«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

«Քայլարած բառիգայի» հեքիաթը

«Քայլարած բառիգայի» հեքիաթը
03.02.2026 | 12:39

Մանկության ու դպրոցական տարիներին մեր հեքիաթի հերոսն աչքի էր ընկնում լաչառությամբ ու լոպազությամբ։ Հատկապես յոլա չէր գնում աղջիկների հետ՝ նրանց հասցեին հաճախ կռալով, թե՝ «վաղը ձեր վրա նույնիսկ թքող չի լինի»։ Աղջիկները շան տեղ չէին դնում եւ իրար մեջ սրան ղզիկ-բայղուշիկ էին կոչում։

Վաղ պատանեկության շրջանում մեր հերոսը դարձավ աննկուն պահանջատեր։ Օրվա իշխանություններից պահանջում էր օրինականացնել մարիխուանան ու մարմնավաճառությունը։ Իշխանությունը չընդառաջեց, բայց ինքը հնարավորությունը բաց չէր թողնում անձնական օրինակով ցույց տալու դրանց օգտագործման ձեւերն ու եղանակները։ Հերոսի մերձավոր գործընկերներից մեկը ժամանակին բավականին փաստարկված, ամբողջական ու համոզիչ նրան կոչեց հավեժ մարմնավաճառ, ինչը հետագայում դարձավ հերոսի քաղաքական կեղծանունը։

Հասուն պատանեկության տարիներին մեր հերոսը լուրջ հաջողությունների հասավ էրոտիկ ֆիլմերում նկարահանվելիս ու ակվարիումներում կրքոտ պորտապարեր ցուցադրելիս։

Ավելի ուշ, քծնանքի ու իրեն հատուկ այլ հնարքների շնորհիվ, կարողացավ տեղավորվել փողատերերի գրպաններում՝ ստանձելով նրանց կողմից օրվա իշխանություններին շնորհավորանքներ ու նվերներ փոխանցող փողկապավոր առաքիչի դերը։

Ժպիտը դեմքից անպակաս էր։ Նախկին իշխանության ոչ երկրորդական դեմքերից մեկը պատմում է, որ հերթական նվերը փոխանցելիս իր մեջ տպավորվել է ոչ այնքան թանկարժեք փողկապն ու զառամյալ տարիքով կոնյակի շիշը, որքան բազմանշանակ ժպիտն ու, հատկապես, ձախ աչքով անելը։ Պատահական չէ, որ հեքիաթի հերոսի անունը գրելիս վերջում հիմնականում Ь(ռուսական МЯГКИЙ ЗНАК) խորհրդանշող տառն էին ավելացնում։ Չերկարացնեմ՝ հեքիաթի հերոսին շատ-շատ էին սիրում։

Բայց ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող եւ բարձր պաշտոն։ Ինչ գաղափարախոսությամբ եւ որ թիմի հետ՝ կարեւոր չէ՝ ցանկացած։ Իսկ թե իշխանության որ ոլորտն էր իրեն ավելի հոգեհարազատ՝ այստեղ արդեն մտածել էր պետք… Երկար գցեց-բռնեց եւ հայտնաբերեց, որ իր էությանն ավելի հոգեհարազատ է զավզակությունն ու անիմաստ բարբաջելը։

Ուրեմն՝ խորհրդարան։ Բայց ինչպե՞ս… Միանգամից հիշեց Հռոմի Կալիգուլա կայսեր Ինկիտատոս ձիու սենատոր դառնալու պատմությունը… Եւ անմիջապես էլ իր մեջ հարց ծնվեց՝ իսկ ինքն ինչո՞վ է պակաս Ինկիտատոսից։ Ինքնահամոզումը երկար չտեւեց՝ ոչնչով։ Մանրամասն ուսումնասիրեց սենատոր ձիու առավել աչքի ընկնող հիմնական հատկանիշներն ու վեց ամիս անմռունչ պարապելուց հետո խրխնջալը, քացի տալն ու թքելը հերոսի մոտ հասավ արվեստի մակարդակի։ Նույնիսկ փողոցում քայլերիս ինքնագոհ խրխնջում էր, քացի տալիս եւ, հատկապես, դիպուկ թքում, ինչը ընտանեկան գենետիկա էր։

Եւ ուրեմն՝ ձին պատրաստ է, մնում է հեծվորը։ Փնտրտուքը նույնպես երկար չտեւեց։ Հեռավոր ինչ-որ գյուղից, ծնողներին թշնամու գնդակոծության տակ թողած ու խուրջինը ուսերին գցած մի դասալիք, չարությամբ, իշխանատենչությամբ ու պոպուլիզմի ահռելի պաշարով պրկված, քայլարածություն էր սկսել դեպի մայրաքաղաք՝ իշխանությունը զավթելու ծրագրով։ Ժողովրդին ուղղված կարգախոսը բավական գայթակղիչ էր՝ յուրաքանչյուր քաղաքացու խոստանում էր վարչապետի պաշտոն։ Կարճ ժամանակ անց իր շուրջը կարողացավ հավաքել հազարավոր խուրջինավորների ու միամիտների եւ մերօրյա Ինկիտատոսի վրա բազմած՝ զավթել իշխանությունը։

Եւ, ահա, հենց այդ պահից էլ սկսվեց հեքիաթի մեր հերոսի պետականաստեղծ հզոր ծրագրերի իրականացման հախուռն շրջանը։

Մերօրյա Կալիգուլան, որպես պետության անվտանգությունն ապահովող ռազմավարական կարեւորագույն ոլորտ, լրջագույն դեր հատկացրեց փողոցների ասֆալտապատմանը եւ այդ ոլորտը վստահեց Ինկիտատոսին։ Հաջորդ օրն իսկ մեր հերոսը ոլորտի հետագա զարգացման համար երկու կարեւորագույն օրենքներ ընդունել տվեց՝ յուրաքանչյուր փողոց պետք է ասֆալտապատվի ոչ պակաս, քան տարին երկու անգամ եւ տենդերը միշտ պետք է շահի իր հարազատը։

Ըստ թիմակիցների հավաստի տեղեկությունների, կառավարությունը երկու հարեւան պետությունների հետ միջպետական բանակցություններ սկսեց, որպեսզի նրանց երկրների փողոցների ասֆալտապատումը նույնպես վստահեն մեր հերոսի տնօրինությանը։ Հարեւանները համաձայնեցին՝ պարտադրելով նրանց ընդունել դարերից եկած իրենց պետության համար կարեւորագույն մի քանի պայմաններ. հիմնահատակ քանդել պետության հենասյուն հադիսացող Սուրբ Եկեղեցին, մոռանալ իրենց կողմից իրականացրած ցեղասպանությունն ու չբարձրաձայնել ցեղսպանության մասին միջազգային կառույցներում։ Բանակցող կողմը սիրելի հարեւանների պարտադրանքը ընդունեց հոտընկայս՝ գլուխների խոնարհումով։

Կալիգուլայի ձիու իր կարգավիճակն օգտագործելով մեր հերոսը կարողացավ նաեւ ճարպկորեն սողոսկել խաղային բիզնես։

Կարճ ասած՝ մեր հերոսի համար ծովը ծնկներից էր, իսկ ասֆալտի տենդերների ու խաղամոլության միջոցով դեպի իր գրպանները հոսող դրամակույտերը՝ անչափելի։

Հերթական օրվա ավարտին մեր ամենակարող Ինկիտատոսի զրահապատ մեքենան, մի քանի այլ մեքենաների ուղեկցությամբ, շարժվեց բոլորովին վերջերս կառուցած իր շքեղ առանձնատան ուղղությամբ։ Հերոսի դեմքը պայծառանում էր, նույնիսկ փորձում էր նստած տեղում պորտապարային շարժումներ անել, երբ մեքենան անցնում էր նոր ասֆալտատատված փողոցով, եւ ինքը շնչում էր ասֆալտի ախորժաբեր թարմ բույրը…

Ամառանոցի մուտքի մոտ, բաժանվելով անվտանգության աշխատակիցներից, մոտեցավ բակ տանող դարպասին։ Իրեն հանկարծ թվաց, որ իր ուղղությամբ կա սեւեռված ագրեսիվ հայացք։ Հետ շրջվեց ու սարսափեց՝ իրեն թվաց, թե դա այն երիտասարդի հայացքն է, ում ձեռքերն անվտանգության աշխատակիցները ոլորեցին, եւ ինքը թքեց նրա դեմքին։

Զգաց, որ անդրավարտիքը խոնավանում է։ Երիտասարդը այդտեղ էր, թե ոչ՝ դժվար էր ասել, որովհետեւ իր աչքերի առջեւ հաճախ էր հառնում այդ երիտասարդը՝ վրեժառուի հայացքով։ Անմիջապես անվտանգության աշխատակիցներին հրահանգեց հետ դարձ կատարել եւ իրեն ուղեկցել մինչեւ ննջասենյակ։

Արդեն անկողնում, մանրամասն ծանոթանալով ասֆալտի տենդերների ու մոլախաղերի բերած օրվա հասույթին, վայելեց երջանիկ վայրկյաններ ու հեզասահ ընկղմվեց Մորփեոսի գիրկը։

Ինչպես բոլոր հեքիաթներում, մեր հեքիաթի վերջում էլ երկնքից երեք խնձոր է ընկնում. մեկը՝ մերօրյա Կալիգուլային, մյուսը՝ հանապազօրյա Ինկիտատոսին, երրորդն էլ՝ հեքիաթի հերոսին տեղը չբերող ընթերցողին։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 166

Մեկնաբանություններ