«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Աշխարհաքաղաքականությունը մեզ համար ցավ ու դարդ է, իսկ ուժեղների համար՝ անվերջանալի խաղ՝ բազում հնարավորություններով

Աշխարհաքաղաքականությունը մեզ համար ցավ ու դարդ է, իսկ ուժեղների համար՝ անվերջանալի խաղ՝ բազում հնարավորություններով
08.10.2026 | 13:16

Գուցե վերջապես դու՞րս գանք մանկապարտեզից և հասունության նշույլնե՞ր ցուցաբերենք։

Մինչև 2005 թվականը Գերմանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ավգուստ Հաննինգի` Ադրբեջանի և Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու լուրը կարդալուց ինձ մոտ միայն այն տպավորությունն է, որ մենք դարեր շարունակ գտնվում ենք մանկապարտեզում և ցանկություն չունենք հասունանալու:

Ինչպիսի՜ մեծ հույսեր ու սպասումներ ունեինք 2005 թվականին Արևմուտքից, դրան զուգահեռ՝ անմար ռուսական հույսեր:

Հետո 2020-ին պարզվեց, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը ադրբեջանցի հրեա Գոդ Նիսանովի բաղնիքում է շոգեհարվում, նրանց շատ մոտ ընկերն է: Պարզվեց, որ Պուտինի ուսանողական ընկեր Ռահիմովը Կրեմլում լուրջ հարցեր է լուծում: Հետո եղավ 44-օրյա պատերազմը, տեսանք Թրամփի, Մակրոնի, Շառլ Միշելի ու մնացած աշխարհի վերաբերմունքը մեր դարավոր ցավ ու դարդին:

Այո, աշխարհաքաղաքականությունը մեզ համար ցավ ու դարդ է, իսկ ուժեղների համար՝ խաղ, անվերջանալի խաղ՝ բազում հնարավորություններով:

Հիշեցի Եվրապառլամենտում Սերժ Սարգսյանի ինքնավստահ դասը ադրբեջանցի լրագրողին. «Մենք սպորտսմեններ չենք, մենք քաղաքական գործիչներ ենք»:

Իսկ այդ ընթացքում անգրագետ, անլեզու ադրբեջանցի եվրապատգամավորները բիրիքով եվրաչինովնիկներ էին սև խավիարով առնում: Մեր եվրապատգամավորներն էլ այդ մասին լալահաչառ ելույթներ էին ունենում:

Ամոթ է այս մանկամտության մեջ ապրելը, ամոթ է ցանկացած խաղում մանրադրամ լինելը:

Ադրբեջանցիներն ու Ալիևը իրատես են, ոչ մեկի առնչությամբ սին հույսեր չունեն: Ռուսի հետ, եվրոպացու, թե թուրքի՝ առևտուր են անում պարզ, բազառի կանոններով, և դա աշխատում է:

Մեր բազառը մշտապես ուղղորդվում է լալակտուր մղկուտով: Թե բա՝ սա սովորական ծիրան չէ, սովորական նուռ չէ, սա հայկական է, մերն ուրիշ է, մենք հին ենք, առաջին քրիստոնյան ենք, ֆլան-ֆստան...

Այդ ընթացքում մյուսները հազար անգամ ավելի մեծ առևտուր են անում, քան մեր մղկուտ տվող ագահը:

Այս նույն ձևով մենք վարում ենք արտաքին քաղաքականություն՝ ամենապարզ բաները բարդացնելով: Արդյունքում՝ ադրբեջանցին դառնում է խաղի մասնակից, որոշակի խաղադրույք անելով, և այդ խաղադրույքը զուտ դրամական է. նրանք դեռ չեն հասել մի վիճակի, երբ պիտի խաղասեղանին դնեն իրենց երկրի սուվերեն որևէ ոլորտ՝ նավթ, գազ, ընդերք ու տարածք:

Մեր հմուտ շախմատիստները տանուլ տվեցին ինչ հնարավոր էր, այժմ կրկին խաղասեղանին են դրվում մեր միսն ու արյունը, երկրի մի քանի անգամ ծախված ենթակառուցվածքները, ընդերքը, նաև՝ սուվերեն տարածքը:

Սա է հայկական մանկամտության արդյունքը:

Մենք ոգևորվում ենք Ամերիկայից ու Ռուսաստանից մեր հասցեին կենաց ասող Ադամ Շիֆերով կամ Զատուլիններով, բայց իրական քաղաքականությունը այդ կենացների հետ ոչ մի կապ չունի:

Այժմ ներսում իրար ենք ուտում, մինչև հաջորդ մեծ ֆիասկոն, որը անկասկած լինելու է, քանզի մանկամտությունը ուրիշ տեղ տանել չի կարող: Սա լավատեսության կամ վատատեսության հարց չէ՝ հասկացեք: Այժմ ընթանում է մեծ խաղ, և մենք, անկախ մեր կամքից, այդ խաղի մեջ ենք. թե ուր և ինչ վիճակում կհայտնվենք խաղի որոշակի հանգրվանում՝ կախված է բացառապես մեր քայլերից:

Արա Արայան

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ