«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Պարտությունը վերջը չէ. Ազգային ինքնակազմակերպման հրամայականը

Պարտությունը վերջը չէ. Ազգային ինքնակազմակերպման հրամայականը
31.10.2026 | 12:00

Մի՞թե ազգն այլևս կորցրել է հավատը քաղաքական համակարգի նկատմամբ և մերժում է բոլորին։
Մի՞թե այս կերպ՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններին պասիվ մասնակցությամբ, ազգը մերժում և դժգոհության իր ձայնն է բարձրացնում իշխանությունների անօրինությունների, բռնությունների, երկիրն այս աղետի ու կործանարար մղձավանջի հորձանուտը ներքաշելու և իր զավակների արյան գնով տարած հաղթանակները մսխելու համար։ Միթե՞ սա ընդվզում է 35 տարվա կրած տառապանքներն ու զրկանքները հանուն ոչնչի դարձնելու, 90-ականներին ժառանգություն ստացած զարգացած ու բարձրակարգ երկիրն այս խղճուկ ու թուլացած վիճակին հասցնելու և պետության վարկն ու ինքնիշխանությունն այսքան իջեցնելու դեմ։
Մի՞թե նաև մերժում է իր իսկ ազգային քաղաքական, մտավորական, գիտական, զինվորական ու հոգևորական էլիտային՝ անմիաբանության, ժողովրդի հետ անկեղծ չլինելու, ամբիցիաներն ու անձնական շահը հայրենիքի և ազգի շահից վեր դասելու համար։ Այն բանի համար, որ ընդդիմությունն ամեն ինչ չարեց 2018 թվականին դրսից կազմակերպված՝ հեղափոխություն կոչված ավանտյուրան և 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմում դավադիր պարտությունը, Արցախի կործանումն ու Հայաստանից տարածքների կորուստը կանխելու համար։ Այն բանի համար, որ չկարողացավ իշխանափոխություն իրականացնել, չկասեցրեց զանգվածների այլասերումն ու բարոյազրկումը, պետական ինստիտուտների արժեզրկումը, անվտանգության և կրթության համակարգի փլուզումը։
2020 թվականից սկսած՝ երկրում առկա էին արմատական վերափոխումների, այդ թվում՝ իշխանափոխության և հետևապես երկրի կործանումն ու այսքան աղետները կանխելու բոլոր նախադրյալները։ Պատերազմից հետո երկրում եղել է իշխանափոխության հստակ հանրային պահանջ, ժողովուրդն էլ դուրս է եկել պայքարի և փողոցում է եղել թե՛ արևին, թե՛ անձրևին, գիշեր ու ցերեկ։ Սակայն ընդդիմությունը չի կարողացել պայքարի ու համախմբման լուրջ գործընթացներ գեներացնել ընդդիմադիր հանրային ու քաղաքական դաշտում։ Մինչդեռ ընդդիմության կադրային, ինտելեկտուալ, գիտական, փորձագիտական, մտավորական և հանրային վստահության ռեսուրսը շատ անգամներ գերազանցում է իշխանությունների ունեցածին։ Տպավորություն է, թե ընդդիմադիր քաղաքական պայքարն էլ միայն առաջնորդի կարգավիճակի ու Ազգային ժողովում մանդատներ ունենալու, այլ ոչ թե իրական իշխանափոխության համար է եղել։
Այս իրավիճակում հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում հանրային ու ընդդիմադիր դաշտի միասնության ու համերաշխության ապահովումը, ուժերի անկեղծ համագործակցությունը, նախընտրական համակարգող օպտիմալ կառույցների ձևավորումը, կադրերի ճիշտ ընտրությունն ու մարդկանց հետ տարվող արդյունավետ աշխատանքը կարող էին լինել հաղթանակի գլխավոր գրավականը։
Վարչական ռեսուրսների աննախեդեպ կիրառման ու կեղծիքների, ընդդիմադիր առաջնորդների ու գործիչների զանգվածային կալանավորումների, Տիգրանաշենի ու այլ անկլավ կոչված գյուղերի հանձնման ֆոնին, Ազգային ժողովում տեղի ունեցող «ռազբորկաների», քաշքշուկների ու անբովանդակ քննարկումների, ապրանքների գնաճի, ադրբեջանցիների սահմանահատումների, գյուղացիների դժգոհությունների աճի ու հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պայմաններում օրինաչափորեն պետք է որ նվազեր իշխանությունների քվեն։ Բայց արի ու տես՝ ժողովուրդը գնում և իր ձայնը տալիս է իշխանության թեկնածուների օգտին։
Ըստ իս՝ իշխանությունների ստացած քվեների տրամաբանությունից զուրկ բարձր ցուցանիշները բռնաճնշումների աճի, ընդդիմության նկատմամբ անվստահության խորացման, փոփոխություններից հույսը կորցրած զանգվածների անտարբերության և, արդյունքում, ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշի հետևանք են։ Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման ընտրություններում իշխանությունների ստացած քվեների աննախադեպ բարձր ցուցանիշներն ինչ-որ տեղ նաև արդյունք էին 2021 և 2026 թվականների ԱԺ ընտրություններում ընդդիմության անհասկանալի պարտությամբ պայմանավորված հիասթափության։
Այս ընտրությունների արդյունքները ոչ մի կապ չունեն որևէ տրամաբանության ու օրինաչափության հետ և չեն արտահայտում քաղաքական դաշտի ու ընտրողների կամարտահայտման օբյեկտիվ խճանկարը։ Այս ընտրություններում էլ իշխանությունները թեև հաղթել են, սակայն նրանց մոտ չի զգացվում հաղթանակի ոգևորություն, քանի որ լավ գիտեն՝ ընտրողների մասնակցության ցածր մակարդակն ամենևին էլ ժողովրդի վստահության մասին չի խոսում։ 2017 թվականին էլ հանրապետականները մեծ առավելությամբ հաղթեցին խորհրդարանական ընտրություններում, սակայն բոլորիս է հայտնի, թե ինչ ճակատագիր ունեցան մեկ տարի հետո, և թե ինչպես անհաջողության մատնվեցին 2019 թվականի ԱԺ ընտրություններում։
Սիրելի՛ հայրենակիցներ, պետք չէ հուսահատվել։ Այս պարտությունն էլ ոչինչ չի նշանակում։ Պարտությունը վերջը չէ, այն մի նոր հնարավորություն է եզրակացություններ անելու և ավելի խոհեմ գործելու համար։ Իսկ եզրակացությունը մեկն է՝ ազգը պետք է ինքնակազմակերպվի, իր միջից հյուսի իր պայքարը և գիտակցի, որ միայն ազգային համերաշխության ու մեծ ջանքեր գործադրելու դեպքում է հնարավոր դուրս գալ այս նվաստացուցիչ, խայտառակ ու կործանարար վիճակից։
Ընդդիմադիր ուժերը պետք է ապացուցեն, որ անկեղծ են միմյանց ու ժողովրդի հետ, որ վեր կկանգնեն անձնական շահերից ու ամբիցիաներից և ազգին կառաջնորդեն արժանապատվորեն։ Միայն այս դեպքում է հնարավոր երկրում գեներացնել ազգային զարթոնքի ու վերածննդի միջավայր և իրականացնել արմատական բարենորոգումներ։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ