Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Տիկնիկային թատրոն կամ «Թիվ 6 մսուր-մանկապարտեզի» դիմակահանդեսը

Տիկնիկային թատրոն կամ «Թիվ 6 մսուր-մանկապարտեզի» դիմակահանդեսը
20.09.2026 | 01:33

Աշխարհում տարբեր տեսակի մասկարադներ կան․ օրինակ՝ Վենետիկի հայտնի կարնավալը, որտեղ ամեն ինչ շնչում է ճաշակով, իսկ մետաքսյա դիմակների հետևում թաքնված է դարավոր էլեգանտությունը։ Երկրորդ օրինակը Ռիո դե Ժանեյրոյի աղմկոտ ու գունեղ սամբադրոմն է, որտեղ տոնը պայթում է ռիթմով, փետուրներով ու անկեղծ կրքով։

Իսկ ահա այն, ինչ տեղի է ունենում մեր Ազգային ժողովում, ավելի շատ հիշեցնում է «Իլյիչի անվան թիվ 6 մանկապարտեզի» ավարտական հանդեսը, որտեղ բոլորին ստիպողաբար բաժանել են անտառային գազանիկների էժանագին պապյե-մաշե դիմակներ։

Դահլիճի աջ ու ձախ կողմերում նստած է ընդդիմությունը։ Նրանք իրենց պատառոտված կոստյումների վրա հագել են «չար ու սոված գայլերի» և «նենգ ու հանելուկային աղվեսների» դիմակներ։ Գայլերն ամեն ամբիոնին մոտենալիս փորձում են վախենալի ոռնալ, բայց ստացվում է միայն բարակ մլավոց, որովհետև ատամները վաղուց փշրվել են թրեյնինգային բուտերբրոդներ ուտելիս։ Աղվեսներն էլ, պոչերը թափահարելով, փորձում են նենգ պլաններ գծել, բայց ամեն անգամ իրենց իսկ լարած թակարդի մեջ են ընկնում ու հետո զարմացած աչքերով նայում շուրջբոլորը։

Կենտրոնում՝ ամենաբարձր աթոռին, նստած է վարչապետը։ Նա ունի դիմակների հատուկ հավաքածու․ ներքին սպառման համար կրում է «ուղղակի անհավանական ուղղամիտ ու էշի պես հաստատակամ էշի» դիմակ, ոտքերը գետնին է խփում ու զռում այնքան բարձր, որ ջահերն են ցնցվում։ Իսկ արտասահմանյան հանդիպումների համար պայուսակից հանում է «խեղճ ու բարի կապույտ ճագարիկի» դիմակը՝ ականջները կախած ու աղերսող աչքերով։

Իսկ նրա շուրջը բոլորված է կառավարող խմբակի ամբողջ «կենդանական աշխարհը».

Ոզնիները- սրանք այն պատգամավորներն են, որոնք աշխատում են «փշոտ» ու ագրեսիվ ռեժիմով։ Հենց մեկը փորձում է քննադատել կառավարությանը, նրանք իսկույն կծկվում են, փշերը ցցում ու սկսում ֆշշալ ամբիոններից։ Ճիշտ է, նրանց փշերը պլաստմասսայից են, բայց աղմուկն ու ֆշշոցը՝ հույժ պաշտոնական։

Սկյուռիկները- այս պատգամավորները պատասխանատու են «պաշարների» ու թղթաբանության համար։ Նրանք անդադար թռվռում են աթոռից աթոռ, «ընկույզներ» (նախագծեր, քվեարկություններ ու բյուջեներ) հավաքում ու թաքցնում իրենց պահարաններում։ Նրանք միշտ զբաղված տեսք ունեն, թեև ամբողջ օրը պարզապես նույն ճյուղի վրա վեր ու վար են անում։

Փիսիկները- կառավարող թիմի ամենալոյալ ու քնքուշ մասնիկը։ Նրանք նստած են առաջին շարքերում, աչքերը թարթում են, փափուկ թաթիկներով ծափ տալիս յուրաքանչյուր ելույթից հետո ու անդադար «մլավում» ղեկավարի ցանկացած մտքի տակ։ Նրանց միակ նպատակն է՝ կաթով լի նոր ամանը չկորցնելն ու տաք անկյունում մռռալը։

Անտառային այս ամբողջ հանդեսում ամենացավալին այն է, որ դահլիճում չկա՛ ոչ մի իսկական Առյուծ, որը մի մռնչյունով կարգի կբերեր այս աղմկոտ խմբակին, և չկա՛ ոչ մի Բազե կամ Արծիվ, որը բարձրությունից պարզ ու վեհ տեսնի ճանապարհը։

Կա միայն էժանագին դիմակների շքերթ, որտեղ բոլորը խաղում են իրենց փոքրիկ դերերը, իսկ հանդիսատեսը՝ ժողովուրդը, վաղուց հոգնել է այս տխուր ու անհամ կրկեսից:

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ