Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստանում Նիկոլ լսել պետք չէ, պետք է պարզապես երեխա ունենալ

Հայաստանում Նիկոլ լսել պետք չէ, պետք է պարզապես երեխա ունենալ
22.11.2026 | 12:34

Եվ ամեն նոր ծնված երեխային հատկացնել այն գումարները, որոնք նախատեսված են պարգևավճարների կամ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար

Վերջին տարիներին Երևանի և մարզերի փողոցների պատկերը նկատելիորեն փոխվել է։ Ասիական երկրներից՝ Հնդկաստանից, Պակիստանից, Բանգլադեշից, Չինաստանից և Վիետնամից ժամանող աշխատանքային միգրանտների հոսքերը դադարել են արտառոց երևույթ լինելուց և դարձել են մայրաքաղաքային առօրյայի անբաժան մասը։ Դրանց գումարվել են նաև հետխորհրդային տարածքի երկրների քաղաքացիները. եթե Ռուսաստանից կամ Ուկրաինայից տեղափոխվողները որևէ մեկին չեն զարմացնում, ապա Ղազախստանից, Թաթարստանից և նույնիսկ փակ Թուրքմենստանից աշխատուժի աճող ներկայությունը խիստ խոսուն է։ Աշխատաշուկան լցվում է այնտեղ, որտեղ առաջացել է խորը ժողովրդագրական դատարկություն։
Տեղի ունեցողի մասշտաբը հասկանալու համար բավական է հայացք նետել համաշխարհային պատկերին։ Ըստ ՄԱԿ-ի և միջազգային ժողովրդագրական հաշվիչների գնահատականների՝ 2026 թվականի աշնան դրությամբ Երկրի բնակչությունը հասել է 8,32 միլիարդ մարդու։ Նույն աղբյուրների համաձայն՝ մոլորակի բնակչությունը տարեկան ավելանում է մոտ 68,4 միլիոնով (օրական գրեթե 187 հազար մարդ), միջին տարիքը 31,1 տարեկանն է, իսկ ծնելիության միջին գործակիցը՝ 2,23 երեխա մեկ կնոջ հաշվով։
ՄԱԿ-ի 2026 թվականի տվյալներով՝ բնակչության թվով համաշխարհային առաջատարների հնգյակն այսպիսին է.
1. Հնդկաստան — 1,46 միլիարդ մարդ (Երկրի բնակչության 17,5 տոկոսը)
2. Չինաստան — 1,40 միլիարդ (16,9 տոկոս)
3. ԱՄՆ — 341,2 միլիոն (4,0 տոկոս)
4. Ինդոնեզիա — 290,1 միլիոն (3,5 տոկոս)
5. Պակիստան — 241,5 միլիոն (2,9 տոկոս)
Այս հնգյակի ներսում տարիքային խորը խզում կա։ Մինչ Չինաստանն ու ԱՄՆ-ն արագորեն ծերանում են (65 տարեկանից բարձր անձանց մասնաբաժինն այնտեղ արդեն հասել է 15–18 տոկոսի, իսկ մինչև 14 տարեկան երեխաների թիվը կրճատվել է մինչև 16–18 տոկոս), Հնդկաստանը, Ինդոնեզիան և հատկապես Պակիստանն ունեն երիտասարդական հսկայական ռեսուրս։ Պակիստանում մինչև 14 տարեկան երեխաները կազմում են բնակչության ավելի քան 35 տոկոսը, իսկ 65-ից բարձր տարիքի մարդիկ՝ ընդամենը շուրջ 4 տոկոսը։ Հնդկաստանում և Ինդոնեզիայում աշխատունակ բնակչության (15–64 տարեկան) մասնաբաժինը պահպանվում է 67–68 տոկոսի մակարդակում՝ կենսաթոշակային նվազագույն բեռի պայմաններում (6–7 տոկոս)։ Հենց այս ժողովրդագրական ավելցուկն է այսօր դուրս հորդում արտաքին աշխատաշուկաներ, և փաշինյանական «խաղաղության խաչմերուկը» դարձել է դրա ամենահարմար կանգառներից մեկը։
ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ մինչև 2100 թվականը մոլորակի բնակչությունը կարող է աճել մինչև 12,4 միլիարդ մարդու, ընդ որում՝ աճի գլխավոր շարժիչ ուժը կդառնան Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներն ու Հարավային Ասիան։ Միևնույն ժամանակ աշխարհն արագորեն քաղաքայնացվում է. եթե 20-րդ դարի կեսերին քաղաքներում ապրում էր մարդկության մեկ երրորդից էլ քիչ մասը, ապա այսօր քաղաքաբնակները կազմում են Երկրի բնակչության ավելի քան 57 տոկոսը, իսկ մինչև 2050 թվականը նրանց մասնաբաժինը կգերազանցի 68–70 տոկոսը։ Հողից մարդկանց արտահոսքն ուղղակիորեն հարվածում է պարենային անվտանգությանը. չկա մեկը, որ ցանի, վարի և կերակրի աճող մեգապոլիսները։
Իսկ ի՞նչ պատկեր ունի Հայաստանն այս ընթացքում
Պատմական և վիճակագրական տվյալները ցույց են տալիս, թե ինչ ճանապարհ է անցել երկիրը մեկ դարի ընթացքում.
• Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու Հոկտեմբերյան հեղափոխությունը — 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Երևանի նահանգում բնակվում էր շուրջ 830 հազար մարդ (որոնցից 441 հազարը կամ 53,2 տոկոսը՝ հայեր), իսկ 1914 թվականի նախօրեին ներկայիս Արևելյան Հայաստանի սահմաններում բնակչության թիվը մոտեցել էր 1 միլիոնի։
• Խորհրդային շրջան — չնայած պատերազմների և զանգվածային բռնաճնշումների կորուստներին՝ 1959 թվականին Հայկական ԽՍՀ բնակչությունն աճեց մինչև 1,76 միլիոն, 1979-ին հատեց 3,03 միլիոնի սահմանը, իսկ 1990-ականների սկզբին հասավ պատմական առավելագույնին՝ ավելի քան 3,5–3,6 միլիոն մարդու։
• Ներկա իրավիճակ — Հայաստանի վիճակագրական կոմիտեի (Արմստատ) 2026 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ հանրապետության մշտական բնակչությունը թղթի վրա կազմում է 3 111 200 մարդ, իսկ փաստացի առկա բնակչությունը, միջազգային գնահատականներով, տատանվում է 2,93–2,97 միլիոնի սահմաններում։
Վերջին մարդահամարի տվյալներով՝ Հայաստանը դեռևս համարվում է միատարր պետություն. բնակիչների 98,1 տոկոսը հայեր են։ Նրանց կողքին ապրում են պատմական համայնքները՝ եզդիները, ռուսները (շուրջ 14,6 հազար), ասորիները, քրդերը, հույները, ուկրաինացիները։ Սակայն բուն ժողովրդագրական հիմքը ճաքեր է տալիս՝ չնայած իշխանական տրիբուններից հնչող պաթետիկ թվերին։
Արմստատի 2026 թվականի 9 ամիսների թարմ վիճակագրությունն արձանագրում է դառը իրականությունը. երկրում ծնելիությունը կրճատվել է ևս 3,8 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Ծնելիության գումարային գործակիցն իջել է մինչև 1,7 երեխա՝ մեկ կնոջ հաշվով, այն դեպքում, երբ ազգի պարզ վերարտադրության նվազագույն շեմը 2,1-ն է։ Այո՛, նույն ժամանակահատվածում մահացությունը նվազել է 4,8 տոկոսով, իսկ բնական աճը ձևականորեն պահպանվում է փոքր դրական տիրույթում՝ նախորդ սերունդների «արձագանքի» հաշվին, սակայն մաթեմատիկան իշխանական քարոզչություն չէ՝ այն անողոք է. յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի սակավաթիվ է, քան նախորդը։
ՄԱԿ-ի կանխատեսումները Հայաստանի համար հնչում են որպես դատավճիռ. ներկայիս կուրսի պահպանման դեպքում մինչև 2050 թվականը բնակչությունը կկրճատվի մինչև 2,5–2,6 միլիոն մարդ, իսկ մինչև 2100 թվականը կարող է նվազել մինչև 1,7 միլիոնի (վատատեսական սցենարով՝ մինչև 1,2 միլիոնի)։ Ընդ որում՝ 65 տարեկանից բարձր անձանց մասնաբաժինը կաճի մինչև բնակչության գրեթե մեկ երրորդը, իսկ միջին տարիքը կանցնի 50-ը։ Այդ ժամանակ «իրական Հայաստանում» թոշակառուներին պահող երիտասարդներին երևի թե ստիպված կլինեն ներմուծել արտասահմանյան կատալոգներով։
Եվ այստեղ Հայաստանի տեղական խնդիրները միահյուսվում են համաշխարհային միտումներին։ Ըստ Արմստատի տվյալների՝ հանրապետության բնակչության գրեթե երկու երրորդը (շուրջ 64 տոկոսը կամ գրեթե 2 միլիոն մարդ, որից 1,15 միլիոնը՝ Երևանում) արդեն կենտրոնացած է քաղաքներում։ Գյուղերը դատարկվում են, աշխատունակ ձեռքեր չեն բավականացնում ո՛չ շինհրապարակներում, ո՛չ գյուղատնտեսության մեջ։ Արգելքներով աշխատանքային միգրանտների հոսքը կանգնեցնելն անհնար է. տնտեսությունը, ինչպես և բնությունը, դատարկություն չի հանդուրժում։ Քանի դեռ սեփական դաշտերն ու արտադրամասերը շենացնող չկա, դրանք զբաղեցնելու են գերբնակեցված ասիական երկրներից ժամանողները։
Մինչ այսօրվա քաղաքական իշխանությունն իր աթոռը պահելու համար ջարդում է քաղաքական հակառակորդներին և հետևողականորեն քանդում Հայ Եկեղեցին՝ ամեն ինչի մեջ տեսնելով նախկինների ստվերը, դրանից զզված հասարակությունը կարող է՝ ինչպես արհամարհում է «պոլիտիկան», նույն կերպ իր իսկ գոյի համար տանել սեփական, լուռ պայքարը։ Եվ գենի գոյատևման միակ միջոցն ամեն կերպ ծնելիությունն ավելացնելն է։
Փաստ է, որ սեփական աթոռի համար գենետիկ ջարդ կազմակերպած իշխանությունը ոչ մի իրական ծրագիր չի կազմի, որ երիտասարդ ընտանիքներն ավելանան կամ նյութապես ապահովագրվեն ամեն մի նորածին երեխայի համար։ Փոխարենը իշխանությունը գերադասել է հովանավորել դեպի Հայաստան ասիական երկրներից աշխատանքային միգրանտների ներհոսքը, որոնց մեծ մասն ակնհայտ աշխատանքային թրաֆիքինգի զոհ է։ Բայց դա Նիկոլի տանձին չէ՝ մի մարդու, որն իր կյանքում երբևէ որևէ կարիքավորի կամ ընտանիքի մասին հոգ չի տարել, բացի սեփական քաղաքական հարմարավետությունից։
Ուստի պետք չէ հարյուրավոր էջերով «մինչև 2050 թվականը բնակչությունը 5 միլիոն դարձնելու» հեքիաթներ գրել ու բարձր ամբիոններից «խելացի» ճառեր արտասանել։ Գոյատևման բաղադրատոմսը ծայրաստիճան պարզ է և բարդ բանաձևեր չի պահանջում. պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ու պարգևավճարների միլիարդները պետք է ուղղել ամեն նորածին երեխային, իսկ Հայաստանում պետք է պարզապես երեխա ունենալ։ Այլապես երկու սերունդ անց այս երկրի պարենային, տնտեսական և ազգային [անվտանգությունը կանգնելու է լրջագույն սպառնալիքի առաջ։]

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ