Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Շվեդիան վերադարձնում է ավանդական դասագրքերն ու ձեռագիր գրելու պրակտիկան

Շվեդիան վերադարձնում է ավանդական դասագրքերն ու ձեռագիր գրելու պրակտիկան
27.07.2026 | 13:13

Շվեդիան վերանայում է կրթության թվայնացման իր բազմամյա քաղաքականությունը և դպրոցական դասարաններ վերադարձնում ավանդական դասագրքերն ու ձեռագիր գրելու պրակտիկան։

Երկիրը, որը համարվում է կրթության ոլորտում տեպնիկայի ու տեխնոլոգիաների ներդրման համաշխարհային առաջատարներից մեկը, այժմ լրացուցիչ միջոցներ է հատկացնում թղթային գրքերի տպագրությանն ու ձեռքբերմանը, և սահմանափակում է պլանշետների ու էկրանների օգտագործումը՝ հատկապես ցածր դասարանների դպրոցականների համար։

Շվեդական իշխանություններն այս որոշումը բացատրում են նոր հետազոտություններով, որոնց համաձայն՝ էկրանների առջև չափից ավելի շատ ժամանակ անցկացնելը կարող է բացասաբար անդրադառնալ ընթերցանության հմտությունների, կենտրոնացման և հիմնական ուսումնական կարողությունների զարգացման վրա։

Նրանք նախատեսում են նաև ամբողջովին արգելել թվային կրթական գործիքների օգտագործումը մինչև վեց տարեկան երեխաների համար։

Փորձագետների խոսքով՝ ձեռագիր գրելը միաժամանակ ակտիվացնում է ուղեղի մի քանի հատվածներ, որոնք պատասխանատու են շարժողական հմտությունների, հիշողության, տեսողական ընկալման, ուշադրության և լեզվական կարողությունների համար։ Ի տարբերություն ստեղնաշարով մուտքագրման՝ ձեռագիր գրելը պահանջում է շարժումների բարդ համակարգում և օգնում է տեղեկատվությունն ավելի խորը յուրացնել։

Բացի այդ, շվեդների հետազոտությունները ցույց են տվել, որ թղթի էջերից ընթերցելը հաճախ նպաստում է նյութի ավելի լավ ըմբռնմանն ու հիշելուն, քան էլեկտրոնային սարքերով ընթերցելու պարագայում է:

Թեև ներկայումս հանրակրթության ոլորտ են ներթափանցել և կրթական գործընթացում ներդրվում են ոչ միայն տեխնիկական, այլ նույնիսկ արհեստական բանականության գործիքակազմը (Իսրայելի փորձին առանձին կանդրադառնանք)՝ այնուամենայնիվ, գալու է ժամանակ, երբ որակյալ ու պահանջված գիտելիքներ են համարվելու հանրակրթության դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը:

Կարծում եմ՝ Շվեդիայի օրինակը հենց այդ մասին է:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 9959

Մեկնաբանություններ