Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

«Անվտանգության» վերջին կետը

«Անվտանգության» վերջին կետը
15.09.2026 | 12:51

Քաղաքի մեջտեղում՝ բարձրահարկ շենքերի ստվերում, կանգնած էր մի մարդ։ Նա զինված չէր․ կրծքին փակցված էր սպիտակ թուղթ՝ նկարված սրտիկով և միայն մեկ բառով՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։

Նրա դիմաց, ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, կանգնած էր զինվորը՝ սնայպերական հրացանի օպտիկական նշանառոցն ուղղած ուղիղ նրա ճակատին։ Օդում կախված էր մետաղական սառնությունը, իսկ նշանառության կարմիր կետը դանդաղ դողում էր մարդու ճակատին։

- Տեսնո՞ւմ ես,- հպարտորեն փսփսաց մոտակայքում կանգնած «Խաղաղության նախարարության» պաշտոնյան։- Սա մեր նորագույն ռազմավարությունն է։ Եթե դու զենք չես վերցնում, ուրեմն պատերազմ չկա։

- Բայց նա ինձ վրա է նշան բռնել,- կամաց ասաց մարդը՝ աշխատելով չշարժվել։

- Դա պարզապես «երկխոսության հրավեր» է,- պատասխանեց պաշտոնյան՝ ժպտալով։- Եթե նա կրակի, դա կլինի նրա սխալը։ Իսկ եթե դու փորձես պաշտպանվել կամ ձեռքդ բարձրացնես, դու կխախտես խաղաղության օրակարգը և կդառնաս ագրեսոր։ Այնպես որ, ժպտա և ձեռքերով սրտիկ ցույց տուր։

Մարդը նայեց զինվորի սառը աչքերին։ Փողի անցքը սպառնալի փայլում էր արևի տակ։

- Իսկ եթե նա պահանջի իմ վերարկուն, տունը կամ հո՞ղը,- հարցրեց մարդը։

- Դե, իհարկե, կտաս,- զարմացավ պաշտոնյան։- Հանուն խաղաղության չարժե՞ զոհաբերել մի փոքր վերարկու։ Կամ մի քանի քառակուսի մետր։ Երբ նա ստանա այն ամենը, ինչ ուզում է, այլևս պատճառ չի ունենա կրակելու։ Սա «գրոսմայստերական» հաշվարկ է։

Զինվորը մեկ քայլ առաջ եկավ՝ փողով հպվելով մարդու կրծքի թղթին։

- Շատ լավ է ընթանում,- ուրախացավ պաշտոնյան՝ գրպանից հանելով նոր հայտարարության տեքստը։- Հիմա մենք կստորագրենք, որ դուք լիովին համաձայն եք այս անվտանգության մոդելին։ Սա դանդաղ ինքնասպանություն չէ, սա պարզապես «ապագայի ընտրություն» է՝ առանց ավելորդ աղմուկի։

Մարդը նայեց կրծքի սրտիկին, հետո՝ զինվորի մատին, որը դանդաղ սեղմվում էր ձգանին, և հասկացավ․ սպանդանոցի հերթում ամենանախանձելի տեղը առաջինն է, որովհետև այնտեղ գոնե երկար սպասել պետք չէ։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ