Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Մի՛ սովորեցրեք մեզ սգալ

Մի՛ սովորեցրեք մեզ սգալ
24.09.2026 | 15:15

Մենք՝ որդեկորույս մայրերս, հաճախ ենք լսում. «Բաց թողեք ձեր որդիների հոգիները… թող հանգիստ լինեն… շարունակեք ապրել»։
Բայց թող մի հարց էլ մենք տանք՝ իսկ ինչպե՞ս ապրենք։ Ինչպե՞ս բաց թողնենք նրանց, ում լույս աշխարհ բերեցինք, գրկեցինք, մեծացրինք ու սիրեցինք մեր ամբողջ էությամբ։ Ինչպե՞ս բաց թողնենք նրանց, երբ նրանց անունը դեռ մեր սրտի ամենաբարձր ձայնն է։
Ու մի բան էլ ենք ուզում հարցնել. ինչո՞ւ եք գրում մեզ։ Ինչո՞ւ եք մեզ ասում՝ մի՛ գրեք, մի՛ հիշեք, մի՛ հրապարակեք նրանց նկարները, մի՛ խոսեք ձեր ցավի մասին։ Իսկ ինչո՞ւ չեք գրում նրանց, ովքեր էկրանների առաջ խեղկատակություններ են անում։ Ինչո՞ւ չեք գրում նրանց, ովքեր իրենց ուտելիքը, առօրյան, ուրախությունն ու անձնական կյանքը ցույց են տալիս ամբողջ աշխարհին։
Սա էլ է մեր կյանքը: Մեր հիշողություններն էլ են մեր առօրյան: Մեր որդիների լուսանկարներն էլ են մեր սեղանը: Նրանց անուններն էլ են մեր սնունդը: Նրանց մասին խոսելն էլ է մեր ապրելու ձևը:
Մենք չենք պարտադրում ոչ ոքի կարդալ մեր գրառումները, չենք ստիպում ոչ ոքի կիսել մեր ցավը։ Բայց խնդրում ենք՝ մի՛ սովորեցրեք մեզ սգալ։
Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում առավոտյան աչքերը բացել ու մի քանի վայրկյանով մոռանալ, որ նա չկա… հետո հիշել ու նորից ներսից փլվել։ Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում լսել նրա անունն ու ակամա սպասել, որ նա ներս կմտնի։ Դուք չգիտեք այն լռությունը, որ մնում է որդու գնալուց հետո։
Մենք ապրում ենք։ Այո՛, ապրում ենք։ Բայց այն կյանքը, որ ունեինք, այլևս նույնը չէ։ Մենք ժպտում ենք, խոսում ենք, երբեմն նույնիսկ ծիծաղում ենք… բայց մեր ներսում միշտ կա մի սենյակ, որտեղ մեր որդիներն են՝ իրենց ձայնով, ժպիտով ու հայացքով։
Մենք չենք ուզում նրանց մոռանալ: Չենք ուզում «բաց թողնել»: Չենք ուզում սովորել ապրել այնպես, կարծես նրանք երբեք չեն եղել։ Որովհետև նրանք եղել են։ Նրանք մեր զավակներն են, մեր սրտի մի մասը, մեր կյանքի ամենաթանկ էջերը։ Ու քանի դեռ մենք կանք, նրանց անուններն էլ են ապրելու։
Եթե մեր գրառումները ցավեցնում են ձեզ՝ մի՛ կարդացեք։ Եթե մեր արցունքները չեք հասկանում՝ մի՛ դատեք։ Եթե մեր հիշողությունները ձեզ համար շատ են՝ պարզապես անցեք կողքով։
Բայց մի՛ ասեք մորը՝ «Մոռացիր երեխայիդ ու շարունակիր ապրել»։ Որովհետև որդեկորույս մայրը կարող է սովորել ապրել իր ցավի հետ, բայց երկրի վրա ոչ մի մայր չի սովորում ապրել առանց իր որդու։
Մենք՝ բոլոր որդեկորույս մայրերս, ասում ենք. մենք նրանց չենք բաց թողնում։ Մենք նրանց մեզ հետ ենք տանում՝ մինչև մեր վերջին շունչը։

Գյուլնարա ՄԻՆԱՍՅԱՆ
Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ