Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Վեհափառի անվան շահարկումն ու հոգևոր հետևանքները

Վեհափառի անվան շահարկումն ու հոգևոր հետևանքները
13.08.2026 | 16:55

Ցավալի է տեսնել ու լսել, թե ինչպես է երկրի գլխավոր օրենսդիր ամբիոնը վերածվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան շահարկման, փողոցային բամբասանքների ու պիտակավորումների վայր։

Մի վայր, որտեղից պետք է հնչեին պետության անվտանգությանն ու հայրենիքի ապագային վերաբերող լուրջ, կշռադատված ու ռազմավարական ելույթներ, այսօր ծառայեցվում է Մայր Եկեղեցին ու Հայոց Հայրապետին վարկաբեկելու անհարկի փորձերին։

Ցավալի է, որ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել է էժանագին թատերաբեմի՝ ոչ մարդկանցից են ամաչում, ոչ Աստծուց են վախենում։

Եկե՛ք քննենք․

1․ Սուրբ Գիրքն ու Եկեղեցու դարավոր հոգևոր փորձը վկայում են, որ հոգևոր իշխանության հանդեպ ատելությունն ու արհամարհանքը հեռացնում են մարդուն Աստծո շնորհից և վտանգում նրա հոգևոր կյանքը։ Այդ վիճակում մնալը կարող է մարդուն հասցնել հոգևոր կուրության, սրբության զգացողության կորստի և ներքին խռովության։

2․ Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, իսկ Կաթողիկոսը՝ այդ Մարմնի երկրավոր տեսանելի առանցքն ու հայրը։ Ինչպես ընտանիքում հորը նվաստացնող զավակն ինքն իրեն դուրս է դնում ընտանիքի օրհնությունից, այնպես էլ հոգևոր կյանքում Հայրապետին անարգողը վտանգում է իր հոգևոր հաղորդակցությունը Մայր Եկեղեցու հետ։ Նա իրեն կամովին զրկում է այն հոգևոր պտուղներից, որոնք բաշխվում են Եկեղեցու միջոցով։

3․ Հոգևոր առաջնորդին անարգելու հիմքում միշտ ընկած է ամենավտանգավոր մեղքերից մեկը՝ հպարտությունը։ Այն անձը, ով իրեն իրավունք է վերապահում դատելու և նվաստացնելու Աստծո կողմից կարգված հովվապետին, հոգեպես դառնում է ինքնահավան ու եսակենտրոն։ Իսկ Աստվածաշունչը հստակ զգուշացնում է.

«Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակ․ 4:6): Աստծուն հակառակ կանգնած մարդու հոգևոր հետևանքը միշտ կործանարար է։

4․ Սուրբ Գրքում կան բազում օրինակներ, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր ըմբոստանում են Աստծո ընտրյալ առաջնորդների դեմ։ Հին Կտակարանում Կորխի, Դաթանի և Աբիրոնի պատմությունը (Թվեր 16), ովքեր ըմբոստացան Մովսեսի և Ահարոնի քահանայապետության դեմ, ցույց է տալիս, որ սրբության հանդեպ արհամարհանքը բերում է հոգևոր ու ֆիզիկական կործանման։

5․ Նույնիսկ եթե երկրային կյանքում այդ անձն արտաքուստ հաջողություններ ունենա, հոգևոր կյանքի օրենքներով՝ հոգևոր իշխանության հանդեպ ատելությունն ու արհամարհանքը վտանգում են մարդու հոգու խաղաղությունը։ Չարախոսությունն ու բանսարկությունը ներսից քայքայում են մարդու բարոյական հիմքերը՝ նրան դարձնելով ատելության գործիք։

6․ Հայ Եկեղեցու Հայրապետին աշխարհիկ անունով դիմելու միջոցով նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը, այլ բացահայտում է սեփական հոգևոր, պատմա-մշակութային և պետական մտածողության սնանկությունը։

7․ Ամենայն Հայոց Կաթողիկոսին աշխարհիկ անունով անվանողները չեն վիրավորում անհատին, այլ արհամարհում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա ավանդույթը, նրա կանոնական կարգը և նույնիսկ այն պաշտոնական իրավական կարգավիճակը, որով Վեհափառ Հայրապետը գրանցված է ՀՀ պետական փաստաթղթերում։

8․ Սեփական դիվիդենտները շահելու ակնկալիքով Եկեղեցու անունը քաղաքական կամ անձնական նպատակներով շահարկելը, ամբիոնից հեգնանքով Վեհափառի աշխարհիկ անունը հնչեցնելը պետական մտածողության ողբերգական անկում է։

9․ Երբ երկրի օրենսդիր մարմնից համակարգված կերպով փորձում են նվաստացնել Հայրապետական Գահն ու հոգևոր նվիրապետությունը, դրանով չեն թուլացնում Կաթողիկոսին․ դրանով հարվածում են բոլորիս հոգևոր անվտանգության ու ազգային միասնության հիմքերին։

10․ Վեհափառին իր աշխարհիկ անունով կոչելու այս մոլուցքը սարսափելի զուգահեռներ է արթնացնում 1930-ականների աստվածամերժ բոլշևիկյան ռեժիմի հետ։ Չեկիստներն ու բոլշևիկներն էին այդպես դիմում հոգևորականներին՝ նրանց անվանարկելով և աշխարհիկ անուններով կոչելով, նախքան Մայր Եկեղեցին թալանելը և Խորեն Ա Մուրադբեկյան Կաթողիկոսին խեղդամահ անելը։

Այսպիսով․ Հոգևոր առումով՝ նա, ով նվաստացնում է Կաթողիկոսին և արհամարհում Եկեղեցու նվիրապետական կարգը, ոչ թե վնասում է Եկեղեցուն (որովհետև Քրիստոսի խոստմամբ՝ Եկեղեցին անպարտելի է), այլ վտանգում է սեփական հոգու փրկությունը։ Նա վտանգում է իր հոգևոր կյանքը և կանգնում է Աստծուց հեռանալու, Նրա պահպանիչ շնորհից զրկվելու, հոգևոր սնանկացման ու կորստյան ճանապարհին, եթե ժամանակին չգա սթափության, զղջման և ապաշխարության։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 156

Մեկնաբանություններ