Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Յուրաքանչյուր նորածնի հետևում երկու մեծահասակ կա

Յուրաքանչյուր նորածնի հետևում երկու մեծահասակ կա
15.08.2026 | 12:17

Կան պատմություններ, որոնցում ամենասարսափելին կատարվածը չէ։ Ամենասարսափելին այն է, թե ինչ կերպ է արձագանքում հասարակությունը։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մի նորածին երեխա հայտնաբերվել է փողոցում։ Մայրը լքել էր նրան։ Այդ տեսարանը սարսափելի է։ Ոչ մի բառ չի կարող արդարացնել այդ քայլը։ Երեխան երբեք չպետք է դառնա մեծահասակների սխալների զոհը։

Բայց այդ դեպքից հետո ինձ ավելի շատ ցնցեց ոչ թե միայն կատարվածը, այլ մեր արձագանքը։ Հազարավոր մարդիկ մի վայրկյանում դատավոր դարձան։ Անեծքներ, վիրավորանքներ, հայհոյանքներ… Կինը դարձավ հասարակական ատելության գլխավոր թիրախը։ Ու գուցե նրա արարքը դա էլ է արժանի։

Բայց այդ նույն մարդկանցից քանի՞սը հարց տվեցին՝ իսկ որտե՞ղ է այդ երեխայի հայրը։ Ինչո՞ւ մեր հասարակությունը այդքան հեշտ ամբողջ մեղքը դնում մեկ մարդու ուսերին, երբ երեխան երբեք մեկ մարդու ստեղծած կյանք չէ։

Եթե մայրը պատասխանատվություն ունի, ապա նույն պատասխանատվությունն ունի նաև հայրը։ Եթե մայրը մեղավոր է երեխային լքելու համար, ապա ինչո՞ւ մենք գրեթե երբեք չենք պահանջում նույն խստությամբ պատասխանատվություն նաև տղամարդուց, որը շատ հաճախ անհետանում է դեռ մինչև երեխայի ծնվելը։

Մեզ ավելի հարմար է գտնել մեկ մեղավոր, քան ընդունել, որ երբեմն մեղավոր է նաև մեր լռությունը, մեր արժեքային ճգնաժամը, մեր անտարբերությունը, այն միջավայրը, որտեղ տղամարդը կարող է պարզապես անհետանալ, իսկ կնոջ վրա թողնել կյանքի ամբողջ ծանրությունը։

Աշխարհում գրեթե չկա ողբերգություն, որի հիմքում միայն մեկ մարդու մեղքն է։ Յուրաքանչյուր կոտրված ճակատագրի հետևում կան բացակայած մարդիկ, չասված խոսքեր, լռած հարազատներ, փախած պատասխանատվություն և հասարակություն, որը հիշում է բարոյականության մասին միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է։

Եղո Ասիլյան

Դիտվել է՝ 2577

Մեկնաբանություններ