Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային: Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:               
 

Լույսը

Լույսը
19.01.2026 | 18:16

(պատմվածք)

Առաջին անգամ, երբ քաղաք գնացի հորս ձեռքն ամուր բռնած, ինձ զարմացրեց մայրուղու եզրին լույսերի վիթխարի կծիկը: Ես պլշած նայում ու փորձում էի գուշակել, թե ինչ կլինի: Բայց իմ երևակայությունը սենյակը լուսավորող լամպից և տարին մեկ տոնածառը լուսավորող խաղալիքից այն կողմ չէր անցնում:

-Սրանք ի՞նչ են,- հարցրի հորս:

Հայրս նայեց դեպի լույսերը, հետո ինձ, հետո լույսերին ու ոչինչ չասաց: Հայրս այդպես նայում էր, երբ ինչ-որ բան իրեն դուր չէր գալիս: Մտածեցի, որ երկրորդ անգամ հարցնելն անիմաստ է: Հետո քաղաքում էլի զարմացնող բաներ տեսա, բայց ուշքս քաղաքամերձ լույսերի վիթխարի կույտն էր:

Հաջորդ օրը կեսօրին վերադարձանք: Ողջ ճանապարհին փնտրում էի լույսերը, սակայն ապարդյուն: Այդպես էլ գլխի չընկա, թե ճանապարհի որ մասում եմ տեսել: Հետո հասկացա, որ գիշերը նրա համար է, որ մարդիկ լույս ստեղծեն` ճրագ, մոմի լույս, էլեկտրական լամպ:

Մի օր հետո` գիշերվա ջրտուքի ժամանակ, ջուրը կտրվել էր, հայրս առվի հետ բարձրացել ու գլխիվայր ընկել էր քարափից: Տատս, որ վաղուց շնչող քանդակ էր դարձել մեր տան մի անկյունում, առանց արտասուքի լաց էր լինում ու պարբերաբար կրկնում` տղաս լույսի բաժին դարձավ: Մայրս, որ թվում էր` այդ խոսքերից զայրանում է, լացի հետ շոյում էր գլուխս ու տատիս ընդմիջելով` ինձ խրատ տալիս` ձեռքիդ բահ չտեսնեմ: Ես, որ շողշողուն բահը տեսնում էի մեր տան շքամուտքին հենած, հասկանում էի, որ հայրս տանն է: Վազեցի դուրս. բահը էլի նույն տեղում էր, հայրս էլ` տանը: Ակամա բահը վերցրի, տարա խցկեցի ձմեռվա համար հորս կուտակած խոտի դեզի մեջ:

Քիչ հետո հորս տարան: Տատս էլի կրկնում էր` լույսի բաժին դարձավ: Մայրս, որ թվում էր, թե զայրանում է տատիս ասածից, դարձյալ տատիս ընդմիջելով, դարձյալ գլուխս շոյելով, կրկնում էր` քո ձեռքին բահ չտեսնեմ:

Երեկոյան մեր հարևանները, հարազատները հավաքվեցին մեր տանը: Մեր հարևան Սերոբը, որ էլի ջրվոր էր ու հորս ընկերը, երկար նայեց դիմացի պատին, ուր կախված էր հորս մեծացրած լուսանկարը, գլուխը խորհրդավոր տարուբերեց ու խոսեց.

-Որ առվի հետ չգնար, քարափին ռաստ չէր գա: Ախր հազար անգամ էդ ճամփեքը չափչփել է, փակ աչքերով էլ գիտեր:

-Որ ամպ չլիներ, պարզկա լիներ, էլի փորձանքի չէր գա,- Սերոբին ընդմիջեց մաթեմատիկայի դասատու ընկեր Արշակյանը:

-Փորձանքը, որ էկավ, ամպ ու պարզկա չի նայում,- վերջակետ դրեց գրեթե մեկ դար ապրած հորս քեռին:

-Տղաս լույսի բաժին դարձավ,- իր անկյունից դարձյալ խոսեց տատս:

Մայրս լայնացած աչքերով ինձ նայեց, գլուխս առավ ձեռքի մեջ, սեղմեց թևատակին ու հարցրեց.

-Հորդ բահը շքամուտքին էր, ի՞նչ եղավ:

Ես ուսերս թափ տվեցի, բայց հայացքս փախցրի մորս հայացքից: Մայրս ավելի ամուր գրկեց գլուխս, ու ես քնեցի:

Մի տարի հետո մայրս ձեռքս բռնած ինձ դպրոց տարավ: Մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր Արշակյանը, ով նաև մեր դասղեկն էր, ինձ նստեցրեց հորս ընկեր Սերոբի աղջկա` Շողիկի կողքին: Շողիկի հետ նույն նստարանին դասարանից դասարան փոխադրվելով` մեծանում էինք: Հետո ես սկսեցի ամաչել Շողիկից: Զգացի, որ ինքն էլ է շիկնում:

Երբ փոխադրվեցինք 9-րդ դասարան, պատերազմը, ցուրտը, սովը, մութը միանգամից ներխուժեց դպրոց: Տները դարձել էին անտանելի, կուչ եկել պատերազմի, ցրտի, մթի մեջ: Մարդիկ իրերը կապած հեռանում էին: Հաճախ հրաժեշտ էլ չէին տալիս: Մի օր մեր դասարանի Շողիկի հայր Սերոբն էլ եկավ մեր տուն` հրաժեշտ տալու: Ուսապարկ ուներ, որսորդական մի փողանի հրացան` լիքը փամփշտակալը ամուր կապած մեջքին: Լուռ փաթաթվեց մորս: Հետո դարձավ ինձ, նայեց, գլուխս շոյեց ու մորս ասաց. «Աչքդ էրեխեքի վրա պահի, մինչև վերադառնամ»:

Մայրս Սերոբի ետևից մի դույլ ջուր շաղ տվեց: Ես մտածեցի, որ Սերոբը հորս նման ջրվոր է, ու մայրս դրա համար է Սերոբի ետևից ջուր շաղ տալիս:

Երեկոյան մայրս գնաց այգու կողմ: Ետ վերադարձավ` շորի մեջ փաթաթած, թելերով խնամքով կապած մի բան ձեռքին: Քանդեց կապերը, հեռացրեց շորը. ես արդեն գլխի էի ընկել` հորս բահն էր: Վերցրի բահը` ոնց որ հարյուր տարվա ջրվոր: Շողիկն իրենց տան բակից ինձ էր նայում: Այդպես հաճախ էր պատահում` ես` իրեն, ինքը` ինձ էր նայում, բայց երկուսս էլ ցույց էինք տալիս` իբր չենք նկատում:

Սերոբից լուր չկար:Ռադիո, թերթ, հեռախոս էլ չկար, ու անորոշությունը սեղմել էր գյուղի կոկորդը: Սա էլ յուրատեսակ պատերազմի դաշտ էր:

Մթնշաղին վերցրի բահն ու ուղիղ հորս ճամփով: Գիտեի, որ բույսերը ջուր ավելի շատ սիրում են գիշերով: Երկնքում կտոր-կտոր ամպեր կային: Լիալուսինը դիմացի սարից երկու մարդաքայլ բարձր էր: Աստղերը նույն տեղում էին: Շողիկի հետ վաղուց անվանակոչել էինք աստղերը: Ինչքան էլ մեր մաթեմատիկայի դասատու ընկեր Արշակյանը, որ նաև աստղագիտություն էր պարապում,աստղագիտական անուններով կոչեր, մեկ է, ես ու Շողիկը մեր հորինած անուններով էինք կոչում աստղերը: Երկու կողք կողքի հսկա լուսատուներ կային ուղիղ մեր տների վերևում. մեկը Սերոբն էր, մյուսը` հայրս: Մտքերի հետ գլուխս բարձրացրի ու այն քարափը, որ երբեք ցանկություն չունեի տեսնել, վառվում էր: Կողքից լուսնի հորիզոնական շողերը դիպել էին հազարամյա ողորկ քարերին, ու քարերը պսպղում էին:

-Սրանք ի՞նչ են,- ետևից աղջկա ձայնով հարցրեց մեկը: Ես ետ դարձա ու զարմացած նայեցի Շողիկին: Այդքան մոտիկից ոչ մի գիշեր մենք իրար այդքան պարզ չէինք տեսել: Լռությունը ցրում էր միայն առվի զնգոցը, որը , բարձր սարերից հոսելով, ավելի շու տ էր հանդիպում լուսնի շողերին:

Աչքիս դեմ քաղաքի այն լույսերն էին, երբ հորս ձեռքը ամուր բռնած առաջին անգամ գնացի:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 124

Մեկնաբանություններ