Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Միակ կատարյալը Հիսուսն էր, նրան էլ չներեցին»

«Միակ կատարյալը Հիսուսն էր, նրան էլ չներեցին»
02.11.2012 | 12:32

Ամառվա օր էր: Լուսահոգի մայրս նստել էր բակի թթենու տակ և մայրամուտի շողերին էր նայում: Երանի այսօր լիներ: Հիմա երանի եմ տալիս, իսկ այն ժամանակ տագնապ կար մեջս, ես գայթակղության մեջ էի ընկել ու գնում էի որոնելու մորս մոլորության ու թախծի պատճառը:
Տարիներ անց մայրս արդեն չկար, երբ հասկացա, որ պատճառը, հավանաբար, մեզ այցելած հարուստ բարեկամուհու կողմից իր ամուսնու անընդհատ գովքն է եղել ու իր շվայտ կյանքի նկարագիրը: Հիմա լավ եմ հասկանում` ամուսնուն կորցրած մորս մոտ այդ կինն անընդհատ իր պահեստապետ ամուսնու գովքն էր անում ու հրճվանքով իր հարստության վայելքը փառաբանում: Հոգու մեղք է, կարծում եմ, ու խղճի կուրություն: Մարդ ենք, չէ՞, վերջապես, հոգի ունենք տալու:
Ասում են` պատերազմի ժամանակ հին հունական բանակի հետ անթացուպով մի զինվոր էր պատրաստվում ռազմաճակատ մեկնելու: Նա ոգևորված պատրաստվում էր, բայց արտառոց վիճակի բացահայտման մղման տակ, այնուամենայնիվ, հարցրին` «Բա որ հանկարծ հունական բանակը պարտվի ու հարկ լինի փախչելու, դու ի՞նչ ես անելու»: Նա համեստ պատասխանում է. «Ես չեմ գնում փախչելու, ես գնում եմ կռվելու և հաղթելու, իսկ եթե պարտվենք, կլինեմ զոհվածներից մեկը»: Այս զինվորը մեկնելուց առաջ իր մեջ անլիարժեքության բարդույթն էր սպառել, նախ և առաջ` ինքն իրեն հաղթել: Դա ամենամեծ հաղթանակն է: Գրեցի այս տողերը և հիշեցի խորհրդային տարիների օդաչու Մերեսևի մասին պատմող ֆիլմը, Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող աշխարհահռչակ Գարինչային: Մի ոտքից կաղ Գարինչան, ասես, ի հեճուկս բոլոր լիարժեքների, հանճարեղ էր հենց ոտքի սպորտում` ֆուտբոլում: Նա հմուտ աճպարարի կախարդանքով, իր կաղ ոտքի շուրջ հակառակորդի մի ողջ թիմ էր պտտեցնում, մոլորեցնում: Հանդիսատեսը մոռանում էր, որ նա կաղ է:
Հանճարեղ Բեթհովենը խուլ էր: Երաժշտական ելևէջների կախարդ Լյուդվիգ վան Բեթհովենը ի ծնե խուլ չէր, շատ անսպասելի ու անակնկալ էր խլացել և ձայն ու մեղեդի իր մեջ բնավորել: Նա խուլ էր, երբ գրեց «Հերոսական սիմֆոնիա»-ն, իսկ մեր ականջը լսում է նաև շատ անհեթեթություններ և ժամանակի «օրենքով» ստիպում բարձրաձայնել, թե որ խորտկարանում ով ում հետ է ճաշել, ով ում քրոջը, քենակալին կամ կնոջն է համբուրել, որ բժիշկն ու դասախոսը որքան փող են վերցրել…
ՈՒզում էի շարունակել, բայց զգացի, որ գրիչ վերցնելու առիթը դուրս եմ թողնում, իսկ շարադրանքն իմ մտքում արդեն խոհերի գալար է դարձել:
Մորս հետ կապված դեպքը հիշելը չէր գրիչ վերցնելու առիթը, հոգիս ծանրացել էր մայրաքաղաքի երթուղային միկրոավտոբուսում լսածից:
«Ձեռք էլ չունես, տաքսիով ման արի», - նետեց ուղևորներից մեկը 20-25 տարեկան մի աղջկա, ով իրոք զրկված էր ձախ ձեռքից: Եվ դա ընդամենն այն պատճառով, որ նա մյուս ձեռքին մի փոքրիկ պայուսակ ուներ և մեքենայի շարժվելու պահին չէր հասցրել տեղավորվել և մի փոքր հենվեց առաջին նստարանին նստած կնոջը: Այդ պահին ես միանգամից երջանկահիշատակ հորեղբորս հիշեցի: Մանկուց վառվել էր երեսը, կորցրել մեկ աչքը: Եվ այդ վիճակի պատճառով անգամ դպրոց չէր գնացել, խուսափում էր մարդաշատ վայրերից: Ինչպես ասում են` իրենը իրեն հասածն էր, մնում էր, թե մեկն էլ բարձրաձայներ այդ մասին։
Ինչևէ:
Կյանքն է այսպիսին: Հանճարն իր խելքի ձեռքն է կրակն ընկնում, տհասը` իր տհասության, ջահելն իր ջահելությամբ է աքլորանում, մեղուն նեկտար է բերում, օձը թույն է ներարկում: Մենք երբեմն մոռանում ենք, որ արատ ունեցողների, հանգամանքի բերումով ծնկի եկածների մեջ մի գերլարված զգացում և հրեղեն ոգի կա, որ չի կարելի սանձել, չի կարելի ծաղրել, նսեմացնել, չի կարելի անգամ հիշեցնել: Մեղք է դա, մահացու մեղք: Ինչո՞ւ չենք հաճախ հասկանում, որ թոքաբորբով հիվանդի ներկայությամբ պաղպաղակի մասին չպիտի խոսել: Զինվորի ներկայությամբ, հատկապես նրա, ով կորուստ ունի, կռիվ և պատերազմ չպիտի հիշել:
Սա հաստատ մեղք է: Մարդ ենք, չէ՞: Հոգի ունենք տալու:
Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ, որ մարդը մի քիչ էլ Աստծո աչքերով նայի աշխարհի մարդկանց: Բայց բարձր բարոյականությունը մենք մեր դիմացինից ենք պահանջում, իսկ երբ հերթը մեզ է հասնում, բնազդով փորձում ենք արդարանալ: Եվ հենց այստեղ է «Սիրիր մերձավորիդ»-ը դառնում «ծաղրիր մերձավորիդ»: Բարոյականն այդժամ շրջվում է գլխիվայր:
Վերջակետ դրեցի ու ինձ թվաց, թե լսեցի թևը կորցրած աղջկա և այլ ընթերցողների հեգնական ձայնը. «Էս ի՞նչ ես ասում, ինչի՞ մասին ես խոսում։ Միակ կատարյալը Հիսուսն էր, նրան էլ չներեցին։ Հենց կատարյալ լինելու համար խաչեցին»:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ