Աշխարհաքաղաքական բնույթի մեծ և, միաժամանակ, ավելի մեծացող լարվածությունը խոսում է այն մասին, որ դրան զուգահեռ աճում է նաև որևէ տեսակի մասշտաբային իրադարձություն տեղի ունենալու հավանականությունը, որը կպարպի այդ լարվածությունը՝ դարձյալ որևէ տեսակի խոշոր ավերածության տեսքով։
Եվ նման մասշտաբային բնույթի ավերածությունն էլ սովորաբար տեղի է ունենում այն աշխարհաքաղաքական խոշոր միավորի կամ միավորների հետ, որոնց ուժն անհամեմատ ավել փոքր է, քան՝ նրանց անհիմն ամբիցիաների գումարը։
Այսինքն, մեծ լարվածության տակ գտնվող շղթան կտրվում է այն կետում, որտեղ այն ամենաթույլն է։
Դրանից բացի, նման պրոցեսները ուղեկցվում են նաև նոր դոմինանտ ուժերի դիրքի հաստատումով, մի բան, որն ուղեկցել է և՛ առաջին աշխարհամարտին, և՛ երկրորդ աշխարհամարտին, և այն ուղեկցում է նաև ներկա աշխարհաքաղաքական մեծ տրանսֆորմացիային, որն էլ սկսվել է ԽՍՀՄ-ի կոլապսով։
Այս կապակցությամբ պետք է նշել, որ նման մասշտաբային փոփոխությունները, որոնք եղան առաջին և երկրորդ աշխարհամարտերից հետո և որոնք սպասվում են ներկա ցնցումներից ու բախումներից հետո, առանց մեծ նախնական լարվածությունների լինել չեն կարող։
Եվ այս իմաստով, այն պնդումը, թե առաջին աշխարհամարտը կարող էր նաև չլինել և սկսվեց անհիմն կերպով, որևէ հիմք չունի։
Պարզապես, ինչպես երկրաշարժից առաջ երկրակեղևի լարվածությունն է աննկատ աճում, այնպես էլ աշխարհաքաղաքական մեծ հզորությունների միջև է ուժային ու շահային տեղաշարժերի պատճառով աննկատելի աճում լարվածությունը, որն էլ, իր կրիտիկական սահմանն անցնելուց հետո, ավարտվում է պատերազմներով ու ավերածություններով։
Մյուս կողմից էլ, նման մասշտաբային տրանսֆորմացիաների ժամանակ, այն աշխարհաքաղաքական միավորները, որոնց ուժ/ամբիցիա հարաբերությունն ամենից փոքրն է, և որոնք ունենալու են ամենամեծ կորուստները, մենթալիտետային իներցիայի պատճառով միանգամից չի երևում, այլ՝ աստիճանաբար ու բախտորոշ իրադարձություններին զուգընթաց։
Օրինակ, Եվրոպան առաջին աշխարհամարտից հետո իր դիրքերը զգալիորեն զիջեց, բայց նրա ակնհայտ բաժանումը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կատարվեց երկրորդ աշխարհամարտից հետո միայն, մի վարընթաց պրոցես, որը նրա համար շարունակվում է նաև հիմա։
Իսկ պարզելու համար, թե աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ ո՞վ է ամենափոքր ուժ/ ամբիցիա հարաբերության պոտենցիալ տերը, պետք է նայել, թե ում ընթացիկ գործողություններն են իր շահին հակառակ և ու՞մ մոտ է, որ դրանք համընկնում են։
Այս իմաստով ակնհայտ է, որ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի մոտ այդ հարաբերությունը ամենափոքրն է, իսկ նրանց գործողությունները՝ իրենց շահին հակառակ և, մյուս կողմից էլ, Ռուսաստանի, Չինաստանի ու ԱՄՆ-ի մոտ, մանավանդ, Թրամփի իշխանության գալուց հետո, ուժ/ամբիցիա հարաբերությունը մեծ է, իսկ նրանց գործողությունները՝ իրենց շահից բխող։
Եվ նման ուժաշահային ֆոնի վրա էլ աստիճանաբար ավելի հստակ ու որոշակի է դառնում, որ Թրամփի ԱՄՆ-ը, գլոբալ ուժերի ներկա դասավորության պայմաններում, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կարիքը չունի, իսկ Ռուսաստանի ու Չինաստանի շահերն էլ հակառակ են ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի շահերին, որտեղից էլ բխում է վերջիններից անկայուն և աճող հավանականությամբ դեպի տրոհում գնալը։
Մի հանգամանք, որը տնտեսաքաղաքական բլոկների տեսքով աշխարհի վերաբաժանման պրոցեսի նախերգանքը կլինի, մի բաժանում, որը կղեկավարվի նաև աշխարհագրական մոտիկության չափով։
Ուկրաինայի և մյուսների վիճակն ու ճակատագիրն էլ ուղղակիորեն կբխեն ուժերի գլոբալ դասավորությունից ու սպասվող բլոկային քաղաքականությունից։
Պավել Բարսեղյան