«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Կտրած ու ծերերը սրած փոսերի» ցուցահանդես

«Կտրած ու ծերերը սրած փոսերի» ցուցահանդես
02.04.2026 | 15:07

Գյումրու փողոցներում հերթական անգամ մեկնարկել է «Կտրած ու ծերերը սրած փոսերի» ցուցահանդեսը:

Մեթոդիկան հանճարեղ է, կտրել ասֆալտը այնպիսի ճշգրտությամբ, որ վարորդը ստիպված լինի ընտրել՝ վնասել անվադողը, թե՞ ջարդել ընթացային մասը։ Ու քանի որ մենք հյուրասեր քաղաք ենք, այդ փոսերը բաց ենք թողնում շաբաթներով, որպեսզի բոլորը հասցնեն վայելել։

Իսկ գիտե՞ք, թե ինչու են մեր քաղաքում փոսերը կտրում ու ամիսներով թողնում բաց վերքի պես։ Դա պարզապես ասֆալտապատում չէ, դա ստրատեգիական դիզայն է: Մարդիկ հատուկ սուր անկյուններով կտրում են, որպեսզի վարորդները չմոռանան, որ զգոնությունը կյանք է, իսկ անվադողն ու ամորտիզատորը՝ ընդամենը անցողիկ շռայլություն։

Այս «Տետրիս» մեթոդը հավանաբար աշխարհի ամենաերկար տևող տեխնոլոգիական պրոցեսն է, որը մեզ մոտ բաղկացած է երեք փուլից`

Ամիս առաջին. փորել և սրել եզրերը, որպեսզի մեքենայի ընթացային մասերից եկող չխկոցը լինի առավելագույնս էսթետիկ։

Ամիս երկրորդ. թողնել, որ փոսն ինտեգրվի շրջակա միջավայրին՝ լցվելով ջրով ու ցեխով։

Ամիս երրորդ. մուրճով ոտքին խփելու հնացած մեթոդի փոխարեն փոսերն ընկնելով փորձարկել վարորդների նյարդային համակարգի քայքայվածության աստիճանը։

21-րդ դարում, երբ աշխարհը խոսում է ժամանակակից և երկարակյաց նյութերով պատրաստված ճանապարհների մասին, մենք դեռ հավատարիմ ենք մեր քարանձավային մշակույթին։ Համաձայնեք, որ Գյումրիում ասֆալտապատման այսպես կոչված «կտրել-թողնել» մեթոդը դարձել է քաղաքային տնտեսության այցեքարտը։

Եվ հարցն այն է, որ պատասխանատուները կարծելով, թե փոսը կտրելով գործ են արել, նրանք իրականում արհամարհում են մարդկանց ժամանակն ու գույքը։ Իրականում սա կառավարման ճգնաժամ է, որտեղ բացակայում է պատասխանատվության զգացումը։

Հիմա հարց, ո՞րն է պատճառը. անգրագիտությո՞ւնը, թե՞ այն համոզմունքը, որ գյումրեցին ամեն ինչի կդիմանա։ Լավ, բա մեքենաների ջարդված մասերի հաշիվը ո՞վ է տալու, բա փեշով գույկահարկը ինչու՞ ենք վճարում։

Հարգելի՛ պատասխանատուներ, ձեր «Տետրիսը» վաղուց Game Over է եղել, մեզ պետք են ճանապարհներ, ոչ թե ականապատ դաշտեր։

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 5102

Մեկնաբանություններ