«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մարտունի 3-ի հավերժ դիրքապահը՝ Կոլյա Պարույրի Նիկողոսյան

Մարտունի 3-ի հավերժ դիրքապահը՝ Կոլյա Պարույրի Նիկողոսյան
02.11.2026 | 11:29

Արդեն վեց տարի է անցել։ Վեց տարի առաջ այս օրը սկսվեց քո անմահության ուղին, իմ ժպտացող հրետանավոր եղբայր, մեր բոլորի Կոլյա Նիկողոսյան։ Դու այն հազարավոր լուսավոր հերոսներից մեկն էիր, ով ժպտաց պատերազմի աչքերին ու անմահացավ քեզ վստահված Մարտունի 3-ում՝ մնալով հավերժ 19 տարեկան։
Դու հազարավոր պայծառ տղաների հետ միասին դարձար ազգինը, և անունդ ոսկե տառերով գրվեց հերոսների լուսամատյանում։ Ամենաշատը սիրում էիր Հայոց Եռագույնը. ամեն ազգային-պետական տոնի առթիվ իմ քեռու տան դարպասին հպարտորեն ամրացնում էիր մեր Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույնը։
Պատերազմի առաջին ժամերից սկսած՝ 33 օր շարունակ դիմադրեցիր թշնամուն ծանր ու անհավասար մարտերում։ Մեզ ասում էիր.
— Երբ պատերազմը վերջանա, բոլորդ գալու եք այստեղ՝ Արցախ, որ ցույց տամ, թե ես ու իմ պես տղաները ինչ հողեր ենք պահել։
Այդ Հողը մեր հայրենիքն էր՝ Հայքի մի սրբազան մասնիկը, որի համար նաև մեր հայրերի սերունդն էր կյանք տվել, որպեսզի հառնեին երկու հայկական պետականությունների դրոշները՝ երբևէ միավորվելու մեծ երազանքով։
Դուք, հերոսներդ, այդ դրոշները գրկեցիք հավիտյան։ Դուք շատ բան չիմացաք, թե հետո ինչպես շարունակվեց մեր դեմ սկսված ու այդպես էլ չավարտված պատերազմը։ Չիմացաք, որ այսօր հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է սերունդներով պայքարենք Արցախը վերաազատագրելու համար։ Քո և անմահների գնդի մարտիկների կռիվը դեռ ավարտված չէ։
Ամեն տարի, աշնան գալստյան հետ, յուրաքանչյուրիդ անմահության օրը մեզ համար պիտի դառնա անդավաճան պայքարի նոր սկիզբ՝ հանուն սերունդների պատվի և հայի արդարության վերականգնման։ Հողը հիշողություն ունի. այն պահում է քո ու բոլոր քաջերի արյան ու սխրանքի սրբազան հիշողությունը։ Եվ այդ սրբացած Հողի համար մեր պայքարը երբեք կանգ չի առնելու։
Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի երբևէ արժանի դառնանք ձեզ և կարողանանք կերտել ազգային, արժանապատիվ երկիր։ Մենք քեզ, մեր քաջերին ու գալիք սերունդներին պարտք ենք մեր պատմությանը տեր կանգնող հզոր Հայրենիք։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ