Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր...