Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Թաներ Աքչամ. Թուրք լինելուս երեք փուլերը

Թաներ Աքչամ. Թուրք լինելուս երեք փուլերը
09.04.2026 | 14:03

Ներկայացնում ենք պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամի՝ The Armenian Mirror Spectacor պարբերականում հրապարակված My Three States of Being Turkish հոդվածի հայերեն թարգմանությունը:

Թաներ Աքչամ

Ես 73 տարեկան եմ։ Կյանքիս ընթացքում ապրել եմ թուրք լինելու երեք տարբեր «փուլեր»՝ թուրքականության երեք տարբեր փորձառություններ։ Հետագա շարադրանքս որոշ չափով անձնական է լինելու, բայց դա անխուսափելի է։ Իրականում կարծում եմ, որ այս տարբեր փուլերի ներկայացումը կօգնի պարզաբանել ասելիքս առաջադեմ թուրքերի եւ թուրքականության մասին։

Թուրքականության իմ առաջին փորձն ունեցել եմ Թուրքիայում անցկացրած տարիներին։ Այս փուլը ես կնկարագրեի որպես անտեղյակություն սեփական թուրքականության մասին։ Թուրքականությունը պարզապես կար՝ օդի պես։ Այն անվանելու, բացատրելու կամ պաշտպանելու կարիք չկար։ Այն ո՛չ հարց էր, ո՛չ էլ բեռ։ Հենց այդ պատճառով էլ մնում էր անտեսանելի։

Երկրորդ փորձառությունս ձեւավորվեց Գերմանիայում։ Այնտեղ իմ թուրքականությունը այլեւս անտեսանելի չէր՝ այն մշտապես տեսանելի էին դարձնում։ Եթե Թուրքիայում ապրել էի առանց այն նկատելու, ապա Գերմանիայում ինձ զրկեցին այն մոռանալու շքեղությունից։ Ինձ հիշեցնում էին դրա մասին՝ համառորեն, երբեմն կոպտորեն։ Թուրքականությունը դարձավ ինձ համար արտաքին մի բան, որը վերապահված էր, համարյա պարտադրված. ոչ թե ինքնություն, որն իմն էր, այլ ինքնություն, որը ստիպված էի կրել։

Իմ երրորդ փորձը Միացյալ Նահանգներում էր։ Ես սա կբնութագրեի որպես իմ թուրքականության նորմալացում կամ, ավելի ճշգրիտ, հայերից սովորած թուրքականություն։ Այն դարձավ մի բան, որը զուրկ է հատուկ իմաստից՝ ո՛չ պարտադրված է, ո՛չ էլ ժխտված, այլ պարզապես կա։ Թուրք լինելու ավելի լուռ, ավելի խոհուն եւ, վերջին հաշվով, ավելի անկեղծ ձեւ։

Առաջին փուլ. չգիտակցել սեփական թուրքականությունը

Թուրք լինելու այս անգիտակից վիճակը ես կնկարագրեի հետեւյալ տողով. «Ծովում ապրող ձկները ծովը չեն ճանաչում»։ Դա թուրք լինելու իմաստը չնկատելու կամ գուցե նույնիսկ չգիտակցելու փուլ էր։ Բայց ինչո՞ւ։

Մտքիս են գալիս երկու ծանոթ բացատրություններ, որոնք բոլորը գրեթե անգիր գիտեն։

Առաջինը՝ մենք առաջադիմականներ էինք։ Իսկ առաջադեմ միտքը ունիվերսալիստական էր։ Մենք մեզ համարում էինք ինտերնացիոնալիստներ, որոնք վեր են կրոնական, ազգային եւ դասակարգային տարբերություններից։ Առաջադիմականներն իրենց չէին սահմանում էթնիկ ծագումով։ Այդ պատճառով ես երբեք «թուրք» չեմ եղել։

Երկրորդ պատճառը քրդերն էին։ (Ես միտումնավոր չեմ թվարկում հայերին, հույներին, ասորիներին կամ հրեաներին, քանի որ նրանք արդեն «բացակա» էին, արդեն «այլոց» կարգավիճակում էին)։

Որպես առաջադեմ մարդիկ՝ մենք գիտեինք, որ Թուրքիայում գերիշխող համակարգը զրկում էր քրդերին իրենց ամենահիմնական իրավունքներից։ Ճնշողները «թուրքական» իշխող դասի անդամներ էին, որոնք իշխանություն էին իրականացնում թուրքականության անվան տակ։ Այդ պատճառով «թուրքականության» հետ նույնանալու (կամ դրա հետ կապ ունենալու) փոխարեն մենք նախընտրում էին օգտագործել «Թուրքիա» տերմինը։

Սրանք գուցե հարգված, նույնիսկ անմեղ դիրքորոշումներ են թվում։ Սակայն յուրաքանչյուր պատմություն մեկ այլ շերտ է թաքցնում։

Մենք ապրում էինք կրոնի, էթնիկ պատկանելիության եւ մշակույթի ստորակարգեր ունեցող հասարակությունում՝ ապարտհեյդի նման կարգ, որի գագաթին մահմեդական սուննի թուրքն էր։ Այս հիերարխիայի հիմքերը դրվել էին լայնամասշտաբ կոտորածներով, տեղահանություններով եւ համակարգված բռնաճնշումներով նրանց նկատմամբ, ովքեր այլ էին։ Այս ամենի հիմնական շահառուները թուրքերն էին։ Անկախ նրանից՝ գիտակցում էիք դա, թե ոչ, եթե պատկանում էիք «թուրք» կատեգորիային, ապա արտոնյալ էիք։ Ինքնըստինքյան օգտվում էիք համակարգից, որը մյուսներին պահում էր ենթակա դիրքում։

Բայց այն պահից, երբ հստակորեն չէիք նշում այս առավելությունը, երբ թաքցնում էիք թուրքականությունը ունիվերսալիստական կատեգորիաների հետեւում, անվստահության հիմք էիք դնում։ Մյուսները պատճառ ունեին կասկածելու։ Ահա թե ինչու քրդերը, օրինակ, հազվադեպ էին հավատում մեր ունիվերսալիստական հռետորաբանությանը։ Նրանք հեշտությամբ տեսնում էին թուրքականությունը դրա հետեւում։

Եվ այս օրինաչափությունը նոր չէր։ Պատմականորեն այն ոչնչով չէր տարբերվում անցյալից։ Մինչեւ 1913 թվականը երիտթուրքերը (ավելի ճիշտ՝ Միություն եւ առաջադիմություն կոմիտեն) չէին կարող բացահայտ ասել` «մենք թուրքեր ենք»։ Նրանք ապաստան գտան օսմանիզմի հայեցակարգում՝ ներկայանալով որպես կոսմոպոլիտ եւ գերէթնիկ։ Սակայն նրանց գործունեությունը, ըստ իս, թուրք ազգայնականության ձեւ էր։ Ո՛չ հայերը, ո՛չ էլ հույները չէին հավատում այս կոսմոպոլիտիզմին. նրանք հեշտությամբ տեսնում էին, թե ինչ է թաքնված դրա տակ։

Երկրորդ փուլ. Գերմանիայում փոքրամասնություն լինել

Ես խոսում եմ յուրատեսակ «թուրքականության վիճակի» մասին, որը զգացել է որպես փախստական Գերմանիա ժամանած յուրաքանչյուր առաջադեմ մարդ։ Մեզ հարկադրաբար հիշեցնում էին, որ մենք «թուրքեր» ենք. ոչ միայն գերմանական իրավական համակարգը, այլեւ գերմանական հասարակությունը։ Անկախ նրանից՝ մեզ այդպիսին համարում էինք, թե ոչ, մեզ վերաբերվում էին որպես թուրքերի, եւ այդ պատճառով մեզ մեկուսացնում եւ արհամարհում էին։

Երեւի 1978-79 թվականներին Մյունխենում էր։ Ես հասկացա, որ թուրք եմ այն պահին, երբ նկատեցի, որ ավտոբուսում ոչ ոք կողքս չէր նստում՝ մուգ մազերիս պատճառով։

1981 թվականին ես իմ (այժմ հանգուցյալ) հորը տարա Համբուրգի մի պանդոկ (Kneipe)՝ ծանոթացնելու գերմանական մշակույթին։ Բայց հենց որ նստեցինք, մեզ դուրս շպրտեցին՝ թուրք լինելու համար։ Հարեւան սեղանին նստած էին մեր ասոցիացիայի՝ «Հակաֆաշիզմի կոմիտեի» գերմանացի ընկերները։ Մեզ հրելով դուրս էին հանում՝ համարյա դուրս շպրտում՝ հենց նրանց աչքերի առաջ, բայց նրանք պարզապես շարունակեցին խմել իրենց գարեջուրը։

Մոտավորապես նույն ժամանակ ես բնակարան էի փնտրում։ Զանգահարում էի թերթերի հայտարարություններով, բայց ամեն անգամ, երբ ճանաչում էին իմ առոգանությունը, ասում էին, որ տունն արդեն վարձակալված է, եւ լսափողն անմիջապես կախում։ Գերմանացի ընկերս, որի մոտ մնում էի, նորից սկսեց դասախոսություն կարդալ «դասակարգային պայքարի» մասին, թե ինչպես «մենք բոլորս ճնշված ենք», «ունիվերսալիզմի» եւ «ինտերնացիոնալիզմի» մասին։ Հիշում եմ, թե ինչպես զայրացա։ Լսափողը շրխկացրեցի նրա առջեւ եւ ասացի, որ նույն համարով զանգահարի։ Նա զանգահարեց։ Միասին իմացանք, որ բնակարանը, որը ենթադրաբար «արդեն զբաղված» է, իրականում ազատ է։

Հիշում եմ՝ ինչպես իմ հերթին դասախոսություն կարդացի նրան.

«Այդպիսի ունիվերսալիզմ գոյություն չունի։ Ընդունես դա, թե չընդունես՝ որպես գերմանացի դու օգտվում ես այս երկրի առավելություններից։ Ահա թե ինչ պետք է նախ եւ առաջ հասկանաք»։

Հենց այսպիսի պահերին ես սկսում շատ ավելի հստակ հասկանալ քրդերի կամ ալեւիների փորձը Թուրքիայում։ Ինչպես ասել էի, սա այն փոխակերպումն է, որի միջով անցնում է յուրաքանչյուր թուրք փախստական։

Թուրքականության իմ այս փուլը կնկարագրեի որպես զայրացած թուրքականություն, կամ գուցե հակազդող թուրքականություն: Նույնիսկ եթե քեզ թուրք սահմանելու որեւէ հատուկ ցանկություն չունես, ենթարկվում ես ռասիստական թշնամանքի եւ բռնի կերպով պիտակավորվում որպես այդպիսին: Եվ «Եթե թուրք եմ, ուրեմն թուրք եմ, հետո ի՞նչ» մարտահրավերով սկսում ես մտորել թուրք լինելու, օտարերկրացի լինելու ավելի խոր իմաստի մասին:

Երրորդ փուլ. հայերից սովորած թուրքականություն

ԱՄՆ-ում իմ առաջին տարիներին զարմացած էի, թե որքան բացահայտ են մարդիկ արտահայտում իրենց էթնիկ եւ ազգային ինքնությունը: Ոչ ոք չէր թաքցնում իր մշակութային կամ ազգային ծագումը, ընդհակառակը, հեշտությամբ եւ վստահությամբ էին խոսում դրա մասին: Հիշում եմ, թե ինչպես Համբուրգի ինստիտուտի իմ գործընկերների հետ կիսվում էի իմ տեսական մտորումներով, թե որքան «էթնիկացված» է լեզուն Միացյալ Նահանգներում:

Հետո հայերը ինձ սկսեցին ներկայացնել որպես «թուրք գիտնական»: Ես չէի համապատասխանում նրանց ծանոթ սովորական թուրքի «տիպին», բայց դա չխանգարեց, որ ինձ թուրք համարեն: Քանի որ ես սովորական ժխտողական թուրք չէի, երկխոսության ուղիները բաց էին: Դա ինձ հնարավորություն տվեց տեսնել իմ թուրքականությանը բոլորովին այլ մակարդակում:

Ընկերներիցս մեկը՝ Օհաննեսը, ասում էր, որ իմ արած ամեն ինչ, ի վերջո, ծառայում է թուրքերի բարօրությանը: Հայերի հետ բացահայտ խոսելով իրենց հետ կատարվածի մասին՝ ես գուցե ոչ միայն որոշակի հոգեբանական թեթեւացում եմ բերում, այլեւ ճանաչման ինչ-որ ձեւ։ Բայց այն, ինչ ես գրում եւ անում էի, ըստ էության, նաեւ թուրքերի համար էր. օգնում էր առերեսվել իրենց անցյալի հետ, օգնում էր հասկանալ, թե ինչ է նշանակում մարդ լինել։ Թուրքերի մասին խոսելով՝ նա ասում էր. «Մի օր նրանք կհասկանան, որ այս ջանքերը ոչ միայն հայերի, այլեւ հենց իրենց բարօրության համար են»։

Մեկ այլ վառ օրինակ էր Աննան։ «Երբ լսում էի թուրքերենը,- ասաց նա ինձ,- մտածում էի՝ իմ թշնամու լեզուն է, նրանց լեզուն, ովքեր աղետ բերեցին իմ ժողովրդին։ Քեզ հետ հանդիպելուց հետո, երբ լսում եմ թուրքերենը, սկսում եմ մտածել. իմ ընկերոջ լեզուն է»։

Այս փորձառություններն ինձ սովորեցրին, որ թուրք լինելը ո՛չ թաքցնելու բան է, ո՛չ էլ մյուսի նկատմամբ թշնամաբար տրամադրվելու։ Եվ եթե դրա մասին բացահայտ խոսես, երկինքը փուլ չի գալիս։ Ուրեմն հարց է, թե ինչը հնարավոր դարձրեց այս թեթեւությունը։

Չեմ ցանկանում այստեղ խորը սոցիոլոգիական վերլուծություններ անել. որ ինքնությունները անշարժ չեն, այլ փոփոխական, որ դրանք ոչ միայն արտահայտում են անհատների կամ խմբերի գոյաբանական էությունը, այլեւ կառուցվում են փոխհարաբերություններով, ձեւավորվում պատումներով եւ իմաստ ձեռք բերում դրանց շնորհիվ։

Իմ պատասխանը շատ ավելի պարզ է՝ համատեղ պատմություն։

Իմ թուրքականությանը նորմալացնելու հնարավորություն տվեց այն, որ իմ հայ ընկերների հետ միասին սկսեցինք պատմել մեր եւ մեր անցյալի մասին համատեղ պատումը։ Թույլ տվեք հստակեցնել. «համատեղ» ասելով ես նկատի չունեմ մեկ, միատարր պատում։ Այս պատումը ճանաչում է տարբերությունները՝ ճանաչում է ցավն ու պատասխանատվությունը։ Իմ թուրքականությունը այս պատումի մեջ դարձավ ինչ-որ բան, որը կառուցվում, համատեղվում եւ նորմալացվում էր փոխադարձ ճանաչման միջոցով։ Որոշ իմաստով՝ իմ թուրքականությունը վերակառուցվեց հայերի հետ երկխոսության միջոցով՝ փոխադարձ պատումի շրջանակներում։

Հետեւաբար, իմ խորհուրդը թուրք առաջադիմականներին հետեւյալն է. պետք է ճանաչել, որ իրենց մասին պատմած պատմությունը չի ներառում մյուսին։ Քանի դեռ նրանք չեն կարողանում կառուցել պատում, որում քրդերը, հայերը, հույներն ու ասորիները ճանաչվում են որպես ինքնուրույն սուբյեկտներ, նրանք չեն կարողանա նորմալացնել իրենց թուրքականությունը։ Նրանք ստիպված կլինեն թաքցնել այն, քանի որ չունեն պատում, որը կարող են կիսել մյուսների հետ։

Ի՞նչ է սա նշանակում քաղաքական առումով։ Սա բավականին պարզ է. իրենց ինքնության եւ պետության ձեւավորումը որպես «ոչնչից ստեղծված ազգային-ազատագրական պայքար իմպերիալիզմի դեմ՝ չնայած դրա թերություններին», պատումի փոխարեն թուրքերը պետք է ասեն՝ ինչ ողբերգություն էր։ Նրանք պետք է կարողանան ասել. դա ողբերգություն էր այս երկրի քրդերի, հայերի, ասորիների, հրեաների համար։ Պետք է սովորեն ուրիշների տառապանքը դարձնել իրենց պատմության մաս։

Այստեղ է «Ի՞նչ էինք մենք եւ ի՞նչ ենք դարձել» հարցի պատասխաններից մեկը։ Քանի որ այն պատմությունը, որը թուրք առաջադիմականները պատմում են իրենց եւ իրենց հասարակության մասին, ո՛չ պատասխան է տալիս այսօրվա ամենահրատապ հարցին՝ ինչպես ապրել միասին, այսինքն՝ ինչպես կարող են տարբեր ազգային, կրոնական եւ մշակութային խմբերը գոյակցել փոխադարձ ճանաչման եւ հարգանքի հիման վրա, ո՛չ էլ օգնում է խուսափել թուրքականության այնպիսի ծանր ու խնդրահարույց ձեւից, որը պետք է մշտապես թաքցվի։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Մանրամասները՝ mediamaх.am-ում

Հղումը՝ https://mediamax.am/am/specialprojects/arm_world/60496/...



Դիտվել է՝ 57

Մեկնաբանություններ