Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Ինչու են սուննիական երեք խոշոր երկրները փորձում մեկտեղել ջանքերը

Ինչու են սուննիական երեք խոշոր երկրները փորձում մեկտեղել ջանքերը
10.08.2026 | 11:10

Մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Պակիստան եռյակի կնքած դաշինքը առայժմ դեռ թղթի վրա է, սակայն ցուցիչ է, որ ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ ունի, իսկ իրանականն՝ ընդհակառակը՝ աճել է։

Հենց սա է այն հիմնական պատճառը, որ սուննիական երեք խոշոր երկրները փորձում են մեկտեղել ջանքերը, այսպես կոչված, «սուննիական ՆԱՏՕ»-ում՝ հակազդելու առաջին հերթին հենց Իրանին, չնայած դրա մասին ուղղակիորեն չի բարձրաձայնվում։

Իրանական կողմի պաշտոնական արձագանք գրեթե չկա, քանի որ իրանցիները հստակ հասկանում են, որ նշված երեք երկրների միջև առկա են ոչ միայն շահերի համընկնումներ, այլ նաև նկատելի հակասություններ, ուստի ինչ-որ փաստաթղթի ստորագրումը և դրա բարձրագոչ ներկայացումը դեռևս ոչինչ չի նշանակում՝ առավել ևս, որ հենց այս պահին Իրանի դաշնակից Եմենի «Անսարալլահը» (հութիները) ստուգում է այդ դաշինքի կենսունակությունը՝ խոցելով սաուդյան պետական նավթային ընկերության ենթակառուցվածքները, իսկ Պակիստանը և Թուրքիան չեն շտապում միջամտել։

Իրանը և նրա դաշնակիցները Լիբանանում, Եմենում ու Իրաքում միմյանց հետ կապված են նախ և առաջ խորը գաղափարական կապերով, ինչը շիայական այս դաշինքը դարձնում է առավելագույնս ամուր, իսկ դրա գաղափարական ազդեցությունը տարածում, որքան էլ պարադոքսալ թվա, թե՛ Սաուդյան Արաբիայի, թե՛ Թուրքիայի և թե՛ Պակիստանի սահմաններից ներս բնակվող բազմամիլիոն շիայական համայնքների շրջանում, ընդհուպ մինչև այն, որ Սաուդյան Արաբիայի շիաներն ուրախանում են այդ երկրին Իրանի հասցրած հարվածներով, Թուրքիայի Իգդիրի շիաներն՝ անցկացնում Իրանի հոգևոր առաջնորդի նահատակության սգո բազմահազարանոց ցույց, իսկ Պակիստանի շիաները նույն այդ սգո արարողությունները կազմակերպում՝ Իրանի նախկին և ներկա հոգևոր առաջնորդների պատկերների և միայն իրանական ու շիայական դրոշների ներքո, ինչպես դա արվում է Իրանի ներսում։

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Պակիստանում շիայական սգո վերջին արարողություններից

Դիտվել է՝ 11036

Մեկնաբանություններ