Հնարավոր է, որ անցյալ կիրակի ոմանք այս կամ այն պատճառով չեն կարողացել մասնակցել Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին։ Սակայն այսօր կա ևս մեկ առիթ՝ Սուրբ Խաչի տոն է։
Այդ առիթով Քանաքեռի Ս․Աստվածածին եկեղեցում 10։30 մատուցվելու է Ս․Պատարագ։
Խաչը մեր փրկության նշանն է, որովհետև նրա վրա Տեր Հիսուս Քրիստոս Իր կամավոր չարչարանքով ու մահվամբ Իրեն զոհաբերեց մեզ համար և Իր Հարությամբ հաղթեց մահվանը՝ մեզ համար բացելով փրկության ճանապարհը։
Այդ պատճառով էլ Մայր Եկեղեցին տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ տոնում է Տիրոջ Սուրբ Խաչը։ Խաչվերացին հաջորդող երկուշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերը ևս մեզ վերադարձնում են Խաչի խորհրդին՝ հիշեցնելով, որ քրիստոնեական կյանքը չի կարող լինել առանց Խաչի։
Բայց ինչո՞ւ գնալ Սուրբ Պատարագի։
Որովհետև քրիստոնեական տոնը պարզապես օրացույցում նշված օր կամ տոնի մասին գրառում կարդալը չէ։ Տոնը նախ և առաջ Եկեղեցու հետ միասին ապրելու, աղոթելու և Տիրոջ հետ հաղորդության մեջ լինելու իրողություն է։ Իսկ այդ տոնական կյանքի կենտրոնում Սուրբ Պատարագն է։
Մենք հավաքվում ենք Քրիստոսի անունով, լսում Նրա խոսքը, աղոթում ամբողջ Եկեղեցու հետ և, պատրաստ լինելու դեպքում, մոտենում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։
Խաչը նաև մեզանից պատասխան է պահանջում։ Քրիստոս ասում է. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից (Մատթ․ 16։24)»։
Այսինքն՝ Խաչի տոնը մեզ կրկին հիշեցնում է՝
Իսկ մենք պատրա՞ստ ենք մեր խաչը վերցնել և հետևել Քրիստոսին։
Պատրա՞ստ ենք հրաժարվել մեղքից, չարությունից, ատելությունից։
Պատրա՞ստ ենք հաշտվել նրա հետ, ում հետ թշնամացած ենք։
Պատրա՞ստ ենք ներել։
Պատրա՞ստ ենք մեր կամքը ստորադասել Աստծու կամքին։
Պատրա՞ստ ենք ապրել Ավետարանի կյանքով։
Պատրա՞ստ ենք Քրիստոսին հավատարիմ մնալ նաև այն ժամանակ, երբ այդ հավատարմությունը մեզանից զոհողություն է պահանջում։
Խաչը պատվելը միայն կրծքին խաչ կրելը կամ Խաչի առաջ խոնարհվելը չէ։
Խաչը պատվել նշանակում է նաև ապրել Խաչյալ և Հարուցյալ Քրիստոսի հետ, կատարել նրա պատվիրանները ու Նրա հետևից գնալ։
«Քո Խաչին, Քրիստո՛ս, երկրպագում ենք և Քո սուրբ Հարությունը փառավորում»։
Ամեն։
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ