ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայկական բալետի նվիրյալն ու ճարտարապետը

Հայկական բալետի նվիրյալն ու ճարտարապետը
20.11.2026 | 11:33

ԶԱՐԵՀ ՄՈՒՐԱԴՅԱՆ․ այս անունը կապվում է հայկական բալետային արվեստի ձևավորման և զարգացման տարիների հետ և արժանի տեղ է գրավում մեր թատերական մշակույթի պատմության մեջ։
Զարեհ Մուրադյանը ծնվել է մտավորականի ընտանիքում 1913 թվականին, Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում, որը բազմաթիվ հայ գրողների և արվեստագետների բնօրրանն է։ 1915-ին նա կորցնում է հորը՝ անվանի փաստաբան և ազգային գործիչ Մուրադ Մուրադյանին, որը զոհ է գնում օսմանյան յաթաղանին։ Տեղահանվելուց հետո Մուրադյանների ընտանիքը, անցնելով դեգերումների ճանապարհներ, 1918 թվականին հաստատվում է Հալեպում, իսկ 1925-ին ներգաղթում Հայաստան։
Զարեհ Մուրադյանի արտիստական հակումները և ունակությունները դրսևորվել են պատանեկան տարիներից․ նա հայ պարարվեստի մեծ երախտավոր Վահրամ Արիստակեսյանի ամենասիրելի աշակերտներից էր։ Երևանի խորեոգրաֆիկ ստուդիայում ուսանելուց հետո նա կառավարության որոշումով 1932 թվականին գործուղվում է Մոսկվա՝ Մեծ թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում կրթություն ստանալու համար։ 1935-ից նա արդեն հանդես է գալիս Մեծ թատրոնի բեմում նախ՝ որպես բալետի արտիստ, իսկ շատ չանցած՝ արդեն իբրև մենակատար։ Այդ տարիներին նա դերապարերով հանդես է գալիս Ասաֆևի «Կովկասի գերին» և «Բախչիսարայի շատրվան», Օրանսկու «Երեք հաստլիկներ» բալետներում, ինչպես նաև Մեծ թատրոնի մի ամբողջ շարք օպերային և բալետային ներկայացումներում։
Նույն՝ 1935 թվականից, լինելով փաստորեն երիտասարդ, սակայն ակնառու ձիրքի և կարողությունների տեր արտիստ, նա պարարվեստի պարապմունքներ է անցկացնում Մոսկվայի նշանավոր Կամերային թատրոնի դերասանական խմբի հետ, 1936-ին ազգային պարերի բեմադրական աշխատանքներ իրականացնում «Մետրոստրոյ»-ի խորեոգրաֆիկ համույթում, իսկ նույն տարում հրավիրվում մոսկովյան ամենահեղինակավոր թատերական օջախներից մեկը՝ Վախթանգովի անվան թատրոն, նրա դերասանական կազմի հետ պարի դասավարժանքներ անցկացնելու համար։ Փաստորեն, 30-ական թվականներին և հետագայում ռուսական բեմի փառքն ու զարդը համարվող շատ դերասաններ պարի հմտություններին տիրապետել են Զարեհ Մուրադյանի ջանքերով։
1938-ին նա Միկոյանի հանձնարարությամբ գործուղվում է Երևան՝ ուժեղացնելու մեր նորաստեղծ օպերային թատրոնի բալետային կազմը, քանի որ մեկ տարի անց Մոսկվայում պետք է տեղի ունենար հայ արվեստի առաջին համամիութենական տասնօրյակը՝ նվիրված «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին։ Այդ թվականից ի վեր Զարեհ Մուրադյանն իր ամբողջ հետագա կյանքն անմնացորդ նվիրում է հայկական բալետին, դառնում նրա զարգացման ճարտարապետներից մեկը նախ՝ որպես լավագույն առաջատար մենապարողներից մեկը, ապա՝ իբրև բալետմայստեր, իսկ 1955-ից մինչև 1961 թվականները՝ գլխավոր բալետմայստեր։
Ժամանակակիցները լավ են հիշում, թե ինչպիսի վառ և գունագեղ անհատականություն էր Զարեհ Մուրադյանը 30-ական և 40-ական թվականներին մեծ հաջողությամբ բեմադրված բազմաթիվ բալետային ներկայացումներում՝ դրսևորելով ոչ միայն պարային մաքուր տեխնիկա, այլև բնութագրական կերպար ստեղծելու՝ դրամատիկ թատրոնի դերասանին վայել տաղանդ։ Նրա Նուրալին՝ «Բախչիսարայի շատրվան» բալետում, Աբդուրահմանը՝ «Ռայմոնդա» բալետում, Լի-Շան-Ֆուն՝ «Կարմիր կակաչ» բալետում, Ավետը, իսկ տարիքն անցնելուց հետո՝ Գիքոն՝ «Գայանե» բալետում, իսկական արտիստական նվաճումներ էին՝ բազմաբնույթ, կոլորիտային, էքսպրեսիայով ու էներգիայով լի, հոգեբանական խոշորացումներով ու բնութագրական նրբերանգներով հարուստ։ Ընդ որում՝ նրան հաջողվում էր ինչպես ընդգծված կոմիկականը (օրինակ՝ Վերգոն «Խանդութ» բալետում կամ Բարմալեյը «Բժիշկ Այբոլիտ»-ում), այնպես էլ ողբերգականը։ Անհնար է մոռանալ նրա Արբենինը՝ ճակատագրական վալսը «Դիմակահանդեսից», որը նա կատարում էր Թերեզա Գրիգորյանի հետ։
Զարեհ Մուրադյանը վարպետների մի ամբողջ շքեղ սերնդի ժամանակակիցն է ու գործընկերը՝ Արբատով, Վարկովիցկի, Պավլինե Բուռնազյան, Ազատ Ղարիբյան, Թերեզա Գրիգորյան, Սիլվա Մինասյան, Տաթևիկ Սազանդարյան, Միքայել Թավրիզյան։ Իր բեմադրական գործունեության ընթացքում նա համագործակցել է Վարդան Աճեմյանի, Արմեն Գուլակյանի հետ։
Իբրև բալետմայստեր՝ նա դրսևորել է վառ թատերային մտածողություն, որն արտահայտված էր հատկապես «Դոն Կիխոտ» (1954) և «Վալպուրգյան գիշեր» (1958) բեմադրություններում։ Նա բեմադրել է նաև «Մարմար» բալետը (Արբատովի հետ համատեղ), «Շեհերազադեն» (Բուրմեյստերի հետ համատեղ), «Խանդութը» նախ՝ Վարկովիցկու հետ, իսկ հետագայում՝ 2-րդ խմբագրությամբ առանձին, «Սոնան»՝ Ազատ Ղարիբյանի հետ համատեղ, ինչպես նաև «Կարմեն», «Աիդա», «Դավիթ Բեկ», «Լակմե», «Սամսոն և Դալիլա», «Արշակ Բ» և բազմաթիվ այլ օպերային ներկայացումների պարերը։ Բեմադրական աշխատանք է կատարել նաև դրամատիկ թատրոններում՝ Սունդուկյանի անվան, Պարոնյանի անվան, Թբիլիսիի հայկական պետական և Խարկովի Պուշկինի անվան թատրոններում՝ հեղինակելով տարբեր ներկայացումների խորեոգրաֆիան։ Կարևոր է նաև նրա մանկավարժական աշխատանքը խորեոգրաֆիկ ուսումնարանում և թատերական ինստիտուտում։
Զարեհ Մուրադյանի հետքերով, նրա գեղարվեստական ընտրության ճանապարհով գնացին և օպերային թատրոնի բեմում երկար տարիներ հաջողությամբ աշխատեցին նրա դուստրը՝ պարուհի Ժաննա Մուրադյանը, և զարմուհին՝ պարուհի Իվետտա Մուրադյանը։ Բալետի արտիստուհի էր նաև Զարեհ Մուրադյանի տիկինը՝ Մարիա Սլիզչենկոն։

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Գրող, կինոգետ
Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ