Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Նրա պատկերով ու նմանությամբ

Նրա պատկերով ու նմանությամբ
02.10.2026 | 12:13

Ծերանում եմ։ Երկար ապրելու ուրիշ հնար չկա։ Ճանապարհս անցնում է կնճիռների միջով։ Իմ պարագայում ծերությունս սկսվել է ոտքերից։ Երբեմնի ճկունությունս կորցրել եմ, դարձել դանդաղաշարժ, արջի պես անճոռնի ու անսամթ։ Տհաճությունը ոտքերիցս բարձրացել, կամաց-կամաց հասել է գլխիս։ Մտամոլոր եմ դառնում. ակնոցս, հեռախոսս մի տեղ դնում՝ մի այլ տեղ փնտրում եմ։
Իբր դա էլ քիչ է, էն օրը հարսս ճաշ էր եփել. մի լավ կերա, ափսեն լպստելուն պես մաքրեցի ու... Մոռացա, թե ինչ եմ կերել։ Հինգ րոպե շարունակ ուզում էի մտաբերել։ Տեսա հիշողությամբ չեմ կարողանում, ուզեցի աչքերով տեղը բերել։ Էն էլ ափսեն էնպես էր պլպլում, որ մի հետք անգամ չէր մնացել...
Որ շատ տառապեցի, հինգ րոպե անց ուղեղս փայլատակեց ու նրա վառ լույսի տակ նոր միայն հասկացա, թե ինչ եմ կերել. ձվի ձվածեղով եփած կանաչ լոբի էր...
Որովայնս գազիֆիկացված էր։ Մի քիչ որ համբերեի՝ հակառակ կողմից եկող անդրերկրային ձայներից էլ կհասկանայի, թե ինչ եմ կերել։ Անկարողությունից համբերությունս կորցրել էի։
Ախր, վատից զատ մտամոլորությունս լավ կողմեր էլ ունի։ Գիտե՞ք... Բա՞...
Օրինակ, լավ տեղերում կրկնակի եմ լինում, լավ գրքերը երկու անգամ եմ կարդում, լավ մարդկանց երկու անգամ եմ բարևում, լավ կանանց երկու անգամ եմ համբուրում ու շարունակ էսպիսի կրկնություններով։
Սակայն տեղն ընկած տեղը մոռացկոտության ցանկություն ունեմ, խիստ ցանկություն։ Թարսի պես ոչ մի կերպ չեմ մոռանում պատերազմում կրած պարտությունը, հազարավոր զոհերին, Արցախի կորուստը, Հայաստանի սահմանների սեղմվելը, ազգային արժեքների ոչնչացումը, պատմության կեղծարարությունը, իրականության խեղաթյուրումը, Մասիս սարը Արագածով փոխարինելը, ռուսներին թուրքերից չզանազանելը...
Ու հատկապես.. Հատկապես էն պատկերը, որ Աստծո ամեն օր հեռուստացույցում է, ինտերնետում, թերթերում, կայքերում, էն պատկերն ու անունը, որ շարունակ մարդկանց բերաններում է ու ականջներում։
Մարդկությունն էդ պատկերի նմանությամբ է ապրում...
Էն պատկերի, որ լորձունքի պես կախված է օդում...
Ու չի ընկնում, չի ընկնում...
Որ սիրտ ծակելու պես սիրտ է պայթեցնում...

30.09.2026 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 5260

Մեկնաբանություններ