Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի առիթով
07.04.2026 | 12:26

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:

Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում ապագա մայրերը՝ հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք և բարի ու արժանավոր զավակներ։

Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս և ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով։

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն։

Թող Բարձրյալն Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, ապահովության ու բարօրության մեջ պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռ. 15.13). ամեն:

Դիտվել է՝ 4524

Մեկնաբանություններ