Գիտե՞ք, թե ինչու երեկվա հրապարակված խոշտանգման տեսանյութի առնչությամբ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ, նախարար, վարչապետ, հատկապես` ՄԻՊ-ը որևէ դիրքորոշում չեն հայտնել:
Շատ պարզ` հնարավորինս պետք է թեման փակել ու անցնել, քանի որ թեմայի շուրջ ցանկացած դիրքորոշում գլորելու է համակարգային դարձած խոշտանգումների ու ոստիկանական բռնությունների թեմայի ձնագնդիկն ու հանրային նոր դիալոգի առիթ է դառնալու: Սպասվող ընտրությունների շեմին դա բացասաբար է անդրադառնալու իշխանության վարկանիշի վրա:
Իսկ ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչներն այս տեսանյութի առնչությամբ: Պետք է հանդես գան կոնկրետ հարցադրումներով և ձևակերպեն համակարգային դարձած այս խնդրի արմատական լուծման հրամայականը:
Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ: Կլիներ այն, ինչ եղավ Սամվել Վարդանյանի հետ երկու տարի առաջ պատահած խոշտանգման դեպքով, երբ, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, նրան ուղեկցող ոստիկանները պաշտոնեական առաջխաղացման արժանացան:
Հ. Գ. Շուտով բոլորելու է Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգման դեպքի անարդյունք քննության 2-րդ տարին:
Վարազդատ Հարությունյան