«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Բանտային դասեր պետականության մասին

Բանտային դասեր պետականության մասին
11.10.2026 | 10:35

(Ինչո՞ւ Նախիջևանը կռիվ չտվեց մեզ միանալու համար)

Եթե մենք խորագիտակ լինեինք, եթե պետություն կառուցելու հիմքում դնեինք ազգային երազանքը, այլ ոչ թե խմբային շահերը, ապա վստահ եմ՝ այսօր բոլորովին այլ իրականություն կունենայինք մեր երկրում։
Երեկ տեսա, թե ինչպես է Նախիջևանի մի բնակիչ դիմում Փաշինյանին՝ ապաստան խնդրելով։ Այս տեսարանն ինձ հիշեցրեց մի բանտային խոսակցություն, որն ունեցել եմ ազգությամբ վրացի մի հեղինակության հետ։ Նա մի մարդ էր, ումից կարելի էր սովորել իրական կյանք, փիլիսոփայություն, պատմություն, գրականություն, արդարամտություն ու սկզբունքայնություն... Ուսուցիչների հարցում կյանքումս միշտ բախտս բերել է, և դա, վստահ եմ, Աստծո նախախնամությունն է։
Նա հրաշալի գիտեր պատմությունը։ Ամեն երեկո արդեն ավանդույթ դարձած զրույցներ ունեինք պատմության կամ փիլիսոփայության շուրջ, որտեղ անպայման անդրադառնում էինք հայերին ու վրացիներին։ Հատկապես հետաքրքիր էր Հայոսի և Քարթլոսի մասին վրացական ավանդությունը, որի մասին, համոթ ինձ, նախկինում չէի լսել։ Ըստ վրացական ավանդազրույցների՝ Հայոսը (որ մեր Հայկ նահապետն է) և Քարթլոսը (վրացիների նահապետը) Թորգոմի որդիներն էին՝ երկու հարազատ եղբայրներ։ Սա, ի թիվս այլ թեմաների, բանտային տարիներին իմ ստացած կարևորագույն դասերից մեկն էր։
Հետո, մի անգամ, երբ խոսում էինք արցախյան ազատամարտի, մեր կորուստների, Նախիջևանի ու Արցախի բռնակցման պատմության մասին, նա ասաց հետևյալը.
«Դուք պիտի էնպիսի՜ պետություն կառուցեիք, որ Նախիջևանի բնակիչները կռիվ անեին ձեզ միանալու համար՝ ճիշտ այնպես, ինչպես մերոնք են հիմա անում Եվրոպային միանալու համար...»։
Այս խոսքերը լսելիս ես թերևս տեսա մեր բոլոր ձախողումները, մեր մտածողության գավառականությունն ու եսապաշտությունը։ Մեր սեփական տնից դուրս մենք ոչինչ չհամարեցինք մերը. մեր հողամասի ընդամենը մեկ մետրի համար պատրաստ էինք կռիվ տալ, և սերունդներն ապրում էին այդ վրեժով, բայց մի ամբողջ գյուղի, մի ամբողջ հայրենիքի կորուստը սկսեցինք արդարացնել՝ դրա համար հիմքեր փնտրելով ու... գտնելով։ Ամենավատն այն է, որ պարտությունների պատճառները միշտ փնտրել ու գտել ենք մեզանից դուրս, բայց հարևանի ցանկապատի մեկ մետրի համար հավիտյան ոչ մի պատճառաբանություն չենք ընդունել։ Որովհետև դա համարել ենք անձնական, իսկ ընդհանուր հայրենիքն ու համազգային բարօրությունը՝ ընդամենը վերացական մի բան։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 230

Մեկնաբանություններ