Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 1700 և ավելի տարվա պատմություն։ Այդ հաստատությունը անցել է պատմական բազմաթիվ փորձությունների միջով, պահպանել է ինքնությունը, հավատը և ազգային ոգին՝ երբեմն լինելով վերջին ապաստանը հայության համար։
Այսօր, երբ երկրի ներսում կրկին փոթորկվում են կրքերը, ու տարբեր մարդիկ փորձում են «խելք սովորեցնել» Եկեղեցուն՝ հուշելով, թե ինչպես պետք է արձագանքել իշխանության հակաեկեղեցական հայտարարություններին, արժե մի պահ կանգ առնել։ Որքան միամիտ են նրանք, ովքեր կարծում են, թե Եկեղեցին պետք է դառնա հույզերի գործիք։
ՀԱԵ-ն չի կարող արձագանքել ռեակցիայով՝ հենվելով հուզական ալիքների վրա։
Նա տեսել է, թե որքան փխրուն են հարյուր հազարավոր մարդկանց բառերը, երբ գործին է հասնում։
Նա տեսել է, որ նույն այդ բազմությամբ անգամ մենք չենք կարողացել պաշտպանել Արցախը այս սրիկաներից։
ՈՒ հենց այդ պատճառով նա չի շտապում կոչեր անել, որոնց հետևանքների համար պատասխանատու պիտի լինի ինքն ու ոչ թե նրանք, ովքեր մի պահ պոռթկում են ու հետո մոռանում։
Պարտավորվածություն մի Եկեղեցու հանդեպ, որի դռները երբեք չեն փակվել
Չեմ հանդիսանում Հայ Առաքելական Եկեղեցու անդամ, բայց զգում եմ խոր պարտավորվածություն նրա հանդեպ։ Եկեղեցին՝ իր հյուրընկալ ու արժանապատիվ ավանդույթներով, սրբազան դեր է ունեցել մեր պատմության մեջ։
Ինձ համար հատկապես մեծ արժեք ունի այն, որ 110 տարի առաջ, երբ եզդիները կոտորածների ու հալածանքների զոհ էին դառնում, հենց Հայ Առաքելական Եկեղեցին էր նրանց ապաստարան տալիս։ ՈՒ երբեք, չփորձեց դավանափոխ անել մեր պապերին։ Մինչդեռ այն ժամանակ գործող այլ եկեղեցիներ, տարբեր պայմաններով կամ ճնշումներով, հաճախ նման փորձեր անում էին։
Սա հավատքի մասին չէ միայն։ Սա բարոյականության, մարդկայնության ու պատասխանատվության հարց է։
Բորիս ՄՈՒՐԱԶԻ