2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Զարմացրիք ձեր Նեապոլով

Զարմացրիք ձեր Նեապոլով
07.04.2026 | 15:36

Նոր աչքովս էս նկարն ընկավ. վերնագրված ա «Լվացքի օր Նեապոլում»։ Պա՛հ, զարմացրին իրանց ծաղկավոր տռուսիկներով։ Մեր մոտ ամեն օր ա սենց լվացքի օր։ Մեր բակը երբ էլ մտնեիր, էսքան շոր կար ու կար՝ էլ Ռուբոյի անթիվ-անհամար շալվարները, էլ Իշխանենց վերմակ-դոշակը, որ ամեն օր փռում էին արևին, էլ բժշկուհի Կարինեի սպիտակ խալաթները... Ո՞ր մեկը հիշեմ։ Էդ առումով՝ մեր բակն իսկական տեսարժան վայր էր։

Օրինակ՝ Հակոբն ամառ-ձմեռ՝ օրը երկու անգամ, պարտադիր լողանում էր։ Անունը Բադ էին դրել։ Մենակ սպիտակ ներքնաշոր էր հագնում, ուրիշ գույն չէր ընդունում։ Կինը չէր հասցնում՝ շորերը լվանար, սպիտակեղենին հազիվ շաբաթը մեկ էր հերթ հասնում։ Բայց երբ սկսում էր էն իրանց երկար պարանին իրար հետևից շարել տասնչորս հատ ձյունաճերմակ տռուսիկ ու տասնչորս հատ ձյունաճերմակ մայկա, ամբողջ բակը պատուհաններից կախված Հակոբի տռուսիկներն էր հաշվում։ Դրանք սպիտակ ժանյակի նման՝ կողք-կողքի կախված, զարդարում էին բակը՝ շենքից շենք կապած երկար պարանի վրա։ Ու, չգիտես՝ ինչի, ծիտիկները հենց Հակոբենց պարանն էին շատ սիրում։ Երբ նայեիր, մի երկու-երեք ճնճղուկ սպիտակ տռուսիկների վրա նստած մտածում էր ու իր դարչնագույն մտածմունքներով զարդարում դրանց կուսական ճերմակությունը։ Դե, ով չգիտի, որ դա հարստության նշան ա։ Առաջին հարկի Հրանուշ տոտայի հաշվարկներով՝ Հակոբենք պիտի արդեն մի քանի միլիոնի ծերտաբեր եկամուտ ունենային, բայց երևի թաքցնում էին, որովհետև Հակոբը հինգ տարին մեկ էր նոր շալվար առնում։

Իսկ Աբգարն էն լենուբոլ, սև սատինե ընտանեկան տռուսիկներից էր հագնում։ Ամիսը մեկ լողանում էր, տարին մեկ՝ լվացք անում։ Ու, որ գարնանային գիշերահավասարի օրը բալկոնի պարանից մեկումեջ կախում էր սև, փայլուն տռուսիկներն ու սպիտակ մայկաները, կարծես դաշնամուր փռած լիներ՝ չորանալու։

Նինայի գլխաշորերը բակի զարդն էին։ Նինան ռուս էր, պատերազմի ժամանակ բուժքույր էր եղել, հանդիպել էր Ժորային։ Թե ոնց էին հայտնվել մեր բակում, ոչ ոք չգիտեր։ Ժորան էլ էր ռուս, սարի նման հաղթանդամ մարդ էր՝ Հայրենական պատերազմի հաշմանդամ, որ ամեն առավոտ ինչ-որ կերպ հաջողացնում էր մտնել իրանից երկու անգամ փոքր, խաղալիքի նման «Զապոռոժեցի» մեջ ու գնալ անհայտ ուղղությամբ։ Երբ խմում էր, նրանց բալկոնի տակով անցնելը վտանգավոր էր՝ կարող ա գլխիդ բազկաթոռ կամ դաշնամուր ընկներ։ Իսկ երբ Նինան լվանում էր իր գույնզգույն գլխաշորերն ու կախում պարանին, ամբողջ բակը գունավորվում էր, դառնում էր իսկական ցուցահանդես, աչքդ չէիր կարում կտրեիր էդ գեղեցկությունից։

Բա հինգերորդ հարկի Քնարիկը։ Քնարիկը պուճուր-մուճուր կին էր՝ վաթսունին մոտ, որ ամեն առավոտ՝ ժամը վեցին, մութուլուսով իջնում էր Մերգելյանի այգին ու մանր-մանր քայլերով վազում առողջության հետևից։ Հետո իր մուգ կապույտ սպորտային թումբանը փռում էր շքամուտքի պատուհանին, որ չորանա, որովհետև բակին նայող արևկող պատուհան չունեին։ Բակի տղերքն էլ բարձրանում էին ու թումբանը հինգերորոդ հարկի պատուհանից գցում ներքև։

Պարուհի Ջուլիկն էլ, որ լվացք էր անում ու գունավոր շրջազգեստները փռում, մեր շենքը նմանվում էր միջազգային գիտաժողովի կենտրոնի. ինչ երկրի դրոշ ասես՝ կգտնեիր էդ վառ գույների ու նախշերի մեջ։

Թե չէ՝ Նեապոլ... բան...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ