Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Չպատերազմող պետությունն ինչու՞ է ենթարկվում ռազմական և քաղաքական կապիտուլյացիայի

Չպատերազմող պետությունն ինչու՞ է ենթարկվում ռազմական և քաղաքական կապիտուլյացիայի
16.09.2026 | 14:51

Հայաստանը պաշտոնապես պատերազմող կողմ չի եղել։ 2020 թ. նոյեմբերի 9-ի դավադրագիրը իրավական և քաղաքական ուժ չունի։
44-օրյա Արցախյան-Հայրենական պատերազմի հենց առաջին օրերին հայրենասիրական մի մեծ ալիք բարձրացավ. հազարավոր ահել ու ջահել տղամարդ կամավորներ գնում էին 90-ականներին դարձյալ հայ կամավորների արյան գնով ազատագրված Արցախը պաշտպանելու։
Այս գրառումը կատարել եմ իմ ՖԲ էջում 2020 թվի նոյեմբերի 13-ին, երբ ծանոթացա 2020 թվի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրի բովանդակությանը. այդ վիրտուալ «փաստաթուղթը» ես բնութագրեցի դավադրագիր, որը քաղաքական և իրավական ուժ չունի, քանի որ կողմերից մեկը՝ Հայաստանի վարչապետը, լիազորված չի եղել Արցախի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ: Այնուհետև այդ նույն գրառումս մի քանի ամիս անց առանձին հոդվածով տպագրվեց «Հրապարակ» թերթում և կայքէջում՝ «Նոյեմբերի 9-ի դավադրագիրը քաղաքական ուժ չունի» վերնագրով։
Երբ հայկական կողմը պահանջում էր Արցախի անկախության միջազգային ճանաչում, և այդ բանակցություններին մասնակցել են ՀՀ նախագահները, ՀՀ ներկայիս վարչապետը հրաժարվում էր մասնակցել միջազգային բանակցություններին, անընդհատ պնդում էր, որ ինքը լիազորված չէ Արցախի ժողովրդի անունից բանակցելու կամ որևէ որոշում կայացնելու, քանի որ ինքը՝ որպես վարչապետ, չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից:
Վարչապետը միտումնավո՞ր, թե՞ իսկապես չգիտի 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀՀ և ԼՂԻՄ Գերագույն խորհուրդների միաժամանակյա որոշման մասին, որով հաստատվում է ԼՂԻՄ-ի վերամիավորումը Հայաստանի Հանրապետությանը: Այդ որոշումը կողմերից որևէ մեկը չի չեղարկել:
Նա 10 տարի եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր և գոնե մեկ անգամ պետք է որ լսած լիներ այդ որոշման մասին: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընթանում էր արցախյան պատերազմը, անսպասելի, մի քանի րոպեում, առանց Արցախի ղեկավարության և ժողովրդի գրավոր համաձայնությունը ստանալու, անգամ առանց Հայաստանի ժողովրդին տեղեկացնելու, ստորագրում է, ուշադրությո՛ւն, Արցախի կապիտուլյացիայի մասին մի թուղթ, որը, կրկնում եմ, իրավական որևէ ուժ չունի, քանի որ ՀՀ վարչապետը լիազորված չէր Արցախի ճակատագրի վերաբերյալ որևէ քաղաքական որոշում կայացնելու և, դարձյալ ուշադրությո՛ւն վերադիր, Հայաստանը կապիտուլյացիայի տանող փաստաթուղթ ստորագրելու, քանի որ Հայաստանը պաշտոնապես պատերազմող կողմ չի եղել, հետևաբար նաև չի կարող որևէ պետության կողմից ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ և տարածքային կորուստներ ունենալ:
Կարծում եմ՝ մեր քաղաքագետները, իրավագետները և ԱԱԾ-ն պետք է այս հարցը դնեին հենց նոյեմբերի 9-ի առավոտյան, կամ գոնե նախ՝ Արցախի որոշ տարածքների հանձնման, ապա շրջափակման, Արցախի դեմ նոր չհայտարարված պատերազմի ժամանակ, 2023 թվին արցախահայերի էթնիկ զտման ժամանակ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ հայտնվելու, կամ ավելի ճիշտ՝ հանձնելուց հետո պետք է պահանջեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եթե ինքը՝ վարչապետը, չգիտակցեց կամ պարզապես չցանկացավ հրաժարական տալու քաղաքական կարևորությունը, ապա անհապաղ, մինչև նոյեմբերի 15-ը պետք է նրան պարտադրվեր հրաժարական, և դա կհեշտացներ այդ դավադրագրի բողոքարկումը:
Նոյեմբերի 9-ի այդ ազգակործան դավադրագիրը ստորագրվելուց հետո ՀՀ գործող նախագահը պիտի քաղաքական հայտարարությամբ հանդես գար՝ ռազմաքաղաքական այդ ճգնաժամային իրավիճակը նշելով, և իշխանության ժամանակավոր ստանձնման պատասխանատվությունը վերցներ իր վրա, մինչև կստեղծվեր ժամանակավոր կառավարություն:
Այս դավադրագիրը, որքան էլ իրավական ուժ չունի (իսկ դա մենք պետք է հաստատենք իրավաբանորեն), միևնույն է, Հայաստանի համար ծանրագույն հարված է դարձել և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ ռազմական տեսանկյուններից:
Պատերազմի կողմ չհամարվող Հայաստանին անարդարացիորեն պարտադրվում է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ. նախ՝ այն, որ Մեղրիից ճանապարհ են ուզում բացել դեպի Նախիջևան, որը կկապի Ադրբեջանը Թուրքիայի հետ, իսկ դա կնշանակի Հայաստանի շրջափակում հարավից: Սա Փոլ Գոբլի ծրագրի՝ այլ տեսքով իրականացումն է՝ ի վնաս նաև Արևմուտքի և Իրանի։
Ամերիկյան քաղաքագետ Փոլ Գոբլը ժամանակին առաջարկում էր Արցախը փոխանակել Մեղրիի հետ՝ Արցախը միավորել Հայաստանի հետ, իսկ Մեղրին տալ Ադրբեջանին։ Փոլ Գոբլը մի քանի տարի առաջ դարձյալ գլուխ բարձրացրեց, բայց մերժվեց, քանի որ Հայաստանում դեռ կային մարդիկ, ովքեր լավ են հասկանում աշխարհաքաղաքական այդ դարպասի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար, ինչպես նաև Արևելքն ու Արևմուտքն իրար կապող այդ ռազմավարական հաղորդակցության գինն ու արժեքը: Փոլ Գոբլին նույնպես պատասխանել եմ հոդվածով։
Նոյեմբերի 9-ի այս դավադրագրով փորձում են իրականացնել արդեն ոչ թե Փոլ Գոբլի ծրագիրը (որն, իհարկե, միամտություն կլինի կարծել, թե նրա քաղաքական մտքի փայլատակումն էր՝ տարածաշրջանում «խաղաղություն» հաստատելու նպատակով. այստեղ, կարծում եմ, թաղված պետք է համարել ԹՐԻՓՓԻ այսօրվա շան գլուխը, որը ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին օգտագործեց Ալիևը՝ նաև Թուրքիայի պանթուրանական ծավալապաշտական ծրագրերին ծառայեցնելու համար, որի մասին Նիկոլ Փաշինյանը, իբրև միամիտ, հայտարարեց. «Ի՞նչ է եղել, թող գնան-գան», և այս թուրանական ծրագիրը դաժանորեն իրականացվում է մեր իշխանությունների անհեռատես, փափկանկատ քաղաքականությա՞մբ, թե՞ նպատակադրված և պարտադրված ծրագրով, որի հետևանքը մեր տարածքային ահռելի կորուստներն են, հինգ հազարից ավելի երիտասարդ հայ զինվորների կյանքը և հազարավոր զինվորների խեղված ճակատագիրը։
Դավադրությունը իրականացվեց շատ սառնասրտորեն և անտրամաբանական փաստ ու փաստարկով:
Արցախյան բանակը կռվեց հզոր զենքերով զինված երկու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերի և նրանց սատարող այլ պետությունների ու ահաբեկիչների դաժան խմբերի դեմ, բայց ՀՀ իշխանությունը՝ սահմանադրորեն որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, բողոքի որևէ նոտա չուղարկեց պատերազմը սանձազերծած պետությանն ու նրան օժանդակող պետություններին, չբողոքեց նաև միջազգային կազմակերպություններին, չի բողոքում նաև 2021 թվի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան պետության սահմանները խախտած և այնտեղ տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դեմ։ Այսօր էլ վարչապետը շարունակում է խոսել, այսպես կոչված, «անկլավների հանձնման անհրաժեշտության մասին»՝ մոլորության մեջ գցելով շարքային հայ քաղաքացիներին, որոնք չունեն համապատասխան քաղաքական գիտելիքներ, հետևաբար շատ հեշտ է նրանց մանիպուլյացիոն վարպետությամբ մոլորեցնելը. այն, ինչ արվել է և արվում է վարպետորեն։
Ինչու՞ այսօր էլ ՀՀ կառավարության և ԱԺ-ի կողմից որևէ բողոք չի ներկայացվում Ադրբեջանի նախագահի դեմ, որը բացահայտ կերպով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչված իր հազարամյա Հայրենիքի պատմական տարածքի մի մասի վրա տարածքային նկրտումներ է դրսևորում մեր երկրի հանդեպ: ՀՀ վարչապետը միջազգային օրենքնե՞րը չգիտի. Հայաստանում բավարար թվով միջազգային իրավունքի մասնագետներ կան, որոնց կարող է դիմել նա:
Բայց վարչապետը և՛ Արցախը տարավ պարտության ու թեթև ձեռքով հանձնեց թշնամուն ոչ միայն ազատագրված տարածքները, այլև բուն ԼՂԻՄ-ի տարածքը, հիմա էլ Հայաստանի «Չորրորդ Հանրապետությունն» է տանում լուծարման, ինչպես լուծարեց Արցախի Հանրապետությունը, որը ժողովրդի հաղթական հանրաքվեի արդյունքն էր։
Այս հարցերի պատասխանը պետք է անհապաղ պահանջել վարչապետից, որը պատերազմի օրերին իրեն հայտարարեց որպես ՀՀ բանակի գերագույն գլխավոր հրամանատար, բայց Հայաստանի Հանրապետությունում, որը սահմանադրորեն Արցախի անվտանգության երաշխավորն է, չհայտարարեց զինակոչ։
Այդ դեպքում նա պատերազմող ո՞ր երկրի բանակի գերագույն գլխավոր հրամանատարն էր։
Այստեղից հետևություն. 2020 թվի նոյեմբերի 9-ի դավադրագիրը քաղաքական և իրավական ՈՒԺ ՉՈՒՆԻ։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

2023-2026 թթ․

Հ.Գ.
Ցավոք, 2020 թվի նոյեմբերի 13-ից մինչև այսօր ես և՛ իմ ՖԲ գրառումով, և՛ մի քանի հոդվածներում բարձրացրել եմ այս հարցը, սակայն քաղաքագետների կողմից պաշտոնապես ոչ մի արձագանք չի եղել։ Եթե իմ այս փաստարկներն անհիմն են ու սխալ, թող որևէ մեկը այս տարիներին ժխտեր, կամ այսօր ապացուցեն իմ փաստարկների սխալ լինելը։
Դիտվել է՝ 334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ