Եվրոպացի քաղաքական գործիչները սովոր են ամեն ինչում տեսնել Մոսկվայի միջամտությունը և այդ նույն երգը երգելու են նաև Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա հին երգ է, նրանք կատարելապես տիրապետում են այդ երգի նոտաներին։ Բնականաբար, հայաստանյան ընտրությունների դեպքում նույնպես երգելու են դա»,- հավելել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։               
 

Զորավար Անդրանիկից մինչև Պապիկյան, «Գարեգին Նժդեհից»՝ «Պատվո լեգեոն»

Զորավար Անդրանիկից մինչև Պապիկյան, «Գարեգին Նժդեհից»՝ «Պատվո լեգեոն»
31.03.2026 | 12:09

Կարծում էի, թե դժվար և նույնիսկ անհնար է ինձ ինչ-որ բանով զարմացնել։ Սխալվում էի։ Տեղի է ունեցել «դարակազմիկ» իրադարձություն՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար «Պատվո Լեգեոն» շքանշանով է պարգևատրվել ՔՊ կուսակցության հիմնադիրներից մեկը՝ ՀՀ պաշտպանության նախարար Ս․ Պապիկյանը։

Շքանշանը 1802 թ․ հիմնել է Նապոլեոն Բոնապարտը, համարվում է ազգային պարգև և շնորհվում է Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած անձանց։ Այն ունի 5 աստիճան՝ Մեծ խաչի ասպետ, Մեծ սպա, Կոմանդոր, Սպա, Ասպետ (chevalier, քանի որ նշված չէ, թե Պապիկյանը որ աստիճանով է պարգևատրվել, ենթադրում եմ, որ հենց սրանով)։ Շքանշանի հետ առնչվող բոլոր գործերով որոշում է կայացնում Մեծ մագիստրոսը՝ նույնինքը Ֆրանսիայի Հանրապետության նախագահը։

Տարիների ընթացքում բազմաթիվ աղբյուրներում երբ հանդիպել եմ «Պատվո Լեգեոնի» արժանացած որևէ հայի, առանձնացրել եմ առանձին թղթապանակում և ուսումնասիրել նրա կյանքն ու գործունեությունը։ Այսօրվա դրությամբ ունեմ 56 անձից բաղկացած ցուցակ՝ հիմնականում պատմական դեմքեր ու քչաթիվ ժամանակակիցներ։

Բոլոր այդ մարդիկ խորապես ազգանվեր անհատներ են և ներկայացնում են ռազմա-քաղաքական, մշակութային, տնտեսական, հասարակական բնագավառները։ Նշեմ պատմական դեմքերից մի քանիսին՝ Զորավար Անդրանիկ, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկի, իմ պաշտելի Ալեքսանդր Մանթաշյանց, ազգային գործիչ Պողոս Նուբար, Դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյան, կինոբեմադրիչ Անրի Վերնոյ, գրող Անրի Թրուայա, մշակութային գործիչ Արշակ Չոպանյան, Շարլ Ազնավուր․․․ Տասնյակ տարիներով աշխատեցին, տքնեցին, չարչարվեցին, որ արժանանան այդ պարգևին։

Ժամանակակիցներից կառանձնացնեմ մեկին, բայց՝ վերջում։

Քանի որ, ինչպես ասացի, ուսումնասիրել եմ նրանց կենսագործունեությունը և ոմանց մասին կատարել հրապարակումներ, բնականաբար, պետք է իմանայի նաև, թե ով է Պապիկյանը։ Պարտավոր էի դա անել, քանի որ եթե ագամ ՔՊ կուսակցությունը վերանա երկրի երեսից, նա, միևնույն է, մնալու է պատմության էջերում։

Դիմեցի Վիքիպեդիային։ Պարզվեց, որ մասնագիտությամբ պատմաբան է, որևէ ռազմական կրթություն չունի, միակ առնչությունն այն է, որ 2006 թ․ ծառայել է բանակում, բայց տեղի է ունեցել զարմանալի դեպք՝ հրամանատարին զենքի սպառնալիքով չենթարկվելու համար կրել է քրեական պատասխանատվություն ու դատապարտվել 2 տարի 3 ամիս բանտարկության։ Մեկ տարի անց՝ 2007 թ․, համաներմամբ ազատ է արձակվել։ Երբ հարցրել են այդ դեպքի մասին, պատասխանել է․ «Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում»։ Ապշելու աստիճանի «խորիմաստ» պատասխան, իսկ ո՞ր բանակում է ծառայել՝ ռուսակա՞ն, թուրքակա՞ն, ադրբեջանակա՞ն։

Դրանից տասը տարի անց՝ 2016 թ․, պարգևատրվել է․․․ ՊՆ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով, և դա նրա միակ պարգևն էր։ Ո՞վ է պարգևատրել, ինչի՞ համար, հրամանատարին չենթարկվելու ու դատապարտվելու՞։ Եվս տասը տարի անց՝ ֆրանսիական շքանշան։

Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում՝ երբ ինչ-որ ժամանակ, ինչ-որ առիթով կրծքին կփակցնի «Պատվո Լեգեոնը», կողքին կկրի՞ արդյոք «Գարեգին Նժդեհը»։

Ի դեպ, «Պատվո Լեգեոնն» իր կանոնադրությունում ունի հատուկ կետ՝ կոչումից կարող են զրկվել այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարել ու դատապարտվել 1 տարի ազատազրկման, և նախադեպեր կան։ Բայց չեմ կարծում, թե դա կառնչվի Պապիկյանի հետ, քանի որ նա ծառայել է «ոչ հայկական բանակում»։

Արդեն ասացի՝ իմ ցանկում կան նաև ժամանակակիցներ։ Շքանշանակիր է և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետը, ում օրհնությամբ ու տնօրինությամբ տասնամյակներ շարունակ ՀՀ ԶՈՒ գործում էր հոգևոր առաջնորդություն, գնդերեցների հոգևոր ծառայության կառույց, որն իր հրամանով վերացրեց հայ ռազմական մտքի «հսկա» Պապիկյանը։

Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր․․․

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 1074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ