուն մոռացած մոլորյալները, ու դրա վախճանը, անկասկած, չար է լինելու։ Ինչպես գրված է Սուրբ գրքում, երբ Իսրայելի Մանասե թագավորը, կենդանի Աստծուն թողած, կուռքերին պաշտել տվեց իր ժողովրդին. «Մանասեն իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց: Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ նա բարկացրեց Նրան։
Տերը, խոսելով Իր ծառա մարգարեների միջոցով, ասաց. «Քանի որ Մանասեն այս գարշություններն արեց Իմ առջև, առավել չարիք գործեց, այդ պատճառով այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. «Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղէմի ու Հուդայի երկրի վրայ, որ ամէն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան: Երուսաղեմը պիտի ջնջեմ։ Իմ ժողովրդի մնացորդը պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպեսզի նրանք ավար ու հափշտակություն դառնան իրենց բոլոր թշնամիների համար» (Դ Թագավ. 21.1-14):
Այսինքն, ըստ այս խոսքի, գուշակների, կախարդների, բախտագուշակների և այլ գարշությունների համար Աստծո արդար բարկությունն է գործում տվյալ անձի ու այդ ժողովրդի վրա։ Եթե հասկացանք, զգուշանանք, որովհետև այդ Մանասե հզոր թագավորին Տերը գերության ու անարգանքի մատնեց իր թշնամիների ձեռքով, մինչև որ նա հասկացավ իր անօրենությունների հետևանքը ու մեծ զղջումով ապաշխարեց Տիրոջ առաջ։ Մանասե թագավորի զղջման աղոթքը մինչև հիմա մեր առաքելական եկեղեցին օգտագործում է յուրաքանչյուր անձի ապաշխարության համար, որպես կենդանի օրինակ։
Վերջերս տեղական հեռուստահաղորդում դիտեցի, որի ընթացքում գուշակության ոլորտի տարբեր «մասնագետներ» իրենց կարծիքներն էին հայտնում բախտագուշակության, աստղագուշակության և այլ «գիտական» կանխատեսումների մասին։ Թող Աստված ինձ ների, բայց նրանք նման էին մանկապարտեզի չար երեխաների, որոնք իրենց ընտանիքներում սխալ դաստիարակություն էին ստացել ու իրենց չիմացած բաների մասին էին բարբաջում` մոլորեցնելով հազարավոր հեռուստադիտողների։
Տխուր վիճակ էր, բայց դա մեր ազգի վիճակն էր, որի մեջ պակասել է ճշմարտության լույսը։ ՈՒ զավեշտն այն էր, որ այդպես էլ Հայ առաքելական եկեղեցուց ոչ մեկին չհրավիրեցին ստուդիա, որ գոնե նա բացահայտեր այդտեղ տիրող խավարի գործերը։ Այսինքն, կույրերը կույրերին առաջնորդեցին, ու պարզ է, թե ուր կընկնեն բոլորը։
Հիմա մի իրական պատմություն կարդանք հայորդի մոլորյալների մասին, որոնք դեռ հավատում են զանազան հեքիմների ու գուշակների։
«Հինգ տարեկան տղաս մանկապարտեզում ինչ-որ կերակուրից ալերգիա ստացավ, ու ամբողջ մարմինը դուրս տվեց: Տարանք զանազան բժիշկների մոտ, բայց ոչ մի արդյունքի չհասանք, երեխայի մարմինը «մոլաքորից» ու անընդհատ քորելուց արյունոտվելու աստիճանի էր հասել: Այդ օրերին ամեն մեկն իր իմացած դարմանելու միջոցներն էր առաջարկում, բայց ոչ մեկն էլ չօգնեց: Մի անգամ էլ ամուսնուս մի դիվապաշտ խորհրդատու ասել էր, որ եթե երեխային տանես յոթ կնիկ առած ու բաց թողած մեկի տանիքին շորով փաթաթես ու գլոր-գլոր անես, կբժշկվի: (Երբ այս «խորհուրդը» լսեցի, ներքուստ մտածեցի, թե դեռ ի՞նչ սատանայական մոլորության մեջ են գտնվում հայորդիներից շատերը- հեղ.):
Ամուսինս էլ, անհավատ լինելով եկեղեցու և Աստծո հանդեպ, գնաց ու փնտրեց, Երևանի Կոնդի թաղամասում գտավ մի այդպիսի «հերոսի», որ յոթ կնիկ է ունեցել, ու մեր երեխային տարավ նրա տան հողե ու տափակ տանիքին թավալգլոր արեց մի քանի անգամ, բայց, իհարկե, ոչ մի օգուտ չտվեց այդ «բժշկարար» միջոցը, այլ ընդհակառակը՝ սաստկացրեց ցավը: Այդ ժամանակ ես դեռ հիվանդանոցում էի երեխայի հետ, բժիշկների հսկողության տակ։ Մի գիշեր էլ երազիս սպիտակամորուս մի սուրբ երևաց ու ասաց, որ երեխային անպայման հանեմ հիվանդանոցից:
Ես գուցե չհամարձակվեի հիվանդ երեխայիս հանել բժիշկների հսկողությունից, բայց նույն սուրբը նաև մորս այցելեց ու բժշկության միջոցն էլ ասաց: Ըստ այդ խոսքի, մենք պետք է երեխային տանեինք Էջմիածին ու երեք անգամ սուրբ Խաչի տակով անցկացնեինք: Ճիշտ այդ ժամանակ Սփխեչի, այսինքն` Սուրբ խաչի տոնն էր, որ միշտ սեպտեմբերին է լինում: Երբ ուզում էինք մեքենա նստել ու գնալ, հանկարծ երեխան կանգնած տեղում ճչաց ու ոտքը ոլորված ընկավ: Մինչ մենք ինչ-որ բանով կապում էինք ոտքը, ամուսինս ասաց, որ չարժի այդպես գնալ, բայց մայրս ասաց, որ դա անօրենի սարքած բանն է, որ երեխային Էջմիածին չտանենք. ուրեմն Տերն ուզում է, որ երեխան հաստատ բժշկվի: ՈՒ երեխային գրկած գնացինք։ Առավոտ շուտ էր, ժամերգությունից հետո եկեղեցականները թափորով, շարականներ երգելով սուրբ Խաչը հանեցին Մայր տաճարից ու երեք անգամ պտտեցնում էին Մայր տաճարի շուրջը: Այդ օրն այնքան ժողովուրդ կար, որ մենք չէինք կարողանում մոտենալ Խաչին, բայց քանի որ տղաս ճարպիկ էր, մենք ասացինք` դու մի կերպ խցկվիր արանքներով ու գնա Խաչի տակ մտիր: Նա էլ մարդկանց ոտքերի տակով մի կերպ մոտեցավ Տիրոջ սուրբ Խաչին ու կարողացավ երեք անգամ անցնել տակով: ՈՒ երբ նորից մեզ մոտ վերադարձավ, բոլորս նկատեցինք, որ երեխան այլևս չի կաղում, իսկ մի քանի օր անց ամբողջ մարմինը ցանից մաքրվեց, ու լրիվ անցավ հիվանդությունը:
Ահա այսպես, Տերը մեզ փրկեց Իր սուրբ Խաչով»:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ