ՈՒթ տարի առաջ՝ ապրիլյան այս օրերին, ՔՊ-ն դեռևս իշխանություն չէր, և քչերն էին հասկանում, թե ում և ինչու են բերում իշխանության
Սկսած կուսակցության անվանումից՝ քաղաքական հաշվարկը բացահայտ էր: Բանալի բառը՝ պայմանագիր, այլ ձևակերպմամբ՝ գրավոր պայմանավորվածություն կամ պայման կապելու «բարաթ»: Կուսակցություն ստեղծելու միակ նպատակը՝ փող և իշխանություն: 2012-ին Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակով ԱԺ պատգամավորի մանդատը «փող կպցնելու» հնարավորություն, իհարկե, տալիս էր, բայց ո՛չ այն փողերը, ինչի մասին բացահայտ ակնարկել էին «միջնորդ տեր-պապաները»՝ պայման կապելուց առաջ: «Շա՞տ փող ես ուզում՝ իշխանություն պիտի ունենաս: Իշխանություն ունենալու համար իշխող կուսակցություն պիտի ունենաս: Ծրագիր պիտի ունենաս՝ մե՛ր ծրագիրը, և կետ առ կետ գլուխ պիտի բերես: Հեշտ չի լինելու, բայց փորձաշրջանը բարեհաջող անցել ես, «Երկրի հակառակ կողմը» վերջին քննությունդ էր: Պոտենցիալդ տեսանք: Կօգնենք: Ախորժակիդ էլ ենք ծանոթ: Դու փող ես սիրում, մենք՝ հող: Դժգոհ չես մնա, մերձավոր կուսակիցներիդ էլ բաժին կհասնի, արքայավարի կապրեք մեր շվաքի տակ»:
Բնականաբար՝ պայմանավորվեցին: Տարիների ընդհատակյա ծառայությունը վերջապես գնահատվել էր ըստ արժանվույն, քաղաքական կարիերայի աստեղային ժամը երկնքից իջել էր հողին, մնում էր ընդամենը «քայլ անել» ու «մերժել Սերժին»: Այսինքն՝ նախկին ռեժիմը, որի նկատմամբ հանրային ընդվզման հավանականությունը դրսի էֆենդի-պարոնները մանրակրկիտ հաշվարկել էին:
Եղավ այն, ինչ եղավ: Ամբոխի կինետիկ ուժին գումարվեց էյֆորիկ քամու պոտենցիալը, իսկ մնացածն արդեն իներցիայի գործն էր: Պայմանագիրը մտել էր ուժի մեջ, և վրա էր հասել առաջին լուրջ պայմանավորվածության ժամը:
«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Այս բանդագուշանքի մեջ բաց էին թողնված (ի դեպ՝ միտումնավոր) առաջին երկու բանալի բառերը. «Եկեք պայմանավորվենք»: Այդ բառերը ժամանակից շուտ արտաբերելը կբացահայտեր պայմանագրայինների ծրագրավորված գործելաոճը, ինչը ոչ մի կերպ չէր կարելի թույլ տալ: Դրանք երկու տարի անց պիտի հնչեին՝ Ազգային ժողովի ամբիոնից, երբ Ծրագրի առաջին մասը բարեհաջող ի կատար էր ածվել, «ականապատվել» էին բոլոր պետական ինստիտուտներն ու ռազմական կառույցները, հասարակությունը «պայթեցվել» էր ներսից, վերածվելով «սև» ու «սպիտակ» զանգվածների, և սկսվել էր Ծրագրի երկրորդ՝ գլխավոր մասը. պայմանավորված պատերազմ:
«Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»:Բանալի բառը՝ պարտված, որ պատերազմի առաջին իսկ օրը ներդրվեց մարդկանց ենթագիտակցության մեջ, թեև հաջորդող 43 օրերին «հաղթում ենք»-ը դարձել էր «բարև, ո՞նց ես»-ի պես սովորական շուտասելուկ:
Ու նորից եղավ այն, ինչի մասին էն գլխից էին պայմանավորվել: Պարտություն և, որպես դրա հետևանք, Արցախի հայաթափում ու հանձնում: Ավելի ուշ հայտարարվելու էր. «Եկեք պայմանավորվենք, որ Ղարաբաղյան շարժումն ավարտված է ու այլևս չի շարունակվելու»: Այսինքն, փակվեց Հաղթանակի էջը, պարտության դատարկ էջը բացվեց, որ շուտով լցվելու էր նոր պայմանավորվածություններով: Հրաժարում պատմական անցյալից, Ցեղասպանության նենգափոխում, արշավ Եկեղեցու դեմ, բանակի ապամոնտաժում, նոր «սահմանադրություն»՝ առանց Անկախության հռչակագրի, ազգային-ավանդական արժեքների խեղաթյուրում, միջազգային գործընկերների փոխատեղում: Կարճ ասած՝ նոր պետություն, նոր արժեհամակարգ, ու ոչ մի կարմիր գիծ:
Եվ այս ամենը՝ ժողովրդի անունից, թեև պայմանագրային հիմունքներով երկրի գլխին վարչապետ կարգված քաղծառայողն ու իր սպասյակները լավ էլ հասկանում են, որ 2026-ի ժողովուրդը 2018-ի ժողովուրդը չի այլևս: Այս գիտակցումը, սակայն, բնավ չի խոչընդոտում այն հիմնաքանդ պարտականությունների անշեղ իրագործմանը, ինչն ի սկզբանե ամրագրված է «բարաթում»: Թեթևակի շեղում Ծրագրից, և ստվարաթղթե տնակի նման փուլ կգա դրածոների իշխանական բուրգը: Ահա և ուժասպառության աստիճան ակտիվացել են «Վարչաբենդ» կոչվող շրջիկ կրկեսի դերասանները, որ իրականում էլիտար վարչաբանտի արտոնյալ կալանավորներ են: Նրանք բոլորը սեփական կամքով են մտել նույն հոդվածի տակ՝ փողի և իշխանության յուրացում՝ մարդկային ճակատագրերի ու հայրենի հողի վաճառքի դիմաց: Գլխավոր կրկեսավար-վարչաբանտի վերակացուի հոդվածն էլ է նույնը, միայն թե՝ ծանրացուցիչ դեպք-հանցանացներով, ինչն էլ առավելագույն ակտիվություն է պահանջում, ընդհուպ՝ հանրությանը զզվեցնելու աստիճան: Ակտիվության շարժառիթն էլ ավելի քան պարզ է՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններ, որ կամ յուրատեսակ համաներում կլինեն՝ իշխանության պահպանմամբ, կամ իշխանազրկման դատավճիռ՝ համարժեք պատժաչափով:
Ծրագրի գլխավոր շահառուներն էլ ձեռքները ծալած չեն նստել, «Տերն ու ծառայի» Մաթոս աղայի պես օրուգիշեր բանեցնում են իրենց պայմանագրային ծառայողներին, կողքից բզում-ոգևորում, որ քնով չանցնեն, չխախտեն նախնական պայմանը, որի վերջնաժամկետը «մինչև կկվի կանչելն է»: Թե ինչ տեսք ունի դրանց կկուն, ու ինչ հաճախականությամբ է կանչում, քաղծառայողները պատկերացում չունեն, գիտեն միայն, որ պայմանը՝ պայման է ու պիտի կատարվի: Եվ կատարում են՝ բծախնդրորեն ու ճշգրտությամբ քար առ քար թուլացնելով այն ամրոցի պարիսպները, որ բոլորինս է ու կոչվում է Պետություն: Եվ քանի որ բոլորինս է, քանդարարների պետականակործան պայմանագիրը չեղյալ հայտարարելու իրավունքն էլ է բոլորինս, ու վաղուց ժամանակն է, որ տեր լինենք այդ իրավունքին: Էդ տեր լինելն էլ, սահմանադրորեն ամրագրված լինելուց զատ, զարմանալիորեն հեշտ ու տարօրինակորեն դժվար վարքականոն է: Ընդամենը պիտի դադարենք շրջիկ կրկեսի մասսայական տեսարաններն ապահովող ամբոխ լինելուց, հետ բերենք պահանջատեր անհատներով ուժեղ ժողովրդի դեմքն ու մե՛ր պայմանագիրը կապենք. «Ինչ գնով էլ լինի՝ հեռացնել քանդարարներին իշխանությունից, պահել Պետությունը»:
Կկնքվի՞ նման պայմանագիր, հունիսի 7-ին մե՛ր «կկուն կկանչի»՝ ազդարարելով ութամյա իշխանության անփառունակ վախճանը, չի՞ կնքվի, ստիպված ենք լինելու հաշվել, թե սրանց «կկուն քանի՞ անգամ կանչեց»:
Լիլի Մարտոյան