ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Որքան՝ վատ, այնքան՝ լավ

Որքան՝ վատ, այնքան՝ լավ
02.08.2026 | 14:01

Մի՞թե մենք նման չենք բոլորին, մարդկությանն անհայտ տեսակ ենք, և մի՞թե սա է մեզանից շատերի սկզբունքն ու կենսակերպը, և մի՞թե այս կերպ ինքներս մեզանից վրեժ ենք լուծում մեր անճարության, խեղճության ու անկարողության համար, սիրելի՜ հայրենակիցներ։ Եվ ինչո՞ւ մենք տանել չենք կարողանում լավերին, խիզախներին, հանճարներին, արժանիներին, գեղեցիկներին, ինչո՞ւ ենք պաշտում, սիրում գորշությունն ու միջակությունը։

Գիտության փոխարեն ընդունում ենք տգիտությունը, կրթվածության փոխարեն անգրագիտությունը, բարեկեցության փոխարեն թշվառությունը, ապրելու փոխարեն պաշտում ենք մահը և ձգտում ինքնաոչնչացման։ Ողջերի փոխարեն ավելի շատ մեռելներին ենք ուշադրություն դարձնում, ներկայի ու ապագայի փոխարեն անցյալին, իրական արժեքների փոխարեն կարևորում ենք կեղծ արժեքները, բովանդակության փոխարեն ձևը։ Շուքով մեռելոցներ ենք նշում․ մեր ծնողներին էլ շատերը, կենդանության օրոք սիրելու, արժևորելու փոխարեն, մեռնելուց հետո են մեծարում ու շքեղ գերեզմաններ կառուցում։ 100-ից ավելի տարի առաջ ցեղասպանվածների օրը հարյուր հազարներով Ծիծեռնակաբերդ ենք այցելում (ինչը, անշուշտ, շատ գնահատելի է), սակայն դրա հետ միասին կարծես շատերը ոչ թե սգալու կամ նրանց հիշատակը հարգելու համար են գնում, այլ ձևականության։ Եվ կարծես ավելի քիչ ենք մտահոգվում ներկա ու նոր ծնվող սերունդների ներկայի ու ապագայի համար։

Դուրս չեկանք, չպայքարեցինք երեկվա ցեղասպանությունն Արցախում կանխելու համար, դուրս չենք գալիս ու պայքարում ազգի ու պետության այսօրվա կործանումն ու ցեղասպանությունը կանխելու համար։ Ոչ միայն դուրս չենք գալիս, այլև մեր ընտրությամբ նախընտրում ենք թրքահպատակությունը, հետևաբար՝ գնում ենք մի նոր ցեղասպանության ու ինքնաոչնչացման։

Չգիտես թե ինչու ենք երախտամոռ մեր բարերարների, դաշնակիցների ու մեր անվտանգության երաշխավորների նկատմամբ, հասկանալի չէ, թե ինչու ենք ջերմ հարաբերությունները սառեցնում Ռուսաստանի ու Իրանի հետ։ Անհասկանալիորեն չենք սիրում մեր ազգի նվիրյալներին, բարերարներին ու մեծերին, ատում ու «գլխատում» ենք նրանց, սակայն պաշտում ենք ու պատիվներ շնորհում պարտվողներին, վախկոտներին, մեզ նվաստացնողներին, ահաբեկողներին, մեզ մատնողներին ու դավաճաններին։ Բարեկամների ու դաշնակիցների փոխարեն վստահում ու մեծարում ենք թշնամիներին․ մեր բարձր ազգային արժեքներն ու սովորույթները թողած՝ օտարների կեղծ արժեքներն ենք պաշտում ու մեծարում, մեր ապագան ու երջանկությունն էլ մեր սուրբ հողում փնտրելու փոխարեն՝ օտարության մեջ ենք որոնում։

Սա պարզապես մարդկությանն անհայտ ու անհասկանալի տեսակ է, սա չկայացած, թույլ ու խղճուկ ժողովուրդների հատկություն է, երբ փրկության այլ ելք չեն տեսնում, քան ինքնասպանությունն է, քան հնազանդությունն ու ստրկությունը, հպատակությունն ու նվաստանալը։ Սա ազգային մեծ ողբերգություն է, ցավ է, աղետ է։

Երբ այս բովանդակությամբ իմ ծննդավայրում զրուցում էինք համագյուղացիների հետ, նրանցից մեկը, ով տասնյակ տարիներ անասնապահ էր եղել, ասաց․ «Երբ գայլերի ոհմակը մտնում է ոչխարի հոտի մեջ, ոչխարները սիրախաղ են տալիս գայլերի՝ իրենց հոշոտողների հետ»՝ դրանով իսկ սպառիչ ու փիլիսոփայական պատասխան տալով մեր կողմից քննարկվող հարցին։

Իսկ որտե՞ղ պետք է փնտրել մեր այս ծայրահեղ խառնվածքի սոցիալ-հոգեբանական արմատները, չէ՞ որ մեր արմատներն ազնվականության, խիզախության ու տաղանդի մասին են խոսում։ Մի գուցե այս ամենն արդյունք է, ինչպես Բայրոնը կասեր, «օտար նվաճողների կեղեքման» և ազգային ինքնության ստացած ու դեռ չապաքինված խորը վերքերի, դառնացածության ու չարացածության, որը ծնում է նախանձ, ատելություն, խեղճություն ու վախկոտություն։

Ինչևէ, այս վիճակը մտահոգիչ է ու կործանարար, իսկ այս վիճակից դուրս գալու մեկ ելք կա․ դա, ինչպես Նժդեհը կասեր, «ազգի վերադաստիարակումն է», ինչին պետք է լծվի ազգի հոգևորական, մտավորական, գիտական, քաղաքական նվիրյալ ու մտահոգ հատվածը, և նախևառաջ՝ հայ ուսուցչությունը, որը, ցավալիորեն, ընդունել է կրավորական կեցվածք։ Մինչդեռ հանճարեղ Թումանյանը հենց ուսուցիչներին էր տեսնում որպես առաջամարտիկ լույսի ու ստվերի միջև պայքարում։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 204

Մեկնաբանություններ