Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Ապրեց` գեղեցիկն արարելով. Հայկանուշ Ասատրյան (Մուրադյան)

Ապրեց` գեղեցիկն արարելով. Հայկանուշ Ասատրյան (Մուրադյան)
04.02.2026 | 12:00

«Բոլոր երեխաներն էլ նկարիչներ են: Խնդիրն այն է, թե ինչպես պետք է մնալ նկարիչ, երբ դու մեծանում ես », -այս խոսքերը պատկանում են աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասսոյին։ Դուք կհարցնեք՝ ի՞նչ կապ կարող է ունենալ բալետը նկարչության հետ։ Իսկ ես էլ կասեմ` ամենաանմիջական կապն ունի, եթե բեմում մշակույթի մեծերն են, և մենք ներկա ենք արարման խորհրդին։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ իմ սերնդին և արվեստի մեծությանը ավելի քան մեկ դար է բաժանում, քանզի նրանք դառնում են հոգևոր կամուրջներ ազգի ինքնաճանաչողության համար։ Որքան էլ անցնեն ժամանակները, նրանք ավելի են մոտենալու մեզ` սովորեցնելու ճշմարիտ արվեստի դասերն ու չափանիշները։

1997 թվականի ճիշտ այս օրը` փետրվարի 4-ին, Երևանի իր բնակարանում կյանքից հեռացավ հայ բալետի արտիստուհի ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՍԱՏՐՅԱՆԸ (Մուրադյան), ում կյանքը գեղեցիկն արարելու տարեգրություն էր։ Այո, նա նկարում էր Գեղեցիկը` բալետի լեզվով:

Հայկանուշ Ասատրյան (Մուրադյան) -ազնվազարմ հայուհին արվեստագետի այն տեսակն էր, ով ոչ թե դարձել էր պարարվեստի գործիչ, այլ պարն էր ծնվել իր հետ։ Նրա կոչումն էր ապրել` gեղեցիկն արարելով։ Եվ նկարչի ու մեծ գեղագետի իր ընկալումներով էլ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում կերտեց երկու տասնյակից ավելի դերեր, որոնք, եթե մի հրաշքով տեսագրվեին, անպայման լինելու էին մեր մշակույթի պատմության գանձերից:

Հայկանուշ Ասատրյանը (Մուրադյան) իսկապես Գեղեցիկը տեսնողն էր։ Եվ բնությունն էլ նրան օժտել էր բացառիկ գեղեցկությամբ, ում թեկուզ լուսանկարները դիտելիս ակամա պատկերացնում ես անցյալ դարաշրջանների այն հանճարեղ նկարչին, ով նկարակալի առաջ նստած ` կվրձներ նրա դիմանկարը:

Եվ այս զարմանահրաշ հայուհին ծնվել էր 1914 թվականի դեկտեմբերի 21-ին` Երևանում։ Նրա կենսագրության վրա իր կնիքն է թողել ամբողջ 20-րդ դարը` իր վայրիվերումներով ու բոլոր դժվարություններով։ Նա դարի հասակակիցն էր, և վաղ մանկուց տեսել էր, թե ինչպես գրեթե հազարամյա ընդմիջումից հետո` 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերից հետո հառնեց Հայոց պետականությունը, և Երևանը դարձավ նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։ Նա տեսավ Հայաստանի խորհրդայնացումը` հետագա դժվարին շրջաններով:

Երևանը, այո, պատմականորեն աշխարհի հնագույն քաղաքներից է` իր հնավայրերով։ Սակայն, Երևանն իր այսօրվա ընդարձակ թաղամասերով կառուցվեց Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) ու իր սերնդի աչքի առաջ։ Հետագայում Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) մտապատկերում պիտի հառնեին այդ ժամանակվա պատկերները, թե ինչպես իրենց ընտանիքը դարձավ նոր կառուցվող այդ թաղամասերից մեկի` Աջափնյակի առաջին բնակիչներից մեկը։ Նա ուշագրավ պատմություններ էր փոխանցում իր ընտանիքին, թե ինչպիսին է եղել Հին Երևանը` ուղտերի քարավանով, ձիակառքերով, էլեկտրական տրամվայով, խանութներով, ապա նաև առաջին ավտոմեքենաներով։

Երևանի անունն ընդմիշտ կապված է Ալեքսանդր Թամանյանի հետ, ում մասին Եղիշե Չարենցը պիտի գրեր.

Նա տեսել է արևային մի քաղաք։

Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած

Արևային ժամացույց՝ քարտե՜զն ահա քաղաքի, -

Պողոտաներ, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,

Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին...

Թամանյանի ձեռքով այսպիսին էր գծվում ապագա մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը։ Բայց հանճարի երազանքի քաղաքը այս շրջափուլում դեռևս իրականություն չէր։ Եվ պատկերացնու՞մ եք բալետի արտիստուհուն` եվրոպական ոճի հագուստով, երբ իր ապագա ամուսինը՝ թատրոնի արտիստ Էդվարդ Մուրադյանը նրան ձիակառքով տուն էր ճանապարհում Հին Երևանի կենտրոնով։

Նա հիշում էր Արևմտյան Հայաստանից բռնի տեղահանված, ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցներին, ովքեր անցան տառապանքի ուղի և հետագայում հայրենադարձվեցին Հայրենիք։

Դյուրին չէր 20-րդ դարը, որը հայ ժողովրդի համար սկսվեց ցեղասպանությամբ և հայրենազրկումով։ Նա ականատեսը եղավ նաև բոլշևիկյան ամբողջատիրության շրջանի։

Որքան տաղանդավոր էր նա բեմում, նույնքան էլ ուժեղ ու համարձակ էր` որպես հայ ընտանիքի կին ու մայր։ Կարո՞ղ եք պատկերացնել այն հայուհուն, ով «կարմիր տեռորի » վտանգը աչքի առաջ` կարող էր նամակներ գրել ԱՄՆ-ում հանգրվանած ամուսնու ազգականներին, հարցնել նրանց որպիսությունը, պատմել իր ընտանիքի գործերից։ Բայց Հայկանուշ Ասատրյանը (Մուրադյան) համարձակորեն գրում էր այդ նամակները։

Հայրենիքի ու ազգի սիրով ապրելը Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) էության մեջ էր։ Եվ իր ամուսնու` հայ թատրոնի ազնվական-արտիստ Էդվարդ Մուրադյանի հետ ստեղծած իր ընտանիքում դաստիարակեց իրենց ազնվական գծերը ժառանգած սերունդներ` ի դեմս գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի և բալետի պարուհի Իվետտա Մուրադյանի։ Նրա թոռան` դերասան, պրոդյուսեր Արմեն Մուրադյանի հիշողության մեջ վառ են Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) հետ զրույցները. արդեն 1990-ական թվականներին, երբ մեր երկիրը հաղթահարում էր երկրաշարժի ու պատերազմի հետևանքները, Հայկանուշ Ասատրյանը (Մուրադյան) մտորում էր Հայրենիքի վիճակի, մշակութային արժեքները պահպանելու մասին։ Եվ իր ամուսնու ազգականներին գրած նամակներում պատմում էր Հայաստանի մասին, հայտնում իր տագնապները։ Եվ գրում էր համարձակ` ոչինչ չթաքցնելով, թե ինչ է կատարվում Հայրենիքում։ Թոռան` Արմեն Մուրադյանի վկայությամբ, Հայկանուշ Ասատրյանը (Մուրադյան) ` սկսած 1940-ական թվականներից մինչև 1996 թիվը գրել է ավելի քան 180 նամակ, որոնք ուղարկվել են արտերկիր։

Եթե այդ նամակներից թեկուզ մի քանիսը գտնվեին ազնվազարմ հայուհու բարեկամների տանը, ապա դրանք կունենային յուրօրինակ արժեք, ինչպես ազգի մյուս մեծերի, արվեստագետների ձեռքով գրված նամակները, որոնք նրանց մարդկային ու գաղափարական տեսակը ճանաչելու վկայություններ են։ Դրանք ևս կլինեին մի մշակութային փոքրիկ մասունք։ Իսկ իրենից մնացած այդ թանկ մասունքներից մեկն էլ եղել է իր հագուստի անբաժան մասը համարվող սպիտակ, ատլասի ձեռնոցները, որոնք նա կյանքի վերջում նվիրել է թոռնուհուն` Իվետտա Մուրադյանի դստերը` Գոհար Մսրյանին։

Հայկանուշ Ասատրյանն (Մուրադյան) ապրեց 83 տարի։ Ապրեց արվեստով ու ոգեղեն արժեքներով` իր սերունդներին ժառանգելով կյանքի բոլոր բարդ իրավիճակներում Գեղեցիկով ապրել կարողանալու և այդ Գեղեցիկը աշխարհի փոթորիկներից պաշտպանելու կարևոր պատգամները։ Ո՛չ հատուկ դաստիրակչական զրույցներով, այլ` սեփական օրինակով։ Նրա կերպարը արվեստի ասպարեզ ոտք դնող դեռ շատ սերունդների ճանապարհն է լուսավորելու։

Նրան բացահայտելու է յուրաքանչյուրը, ինչպես նկարչուհի Օվսաննա Մկրտչյանը ստեղծեց նրա դիմանկարը` արտահայտելով իր յուրովի ընկալումը Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) կերպարի մասին։ Իմ այս փոքրիկ գիրն էլ թող լինի խոնարհումի խոսք և տուրք` Հայկանուշ Ասատրյան (Մուրադյան)-ազնվազարմ արվեստագետի հիշատակին։

Նրա լույսը չի մարելու, քանի դեռ մենք` սերունդներս, շարունակում ենք բացահայտել Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) կերպարը։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայագիտության և մշակույթի ոլորտի լրագրող

Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ