Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում: Փորձագիտական-վերլուծական-ուղեղային կենտրոններում վերջին տարիներին մեծ տարածում է ստացել «Եռակենտրոն աշխարհակարգի» հայեցակարգը: Ապագա համաշխարհային ուժային բևեռներ են դիտարկվում ԱՄՆ-ը, ՉԺՀ-ն և ՌԴ-ն: Այս հայեցակարգի մասին տեսակետներն ու բանավեճերը լայն տարածում են ստացել: Սա պայմանավորված էր հատկապես Թրամփի իշխանության գալուց հետո Հավաքական Արևմուտքի երկու թևերի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի միջև սուր տարաձայնություններով, որոնց պատճառը ուկրաինական միջնորդավորված պատերազմն է և ԱՄՆ-Իսրայել դաշինքի սանձազերծած պատերազմը Իրանի դեմ: Ելնելով պատմության դասերից և ներկա միջազգային դիսկուրսից՝ կարելի է ասել, որ, եթե Թրամփին, Սին Ծի Պինին և Պուտինին հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը կամ, ինչպես ընդունված է արդեն, «Նոր Յալթայի» աշխարհակարգի ստեղծմանը: Իհարկե, ոչ ոք դեռ չի կարող հարյուր տոկոսով պնդել, որ «Նոր Յալթան» իրականություն կդառնա: Սակայն եղած տեղեկատվական-վերլուծական գիտական բնույթի նյութերը և պաշտոնական հայտարարություններն ու որոշումները հիմք են տալիս մոտավոր գծել ազդեցության գոտիների տարածքները: Եվ այսպես, երևում է, որ Թրամփը ցանկանում է նոր կյանք տալ «Մոնրոյի դոկտրինային», ըստ որի, ողջ Արևմտյան կիսագունդը, Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքների բոլոր պետությունները ԱՄՆ-ի ազդեցության գոտին են, որտեղ հատկապես պետք է բացառվի չինական տնտեսական և ռուսական ռազմական ներկայությունը: Ռուսաստանի ազդեցության գոտին ընդգրկելու է առաջին հերթին ողջ հետխորհրդային տարածքը և նաև նատօյական դաշինքից դուրս արևելաեվրոպական պետությունները, որպես անվտանգության գոտի: Չինաստանի ազդեցության գոտին ենթադրվում է, որ կարող է ներառել հարավային և արևելյան ասիական երկրները, չին-կորեական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանները: Հավանաբար, աֆրիկյան և մերձավորարևելյան պետությունները կմնան ազդեցության գոտինեից դուրս: Դժվարանում եմ տեսակետ հայտնել ԵՄ-ի մասին. այս հարցում կան ծայրահեղ մոտեցումներ, սկսած փլուզման՝ մինչև ինքնուրույն ուժային բևեռ դառնալու կանխատեսումները:
Անկասկած, վերոշարադրյալը զուտ կանխատեսում է, մասնակցություն ներկա դիսկուրսին և ոչ թե բացարձակ պնդում: Ամեն ինչ հնարավոր է: Ներկա լիդերները մի բան ասում են, շրջվելով իրականացնում հակառակը: Դա ներկա քաղաքական էլիտաների բնորոշ գործելակերպն է:
Գարիկ Քեռյան