ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Բարոյականության աճուրդ-տոնավաճառ

Բարոյականության աճուրդ-տոնավաճառ
09.03.2026 | 18:38

Ընտանեկան դրամա՞, թե՞ քաղաքական «ալիբի»

Վեց-յոթ օր է անցել այն պահից, երբ լրահոսը որպես անանուխահամ ծամոն մատուցեց հերթական գարշահոտ նեխուկը։

Պարզվում է՝

«Մեր առաջնորդի Աննա Հակոբյանից բաժանվելը անձնական դրամա չի, այլ գիտակցված պետական քայլ, որը թելադրված է բարձրագույն ազգային շահերով։ Երբ նրա շուրջ սկսեցին բամբասանքներ տարածվել, երբ համապատասխան մարմինները սկսեցին լրջորեն հետաքննել նրա «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը և սկանդալային «Կրթությունը նորաձև է» ծրագիրը, մեր ղեկավարը կտրեց կառավարությանը վարկաբեկելու ցանկացած հնարավոր ուղի։

Առաջնորդի պարտականությունն է պետությունը ընտանիքից վեր դասել։ Եթե կա նույնիսկ չնչին ռիսկ, որ իր կնոջ գործունեությունը, նախագծերը կամ կապերը կարող են օգտագործվել խաղաղության, բաց սահմանների և հարևանների հետ համագործակցության ուղու դեմ, այդ ռիսկը պետք է վերացվի։

Հակոբյանն ինքը հասկանում է, որ կարող է մեղադրյալ դառնալ քրեական գործով։

Հատկապես խոսուն է, որ սա տեղի է ունենում հիմա։ Մեր առաջնորդը մաքրում է իր կերպարը ամեն ինչից, ինչով կարող են շահել խաղաղության հակառակորդները։ Նա պաշտոնի է անցնում առանց կասկածելի ընտանեկան նախագծերի բեռի, առանց կոռուպցիոն սկանդալների ռիսկի, առանց հիմնադրամների հետ կապերի, որոնք կարող են շեղել մարդկանց իր օրակարգից»։

Մի քանի հազար դիտում ու մեկնաբանություններ վաստակած այս «լվացք-սպիտակեցումն» իսկապես «դասագրքային», ավելի ճիշտ՝ քրեստոմատիական անգերազանց նմուշ է, թե ինչպես կարելի է քաղաքական պրագմատիզմը կամ սովորական ճգնաժամային կառավարումը փաթեթավորել որպես «բարձրագույն անձնազոհություն»։

Առանց չափազանցության, գրեթե մեկ շաբաթ է՝ փորձում եմ սահմանել տվյալ «արդարացման» ժանրը։

Իզու՜ր։

Չի ստացվում, քանի որ գործ ունենք մի քանի հարթությունների այնպիսի սինթեզի հետ, որտեղ իրականությունը բացակայում է, իսկ տեխնոլոգիան՝ իշխում։

Չեմ կասկածում, եթե քաղաքական PR-ի համար «Օսկար» սահմանեին, ապա այս տեքստի հեղինակները կհավակնեին մրցանակի՝ «Լավագույն ֆանտասմագորիկ սյուրռեալիստական սցենար» անվանակարգում։

Ինչու՞։

Որովհետև գործ ունենք ոչ թե քաղաքական վերլուծության կամ պարզապես հորինվածքի, այլ տեսիլքային բեմադրության հետ, որտեղ տրամաբանությունը տեղի է տալիս զառանցանքին։

Հանրությանն այնպիսի «գլուխգործոց» են հրամցրել, որի տողերում կենցաղային փակուղին փորձ է արվում վերածել գրեթե աստվածաշնչյան դրամայի։

Իրենց «առաջնորդին» ներկայացնում են որպես միստիկ էակ, որը սնվում է ոչ թե ամանորյա սեղանից մնացած կրճոններից պատրաստված ձվածեղով կամ խոզի խորովածով, այլ «բարձրագույն ազգային շահերով»։

Նրա համար կինը, տունը, ընդհանրապես ընտանիքը, պարզվում է՝ ավելորդ բեռ են «խաղաղության տաճար» տանող ճանապարհին։

Հիշյալ շարադրանքը «քերթողները» նվաճում են սյուրռեալիզմի պիկը, երբ լալահառաչ փորձում են համոզել, թե «առաջնորդի» անձնական նախաճաշի սեղանի շուրջ է որոշվում տարածաշրջանի ճակատագիրը։

Ըստ էության, ներկայացված է մի «աշխարհ», որտեղ կոռուպցիոն ռիսկերը լվացվում են «խաղաղության» արցունքներով, իսկ քրեական հեռանկարից փախուստը ներկայացվում է որպես պետականակենտրոնության բարձրագույն դրսևորում։

Զուր ջանքեր։ Տողատակերից ծիկրակում է «դեֆեկտավորված պետականակենտրոնություն» բնորոշումը։

Փորձը՝ ներկայացնել այս ամենը որպես «պետությունը ընտանիքից վեր դասելու» օրինակ, հիշեցնում է վատ բեմադրված ֆարս։

Իրականում ասվում է. «Ես պատրաստ եմ զոհաբերելու անգամ ամենամոտ մարդուն, միայն թե իմ աթոռն ու կերպարը մնան անձեռնմխելի»։

Սա արդեն պետական շահ չէ, այլ քաղաքական էգոիզմի բարձրագույն դրսևորում, որտեղ պետությունը ոչ թե նպատակ է, այլ «վալիդոլ», որով փորձում են հանդարտեցնել հանրության զայրույթը։

Այս շերտը, թերևս, կոչենք քաղաքական միստիցիզմ կամ՝ սուրբ «վարչաբենդի» հայտնությունը։

Սա այն ժանրն է, որտեղ «առաջնորդը» վեր է դասվում մարդկային բոլոր օրենքներից։ Նրա յուրաքանչյուր քայլը, նույնիսկ ամենակենցաղային կամ քրեաիրավական սկանդալը, ներկայացվում է որպես «վերին հրամայական» կամ «ինքնազոհաբերում»։

Սա բնորոշ է տոտալիտար աղանդներին, որտեղ առաջնորդի «բաժանումը» կնոջից մատուցվում է որպես ծիսական մաքրագործում՝ հանուն ընդհանուրի փրկության։

Քանի որ տեքստը բազմաշերտ է, անդրադառնանք երկրորդ՝ գաղտնի ծալքին, որն, անշուշտ, քաղաքական սկետչ կամ աբսուրդի թատրոն է։

«Դերասանները», որ գործի են դրել «իմիջային լվացքատունը», որքան էլ լուրջ դեմքով փորձում են խաղալ «ողբերգություն», միևնույն է, ստացվում է ֆարս։

Այլ կերպ չի էլ կարող լինել։

Անլուրջ է, երբ բոլոր կոռուպցիոն ռիսկերը, «Իմ քայլը» հիմնադրամի մութ անկյունները, «Կրթվելը նորաձև է» և սկանդալային մյուս ծրագրերը հայտարարվում են որպես «նախկին կյանքի մնացուկներ»։

Հեղինակները բացահայտ աճպարարությամբ հուշում են. «Առաջնորդը մաքուր է, որովհետև նա այլևս այդ կնոջ հետ չէ»։ Սա իրավական նիհիլիզմի գագաթնակետն է. ըստ տեքստի՝ պատասխանատվությունը ոչ թե քրեական օրենսգրքով է որոշվում, այլ «այր ու կին մի մարմին» լինել-չլինելով։

Սա նույնն է, թե տան փչացած ծորակը փոխելը ներկայացվի որպես համաշխարհային ջրային պաշարների փրկության ռազմավարական քայլ։

Հարց տեքստի հեղինակներին՝

պարոնայք, այնուամենայնիվ, «նորաձև կրթությու՞ն» թե՞ հանցանքի նորաձև փաթեթավորում։

«Կրթվելը նորաձև է» ծրագրի շուրջ հյուսված լեգենդի տրամաբանությամբ՝ երբ կրթությունը դառնում է «սկանդալային», իսկ հիմնադրամը՝ քննչական մարմինների թիրախ, «առաջնորդի» համար լավագույն լուծումը ոչ թե հաշվետվողականությունն է, այլ... ամուսնալուծությունը։

Կեցցե՜ք։

Աներկբայորեն, սա «նոր խոսք» է իրավագիտության մեջ. եթե քո հովանու ներքո գործող նախագիծը կասկածվում է կոռուպցիայի մեջ, դու պարզապես «կտրում ես կապերը» և հայտարարում, որ դա արվել է հանուն խաղաղության։ Ստացվում է՝ կրթությունը «նորաձև» էր այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում էր որպես PR գործիք, բայց հենց դարձավ քրեական բեռ, այն հապշտապ «դուրս գրվեց» պետական շահի անվան տակ։

Գերազանց է ստացվել քրեական «ալիբիի» մանիֆեստը։

Սա այն շերտն է, որտեղ հեղինակները դրսևորվում են որպես «փաստաբան-աճպարարներ»։

Քանի որ օդում կախված են կոռուպցիոն բացահայտումները, տեքստն «առաջնորդին» փորձում է հանել վտանգավոր «խաղից»՝ նրան ներկայացնելով որպես «արդարադատության առաջամարտիկ», ով նույնիսկ սեփական ընտանիքն է զոհում հանուն օրենքի։ Իրականում սա իրավական պատասխանատվությունից փախչելու փորձ է։

Ժանրը կոչենք «կանխարգելիչ մեղայական» ու կրկին զարմանանք, թե ինչպիսի՜ հրեշավոր կերպար է նստած երկրի վարչապետի աթոռին։ Իրեն արական սեռին վերագրող սույն օբյեկտը ոչ թե կանգնում է օրենքի ու արդարության կողքին, այլ քրեական գործը վերածելով «PR-ակցիայի», փորձում է դիստանցավորվել՝ ստեղծելով տեսողական պատնեշ։ Սա ոչ թե պետական շահ է, այլ սեփական կաշին փրկելու պրիմիտիվ բնազդ։ Այստեղ պետականությունն այլևս արժեք չէ, այլ թաքստոց՝ քրեական հետապնդումից խուսափելու համար։

Ժանրային առումով սա նաև քաղաքական PR-ի կեղտոտ տեխնոլոգիա է։

Նպատակը մեկն է՝ «լվանալ» վարչապետի աթոռին նստածի վարկանիշը ուրվագծվող սկանդալներից և այն մատուցել որպես «թարմ, մաքուր և անբեռ»։ Բոլոր մեղքերը բարդվում են հեռացող կնոջ վրա, իսկ «առաջնորդը» մնում է սպիտակ ձեռնոցներով՝ պատրաստ նոր «սուրբ» առաքելությունների։

Չմոռանանք անդրադառնալ նաև տեքստի վերջին՝ հոգեբանական շերտին, որը ես կանվանեմ՝ էմոցիոնալ տեռոր։

Փորձ է արվում ընթերցողին մխրճել մեղավորության զգացումի մեջ.

«Եթե դու չես հասկանում այս քայլի վեհությունը, ուրեմն դու խաղաղության թշնամի ես և պետականակենտրոն չես»։ Սա բարոյական շանտաժի ժանր է։

Ճշմարտությունը, սակայն, մեկն է ու անբեկանելի՝ եթե կա կոռուպցիա, եթե կա մեղադրյալ դառնալու ռիսկ, ապա ոչ մի բաժանում կամ «խաղաղության խաչմերուկ» չեն կարող լվանալ այն պատասխանատվությունը, որը կրում է երկրի ղեկավարը իր տան մեջ տեղի ունեցողի համար։

ՈՒ նաև՝ ցանկացած կեղտոտ գործարք, ցանկացած բարոյական սայթաքում հնարավոր չէ սրբագրել «խաղաղության» անվան տակ։ Սա դեմագոգիայի ամենաստորին մակարդակն է։ Խաղաղությունը չի կարող կառուցվել ստի, կոռուպցիոն սկանդալների և ընտանեկան «առևտրի» վրա։

Քծնանքի դեզինֆորմացիոն այս տրագիկոմեդիան

վերջնականապես պատռում է դիմակները։

Սա այն ռեժիմի հոգեվարքն է, որի համար սրբություն չի մնացել՝ ո՛չ հայրենիք, ո՛չ հավատ, իսկ հիմա արդեն՝ ո՛չ էլ ընտանիք։

Ողբերգազավեշտային այս «ծամոնը» մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը նախապատրաստել այն մտքին, որ եթե վաղը Աննա Հակոբյանը հայտնվի մեղադրյալի աթոռին, առաջնորդը կապ չունի։

Նա արդեն «մաքրվել է»։

Բայց քաղաքական պատասխանատվությունը սահմաններ չի ճանաչում, և ոչ մի «նորաձև» բաժանում չի կարող ջնջել փաստը՝ այդ ամենը տեղի է ունեցել մեկ տանիքի տակ և մեկ քաղաքական հովանու ներքո։

Իսկ երբ քաղաքական գործիչը վաճառքի է հանում իր անձնական կյանքը որպես «պետական ձեռքբերում», դա նշանակում է, որ վաճառելու ուրիշ ոչինչ այլևս չի մնացել։

Աճուրդն ավարտված է, բարոյականության վերջին փշուրները՝ վաճառված։

Մնում է միայն սառը հատուցումը, որի առջև ներկա վարչակույտը կանգնելու է առանց դիմակների և առանց ստի նորաձև փաթեթավորման։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ