Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Շարիկովշչինա՝ «Ժուժուի կամեռայի» հովանու տակ

Շարիկովշչինա՝ «Ժուժուի կամեռայի» հովանու տակ
22.07.2026 | 18:07

(մեդիա-ճիզվիտի հերթական կլոունադան)

AVETISYAN NEWS մակագրությամբ սադրիչ տեսանյութը (հղումը՝ Հ․Գ․-ում), որն այսօր առավոտից արդեն դարձել է լրահոսի գլխավոր «հիթը», մեդիա-լկտիության հերթական դասագրքային օրինակն է։ Տեսախցիկի առջև՝ շուկայում ազնիվ քրտինքով հաց վաստակող երիտասարդն է, իսկ նրան բացահայտ տեռորի ենթարկողը՝ նախկին մի քանի տիրոջից «փախած», վերջում իշխանական հովանոցի տակ ծվարած, տնաբույծ ու տնաբույս մի «քաղաքագետ»՝ «Արամ Ավետիսյան» վերնագրով։

Առաջին միտքը, որ անպատշաճ կերպով, բայց կայծակնային ճշգրտությամբ փայլատակեց ուղեղումս, ռուսական հայտնի, չափազանց կոպիտ, գուցե և գռեհիկ, բայց տվյալ պահի ոգուն կատարելապես համահունչ իդիոմատիկ դարձվածքն էր՝ «морда напрашивается на кирпич»!

Որպեսզի հետագա ասվածը չմնա «օդից կախվածի» դեղնոտ չափումներում, ներկայացնեմ մեդիա-տեռորի հակիրճ սղագրությունը.

ԱՐԱՄ - Էդ ու՞մ ասիր դավաճան։ Էդ ինչ- որ մեկը դավաճան ասե՞ց։

ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ - Հա՛, ասի, ի՞նչ կա։

ԱՐԱՄ - Ո՞վ ա դավաճան։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Հողատուները։

ԱՐԱՄ - Հողատուն ո՞վ ա։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Չգիտե՞ս ով ա։

ԱՐԱՄ - Ո՛վ ա, քեզ եմ հարցնում։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Ինձի մի հարցրու։ Դու լավ գիտես ով ա։

ԱՐԱՄ - Ըտենց որ մեծ-մեծ բան ես խոսում․․․

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Լավ եմ անում։ Գնա ուրիշին հարցերդ տուր։

ԱՐԱՄ - Պրոբլեմ ե՞ս քեզի սարքում։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Դու ես պրոբլեմ ման գալիս, ոնց որ։

ԱՐԱՄ - Հեսա քեզի պրոբլեմ կստեղծեմ։ Նկարի։ Ավտոյի համարները նկարի։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Էս իմ ավտոն չի, մի նկարի։

ԱՐԱՄ - Դավաճանը գիտե՞ս ով ա։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Հողատուն։

ԱՐԱՄ -Ո՞վ ա հողատուն։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Ով որ հողերը տվել ա։

ԱՐԱՄ - Ո՞վ ա հողերը տվե։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Ով որ Ղարաբաղը տվել ա։

ԱՐԱՄ - Ո՞վ ա, ո՞վ ա Ղարաբաղը տվե։ Քոչարյան վիժվածքն ա Ղարաբաղը տվե, իր ճտերի հետ, արա՛։ Էղա՞վ։ Հա՛, կարամ ապացուցեմ։ Համարս կտամ, կգաս քաղաք կապացուցեմ, արա՛։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Արան դու՛ ես։

ԱՐԱՄ - Արա ես ոտից գլուխ, արա՛ ես արա։ Համբալներին նայի։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Գնա՛ ստեղից։

ԱՐԱՄ - Ով որ մեզի հողատու կասի՝ իրա մերն էլ, իրա հերն էլ, արա՛ (փողոցային կեղտոտ հիշոց)։

Նկարի, սաղ նկարի։ Ինքը խուլիգանության համար դատվելու յա։ Դու՛ դատվելու ես խուլիգանության համար։

ԵՐԻՏԱՍԱՐԴ - Խուլիգանը դու՛ ես։ Եկել ես հրահրում ես։

ԱՐԱՄ - Ես չեմ հրահրում։ Դու ես դավաճան ասե, հողատու․ հետո քֆուր ես տվե։ Դու դատվելու ես։ Դու Ժուժուի կամեռում նստելու ես, էղա՞վ, արա։ Քիսոյի հետ ես նստելու։ Դու դատվելու ես, արա։ Խուլիգանության համար դատվելու ես։

Ի՞նչ բնութագրում տալ այս ամենին, եթե ոչ՝ դասական շարիկովշչինա։

Սույն «մեդիա-գործիչը», ի դեպ, համաշխարհային գրականության մեջ ունի մի քանի չափազանց ճշգրիտ, կանոնիկ նախատիպեր։ Բայց ամենադիպուկն ու ամբողջականը, թերևս, Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վիպակի հռչակավոր հերոսն է՝ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովը։

Զուգահեռներն այնքան ակնհայտ են, որ թվում է, թե մերօրյա այս «քաղաքագետը» բառ առ բառ պատճենում է բուլգակովյան կերպարի վարքագիծն ու հոգեբանական դիմագիծը։ Սա պարզապես նմանություն չէ․ սա նույն գենետիկական կոդն է, նույն տեսակը, որը փողոցային մակաբույծից հանկարծ վերածվել է «սոցիալական արդարադատություն» իրականացնողի։

Քննարկենք այս երկու «հերոսներին» միավորող և նույնացնող առանցքային շերտերը․

ա) Անպատժելիության զգացումն ու «իշխանական վկայականը»

Բուլգակովյան Շարիկովը, ստանալով թափառող կենդանիների ոչնչացման բաժնի վարիչի պաշտոնը, ակնթարթորեն որոշեց, որ ինքն այլևս «ընտրյալ» է․ իրավունք ունի բոլորին վախեցնելու, դասեր տալու և «Շվոնդերով» սպառնալու։

Մերօրյա «հերոսը», իշխանական հովանոցի տակ ծվարելուց հետո, տեսախցիկն ու «լրագրողական» կարգավիճակը դարձրել է սովորական մահակ։ Նրա հիստերիկ սպառնալիքները՝ «Ժուժուի կամեռում ես նստելու», «Քյսոյի հետ ես նստելու», «Հեսա քեզի պրոբլեմ կստեղծեմ», 100%-ով կրկնում են Շարիկովի՝ պրոֆեսոր Պրեոբրաժենսկուն և Բորմենտալին ուղղված մատնությունների, սպառնալիքների ու «Շվոնդերով վախեցնելու» նույն պրիմիտիվ ձեռագիրը։

բ) Ստնտուներին դավաճանելու և «տերեր» փոխելու բնազդը

Բուլգակովյան Շարիկովը պատրաստ էր ցանկացած պահի հոշոտելու ու մատնելու իրեն սնողին, բուժողին, փողոցից վերցնելով մարդ դարձնողին՝ պրոֆեսոր Պրեոբրաժենսկուն։

Մերօրյա «Շարիկովը» նույն թեթևությամբ «թռավ» իր բոլոր նախկին տերերից ու ստնտուներից (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գառնիկ Իսագուլյան, Արշակ Կարապետյան) և, քաղաքական հարմարվողականության վերջին ակտով, «փափուկ վայրէջք» կատարեց «ներկաների» տաքուկ թռիչքուղում։

Այսօր նա նույն կատաղությամբ թույն ու թարախ է ժայթքում իր երեկվա կերակրողների հասցեին՝ մոռանալով, որ շարիկովյան հավատարմությունը տևում է ճիշտ այնքան, որքան ձգվում է կերամանն ապահովելու տիրոջ կարողությունը։

գ) Փողոցային լկտիությունն ընդդեմ աշխատավոր մարդու արժանապատվության

Բուլգակովյան Շարիկովին հատուկ էր փողոցային հայհոյախոսությունը, անսանձ լկտիությունը և նախանձախառն ատելությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր ունեին բանականություն, կրթություն ու արժանապատվություն։

Նույն պատկերն էլ այստեղ է․ տեսախցիկով սադրիչն իր փողոցային կեղտոտ հիշոցներով ու հիստերիայով բախվեց շուկայում ազնիվ քրտինքով հաց վաստակող երիտասարդի լուռ, զուսպ ու տղամարդկային արժանապատվությանը։ Սա բախում էր երկու տեսակի միջև․ մի կողմից՝ իշխանական հովանոցի տակ լկտիացած մակաբույծը, մյուս կողմից՝ սեփական քրտինքով ապրող, ինքնասիրություն ունեցող ՀՀ քաղաքացին։

Ասվածի ամենացայտուն, զավեշտալի ու միաժամանակ զզվելի ապացույցը սույն «քաղաքագետի» լկտի հայտարարությունն է․

«Քոչարյան վիժվածքն ա Ղարաբաղը տվե, իր ճտերի հետ»։

Սա հայտարարում է մի արարած, որը դեռ երեկ թունդ քոչարյանական էր, բաց չէր թողնում Ռոբերտ Քոչարյանի դատական և ոչ մի նիստ, անընդհատ «կլորանում էր» տեսախցիկների առջև՝ ցուցադրաբար «հավատարմություն» հայտնելով երկրորդ նախագահին, իսկ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին պատեհ-անպատեհ պիտակավորում էր ամենակեղտոտ բառապաշարով։

Այսօր, սակայն, քաղաքական տիրոջ հերթական փոփոխությունից հետո, նույն այդ «մեդիա-մուտանտը» սկսել է կատաղությամբ վայրահաչել իր երեկվա կերակրողների ու «պաշտպանյալների» վրա՝ լկտի հույսով, որ նոր տերերն ավելի առատորեն կգնահատեն իր կեղտոտ «ծառայությունները»։

Սա վաղուց արդեն սովորական քաղաքական անկայունություն կամ հարմարվողականություն չէ․ սա շարիկովյան այն գենետիկ տեսակն է, որն «իշխանական վկայական» ստանալու պահից ի վեր պատրաստ է անխղճորեն հոշոտելու բոլոր նրանց, ում առջև դեռ երեկ ջանասիրաբար պոչ էր խաղացնում։

Ի դեպ, սույն «քաղաքագետի» ներքին կոդն ու իրական էությունը ճիշտ ժամանակին կարդացել, գաղտնազերծել ու ըստ արժանվույն գնահատել էր քաղաքական, ռազմական գործիչ, հետախույզ Գևորգ Գևորգյանը, երբ խայտառակ ձևով սույն ճիզվիտին պարզապես վռնդեց իր գրասենյակից։

Սա լավագույն ապացույցն է, որ տարրական արժանապատվություն, ինքնասիրություն ու տեսակ ունեցող մարդիկ շարիկովների հետ այլ կերպ վարվել պարզապես չեն կարող։

Օրվա «հիթ» դարձած շուկայական բախումը, ի դեպ, պատահական կենցաղային միջադեպ չէ, այլ, ինչպես կասեր հայտնի բլոգեր Էլդար Բերեզովսկին՝ «натуральный джамшутизм»՝ համեմված ռուսական НТВ-ից թռցրած պրիմիտիվ, սենսացիոն «պրիոմներով»։ Սև ակնոցով սույն «կլոունը», քաղաքական էժան սպասարկուից զատ, որոշել է խաղալ նաև «հատուկ նշանակության լրագրող»․ դրոնով նկարահանում է իր սև ավտոմեքենայի տեղաշարժը, ռացիայով «սպեցնազական» կապի մեջ է մտնում աշխատակցի հետ, թե՝ «3-4 րոպեից տեղում կլինեմ», ու այս ողջ ծիծաղելի կապիկությունը փաթեթավորում յութուբյան իր ալիքում՝ հայհոյախառն ու սպառնալիքներով լի «բացահայտումների» տեսքով։

Բայց պատմությունն ունի իր քրեստոմատիական անողոք դասերը․ բոլոր շարիկովները վերջում կորցնում են «վկայականները», իսկ նրանց «ժուժուներն» ու ռացիաներով էժան շոուները նետվում են աղբանոց։

Վերջում մնում է միայն անունը, որն արդեն իսկ դավաճանության, ճիզվիտական նենգության և շարիկովյան ողորմելիության դասագրքային դիագնոզ է։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

https://www.facebook.com/reel/1924117741612310

Դիտվել է՝ 457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ