Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Ժամանակ գտեք՝ մտածեք

Ժամանակ գտեք՝ մտածեք
27.10.2026 | 13:37

Երբ հասկանում ես, որ ժամանակը քո օգտին չի աշխատում, արժի՞ արդյոք ժամանակ ձգել: Սա փիլիսոփայական հարց է, որը կարող է տարբեր մեկնաբանություններ և մոտեցումներ ունենալ: Կա նաև այսպիսի հասկացություն՝ ժամանակ շահել: Ո՞վ է սովորաբար ժամանակ շահում: Նա, ով կարողանում է այդ ժամանակը ծառայեցնել իր շահերին և իր ցանկալի արդյունքին հասնել:

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ մտածում եմ, որ մենք ժամանակ շահող չենք, մենք ժամանակ ձգող ենք, կամ եթե կուզեք, ժամանակ գլորող: Կա նաև տարբերակ՝ ժամանակ սպանող: Չմտածեք, որ ժամանակից առաջ եմ ընկնում, ուղղակի կարծում եմ, որ ժամանակը հիմա մեր օգտին չի աշխատում:

Այս ամենը կարող եք համարել բառախաղ, կարող եք իմաստ գտնել այդ բառախաղի մեջ, կարող եք ժամանակի վատնում համարել: Գուցե ոմանք սկսեն մտածել, թե ի վերջո ի՞նչ պետք է անել, որ ժամանակը սկսի ի օգուտ մեզ աշխատել, կամ արդեն վաղուց գիտեն, ուղղակի չի ստացվում:

Կապ չունի՝ ո՛ր ժամային գոտում եք գտնվում, ժամանակ գտեք, մտածեք: Մինչ դուք մտածում եք, ժամացույցիս էլեմենտը նստել է, գնամ առնեմ, փոխեմ, որ ժամանակի զգացողությունը չկորցնեմ:

Ժամացույցը՝ հեչ, վաղ, թե ուշ, մի օր յուրաքանչյուրիս համար էլ ժամանակը կանգնելու է, թե մինչև այդ որ մեկս ինչպե՞ս կտնօրինենք մեր ժամանակը՝ ժամանակը ցույց կտա:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4858

Մեկնաբանություններ