«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Ինձ նախրի մեջ առեք»

«Ինձ նախրի մեջ առեք»
11.06.2026 | 12:49

Քարուքռա տափարակում գերագույն գլխավոր նախրապանի ընտրություն եղավ։

Նախրի առանձնյակներն առանձնակի ոգևորությամբ ընտրեցին հին Գերագույնին։ Տապից խանձված խոտը մի կերպ ծամեցին ու առանց խղճի խայթի իրենց խղճի ձայնը քվեատուփեր լցրին։

Չէ՞ որ վաղուց իրար մեջ տվել-առել էին.

- Այսպես, թե այնպես՝ գելը մեզ ուտելու է, լավ է մեր տեսած գելն ուտի։ Վերջին քվեն դեռ օդում էր, երբ գերագույնը բաժակ բարձրացրեց ու հաղթանակի առթիվ շնորհավորեց ինքն իրեն։ Հեռու ու մոտ տափարակների նախրչիներն անմիջապես միացան իրենց ուղերձներով։ Իսկ Քարուքռա տափարակի տարբեր ծայրերից նամակների հոսք ծայր առավ նախրապանի հասցեով։

Նամակ 1

«Մենք մի մեծ հոծախումբ ընտրողներ ենք։ Չգիտենք ինչու՝ մեզ ավանակներ են կոչում։ Չենք նեղվում՝ ավանակներն էլ խոտաճարակներ են։ Թեև մեր տափարակի խոտը անտերությունից կծղած է, բայց հավատում ենք Ձեր ճղճղոցներին ու հարայհրոցներին, որ ավետում են՝ խաղաղություն է հաստատված։ Եթե հարկ լինի, թող հարևան նախիրները մտնեն մեր արոտավայրեր։ Էշն էլ սատկի, իշատերն էլ։ Միայն խաղաղ լինի։ Մեզ էլ հանդ տարեք»։

Նամակ 2

«Ձեզ գրում են մի խումբ ազատամարտիկներ։ Տարիներ շարունակ կռվել ենք մեր հանդամասեր ներխուժած նախիրների դեմ։ Դուք միշտ ասել եք՝ իզուր ենք կռվել։ Համաձայն ենք։ Մեր հանդերը մեր շլնքին թոկ են եղել։ Ազատվել ենք։ Միայն մի խնդրանք. մեր երեկվա թշնամիներին չասեք, որ մի ժամանակ իրենց դեմ կռվել ենք։ Մեզ էլ արոտավայր առաջնորդեք, քանի դեռ վերջին արոտավայրն ունենք»։

Նամակ 3

«Իմ երկու հորթուկներին կորցրեցի վերջին պատերազմում։ Շնորհակալ եմ, որ նրանց ընդունեցիք որպես մատաղացու։ Քեզ ընտրեցի իմ չորս ոտքով, իմ սմքած պտուկներով։ Դուք, ի վերջո, նրանց գերեզմանը սարքեցիք։ Թույլ տուր գնամ շնորհավորեմ նորակառույցը։ Հետո կգամ ու խաղաղ խոտ կծամեմ»։

Նամակ 4

«Ես սահմանամերձ ուրթի բնակիչ եմ։ Մեր հանդի գլխին թշնամու ցլիկներն են հերթապահում։ Մի ժամանակ ահուդողի մեջ էինք։ Բայց խաղաղության մասին Ձեր բառաչը մեզ հուսադրեց։ Ամբողջ ուրթով Ձեզ ընտրեցինք։ Մեզ էլ արոտի տարեք»։

Նամակ 5

«Հարյուրավոր տարիներ ասում էին, թե մեր նախնիներին մորթել են։ Դուք ասում եք՝ սուտ է։ Մենք էլ հավատում ենք՝ սուտ է։ Մեզ խաղաղություն է հարկավոր։ Ինձ էլ տարեք արոտի»։

Նամակ 6

«Ես քաղաքական այլ անասնախմբից էի։ Երբ տեսա, որ քամին Ձեր կողմն է փչում, հասկացա, որ միշտ էլ Ձեր կողմում եմ եղել։ Խնդրում եմ ինձ նոր նախրի հնագույն անդամ համարել: Մոռանանք անցյալը: Այսուհետ Ձեզ հետ արոտ տարեք»։

Նամակ 7

«Ես երկար տարիներ տարբեր նախրչիների եմ ծառայել։ Հիմա էլ Ձեզ եմ ծառայում։ Անհրաժեշտության դեպքում կվկայեմ, որ մեր նախիրը երբեք հանդ չի ունեցել։ Եթե պետք լինի՝ կվկայեմ, որ խոտ էլ չի ունեցել։ Միայն ինձ արոտից հեռու չպահեք»։

Նամակ 8

«Ես հեռուստաուրթի մեկնաբան եմ։ Ամեն երեկո բացատրում եմ, որ չոր խոտը ավելի սննդարար է, քան կանաչը։ Եթե որևէ առանձնյակ դժգոհում է, ապացուցում եմ, որ նրա ատամներն են փչացած։ Խոստանում եմ էլ ավելի համոզիչ որոճալ Ձեր առաջնորդած նախրում»։

Նամակ 9

«Ես սոցցանցային մարտիկ եմ։ Արոտ չեմ տեսել, բայց ամեն օր ապացուցում եմ, որ Ձեր բերած արոտը աշխարհի լավագույն արոտն է։ Ով հակառակն ասի՝ գելի գործակալ է։ Խնդրում եմ ինձ պաշտոնական որոճացող նշանակել»։

Նամակ 10

«Ես մեր նախրի ճանաչված մտավոր առանձնյակներից եմ։ Տարիներ շարունակ գրքեր եմ որոճացել ու հին արոտների մասին բառաչել։ Բայց վերջերս հասկացա, որ ամեն ինչ հարաբերական է։ Եթե Դուք ասում եք, որ չոր խոտը կանաչ է՝ ուրեմն կանաչ է։ Եթե ասում եք, որ կորցրած հանդը երբեք մեր հանդը չի եղել՝ ուրեմն չի եղել։ Մտավորականի պարտքն է քայլել ժամանակի հետ, ոչ թե քարշ գալ ճշմարտության ետևից։ Ես կբացատրեմ մնացածներին, թե ինչու են իրենք երջանիկ: Ինձ էլ արոտ տարեք»։

Նամակ 11

«Ես հեռավոր տափարակի առանձնյակ եմ։ Տարիներ շարունակ մեր կորցրած հանդերի մասին էի մայում։Դուք բացատրեցիք, որ դրանք ընդամենը հին խոտակույտեր էին։ Հիմա հանգիստ եմ։ Եթե վաղը պարզվի, որ մեր ամբողջ նախիրն էլ չի եղել, դրան էլ կհավատամ։ Միայն խաղաղ արածենք»։

Սկսեցին հասնել նաև օտար նախրչիների շնորհավորական ուղերձները։

«Հարևան տափարակի գերագույն նախրչուց. Շնորհավորում ենք վերահաստատված մանդատի առթիվ։ Բարձր ենք գնահատում մեր նախիրների միջև ցանկապատերը վերացնելու Ձեր ջանքերը։ Մեր ցլիկներն արդեն անհամբեր սպասում են նոր արոտավայրերի բացմանը»։

«Հեռավոր տափարակի նախրչուց. Ձեր նախիրը բացառիկ երևույթ է։ Մեզ մոտ առանձնյակները երբեմն դժգոհում են խոտի պակասից։ Ձեր մոտ նրանք նույնիսկ խոտ չունենալով շարունակում են ծափահարել։ Մենք ուսումնասիրում ենք այդ հրաշալի փորձը»։

«Գայլերի միջազգային միությունից. Ձեր հաղթանակը մեծ խթան է մեր ոլորտի զարգացման համար։ Նախիրների ինքնակամ մոտեցումը գայլանոցներին պատմական նվաճում է։ Ձեր փորձը հետաքրքրությամբ ուսումնասիրվում է աշխարհի բազմաթիվ գելանոցներում»։

Նախրապանը նամակները չկարդաց։ Գիտեր՝ դրանք իր համար չէին գրվել։Նա չոմբախը դրեց ուսին ու առաջ քայլեց։ Նախիրը հետևեց։ Առջևում արոտ էր, թե սպանդանոց՝ ոչ ոք չգիտեր։ Բայց բոլորը վստահ էին, որ գնում են դեպի խաղաղություն։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ