Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի։ Պատճառը բավական պարզ է․ «Քաղաքացիական պայմանագիրն» իր իշխանության հիմնական քաղաքական հենարանն է, և այդ հենարանի ներսում որևէ թուլություն կամ երկպառակություն կարող է անմիջականորեն անդրադառնալ նաև իր իշխանության դիրքերի վրա։
Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նրա հայտարարությունը։ Փաշինյանը հայտարարեց, որ դատապարտում է բռնությունը, բայց միաժամանակ աջակցում է իր խմբակցության գործողություններին՝ նույնիսկ աթոռով հարվածելը համարելով համաչափ և ճիշտ արձագանք։
Այս հայտարարության մեջ ուշագրավ է այն, որ Նիկոլը ոչ միայն չփորձեց զսպել սեփական թիմակիցներին, չվերահաստատեց խորհրդարանական վարքականոնի ու քաղաքական պատասխանատվության պահանջները, այլև հրապարակայնորեն արդարացրեց նրանց գործողությունները։
Ստացվում է՝ իշխանության ղեկավարի պաշոնը զբաղեցնողի համար տվյալ իրավիճակում առաջնային դարձավ սեփական ֆրակցիայի ներսում միասնականության և անպարտելիության զգացողության պահպանումը։ Իսկ երբ այդ նպատակով արդարացվում են նույնիսկ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած բռնության դրսևորումները, քաղաքական պատասխանատվության հարցն արդեն վերաբերում է ոչ միայն առանձին պատգամավորներին, այլև ամբողջ իշխանական համակարգին։
Փաշինյանի այս արձագանքը ցույց տվեց, որ նա պատրաստ է անձամբ ստանձնել իր թիմի գործողությունների քաղաքական պատասխանատվությունը։
Հ.Գ. Քանի գնում՝ սրանց քայլերն ավելի վառ են ասոցացվում Օուրելի հայտնի պատմվածքի կլասիկ մտքերի հետ, ավելին, գնալով այն ԱԺ մեծամասնության համար ոչ թե զուտ գեղարվեստական գրականություն է դիտարկվում, այլ՝ սեփական քաղաքական վարքականոն:
Արմեն Հովասափյան