Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ժամանակն է հետ դառնալու մեր անհավատությունից

Ժամանակն է հետ դառնալու մեր անհավատությունից
24.02.2022 | 10:45

«Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես» (Ծննդ. 3;8-90:


Մեղքի համը ճաշակած և աստվածային շնորհներից զրկված մարդը հայտնվեց մեղքի ստվերի` մահվան ճիրաններում: Այդ իսկ օրվանից սկսեց թաքնվել Աստծո ամենատես աչքից, որպեսզի Նա չտեսնի իր մերկությունը: Սակայն Աստված, շատ սիրելով Իր պատկերով ու նմանությամբ ստեղծած մարդուն, հանապազ կանչում է մեզ` բախելով մեր քարացած սրտի դուռը. «Ադամ, ու՞ր ես»:
Աստված կանչում է մեզ, Նա մեր մեղավոր սրտում Իր արտակարգ և լիազոր դեսպանի` խղճի միջոցով փորձում է մեզ հետ քաշել մեղքի հորձանուտից, մահվան տիրապետությունից դեպի տապանը փրկության:


Աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Նրանց Աստվածը իրենց որովայնն է, փառքը` իրենց ամոթը» (Փիլիպ. (3 ; 19): Ահա մենք ապրում ենք փորապաշտության և փողապաշտության այսպիսի մի շրջան, երբ փորի և փողի թագավորությունը մարդու գլխից խլում է բանականության պսակը, երբ մարդը անտեսում է Աստծո կանչը և բթացած ընկղմվում ցանկասիրության գիրկը: Մինչև կոկորդը մեղքի մեջ խրված մարդկությանը Հիսուս երկու հրաման է արձակում` ապաշխարել և հավատալ Ավետարանին: Բայց Ավետարանի պատվիրանները, Եկեղեցու աստվածատես սուրբ հայրերի պահանջները պարզապես կարդում ենք գրքերում, լսում եկեղեցում, սակայն կյանքում անտեսելով, մեղքերի ու դժբախտությունների մեջ ընկած` երջանկություն ենք փնտրում առանց Աստծո: Հիսուս ասում է. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլո՛ր հոգնածներդ եւ բեռնավորվածներդ, եւ Ես ձեզ հանգիստ կտամ» (Մատթ. 11; 28):

Կարծում եմ` ժամանակն է հետ դառնալու մեր անհավատությունից` ինչպես մահաբեր թույնից, և ինքնաքննությամբ, ապաշխարությամբ ու խոստովանությամբ մերձենալու մեր Փրկիչ Աստծուն` իր իսկ օրհնությունն ու խաղաղությունը ժառանգելու համար: Քրիստոս Իր գալստյամբ վերափոխեց աշխարhը, մոլորության մեջ տառապող մարդուն նոր կյանք պարգևեց Իր իսկ կողմից հիմնած Նոր Երուսաղեմի` Եկեղեցու միջոցով, որը այսօր մեր բոլորիս փրկության տապանն է: Գրեթե բոլորս զգացել ենք Նրա պահպանող աջի զորությունը, նամանավանդ փորձանքների ժամանակ, երբ փրկել է մեզ մահից կամ փորձանքից և, այսպես կոչված, երկրորդ կյանք պարգևել: Սա ազդակ է մեզ համար` սթափվելու և հայացք դարձնելու դեպի քրիստոսահաստատ ու առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, որի գլուխը Ինքը` Քրիստոս է:
Աստծո կողմից մեր նախածնողների` դրախտից դեպի փուշ ու տատասկ աճեցնող երկիր արտաքսման պատճառը պատվիրանազանցությունն էր:


Մարդը այլևս դատապարտված էր ճակատի քրտինքով վաստակելու իր հանապազօրյա հացը: Եվ դրախտային կյանքը մնաց մարդու հոգու մի գողտրիկ անկյունում` որպես բարու, գեղեցիկի և կատարյալի մասին հուշ: Ժամանակն է, որպեսզի ևս մեկ անգամ խորհենք մեր նախածնողների գործած հանցանքի շուրջ, որպեսզի կարողանանք հասկանալ կատարվածի և դրա հետևանքի լրջությունը, որպեսզի կարողանանք գնահատել Հիսուս Քրիստոսով մեզ տրված փրկությունը: Հավանաբար շատ մարդիկ մտածում են` եթե հավիտենական կյանքի հնարավորություն ունենան, հաստատ չեն հրաժարվի դրանից: Այդպես ուրեմն. Աստված մեզ տվել է այդ հնարավորությունը` ի դեմ Հիսուս Քրիստոսի: Աստված կանչում է մեզ, Աստված խոսում է մեզ հետ, իսկ Նրա խոսքը Հիսուս Քրիստոս է, դա նշանակում է, որ քանի դեռ Աստված խոսում է մեզ հետ Քրիստոսով, սթափվենք մեղքի թմբիրից, որպեսզի մեղքի ծառա չլինենք, ինչպես Հիսուս ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ. 8; 34): Այժմ մենք հնարավորություն ունենք մերկանալու հին Ադամից եւ հագնելու նոր Ադամին` Հիսուս Քրիստոսին, որպեսզի կարողանանք ցանկանալ և ընտրել բարին, արարել գեղեցիկը և կատարյալ կյանք ունենալ:
Սիրելի՛ ընթերցող, պարտ է, որ մեր առաջիկա կյանքը ապրենք պահքով, աղոթքով ու ողորմությամբ և սրտի թրթիռով սպասումը ունենանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ գալստյան և արդար դատաստանի:


Մաղթում ենք, որ Աստծո կողմից բոլորիս շնորհած այս ժամանակավոր կյանքը ամենքիս համար լինի ուխտի նորոգության, աղոթքներով ու ողորմությամբ լեցուն հոգեշահ շրջան: Տիրոջ օրհնությունը, խաղաղությունը թող ուղեկից լինի ձեր կյանքի ընթացքում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 13500

Մեկնաբանություններ