«Հարց է առաջանում, թե ինչպե՞ս հաջողվեց այդքան կարճ ժամանակամիջոցում բնաջնջել մեկ միլիոն մարդ: Դա հնարավոր եղավ ամենաբարբարոս մեթոդների շնորհիվ, ինչն ապացուցված է նաև Ստամբուլի զինվորական ատյանի նյութերով, որը դատել էր Թալեաթ փաշային և նրա զինակիցներին»:
Յոհաննես Լեփսիուս
Հայ ժողովուրդը թշնամիներ շատ է ունեցել, բայց բարեկամների պակաս էլ չի զգացել: Այդ բարեկամներից է գերմանացի հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, որի վկայությունները Հայոց ցեղասպանության մասին այսօր մեծ արժեք են ներկայացնում Հայ դատի հետապնդման համար:
Մեծ հայասերը ծնվել է 1858 թ. գերմանական Պոտսդամ քաղաքում՝ բողոքական հոգևորականի ընտանիքում: Լեփսիուսի կատարած աշխատանքն առավել գնահատելի է այնքանով, որ նա սոսկ ուսումնասիրող չի եղել, այլ հենց ցեղասպանության տարիներին մաքառող մարտիկ, որը Եվրոպայով մեկ թմբկահարում էր հայերի հետ կատարվող ողբերգություններն ու օգնություն ցուցաբերելու գործնական քայլեր ձեռնարկում:
1895 թ. նա Ֆրիզդորֆում ստեղծեց «Գերմանա-հայկական առաքելությունը»՝ նպատակ ունենալով Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի շրջանում լուսավորություն տարածել, ինչպես նաև քարոզել Ավետարանչական եկեղեցու դրույթները:
Դեռևս Աբդուլ Համիդ II սուլթանի տիրապետության օրոք կազմակերպված հայկական ջարդերի ժամանակ՝ 1896 թ., նա շրջագայեց Արևմտյան Հայաստանում, որտեղ հարուստ նյութ հավաքեց ականատեսներից: Այս շրջագայության արդյունքները հետագայում եվրոպական մամուլում վերածվեցին ծավալուն հոդվածաշարի, որում նկարագրվում էին հայության կրած սարսափները 1894-1896 թվականներին: Հոդվածաշարը՝ «Ճշմարտություն Հայաստանի մասին», ցնցեց Եվրոպան. կարճ ժամանակում այն թարգմանվեց և վերահրատարակվեց մի քանի անգամ:
Լեփսիուսը, հրապարակախոսությունից զատ, եվրոպական քաղաքներում ակտիվորեն մասնակցում էր հայկական հավաքներին, բողոքի ցույցերին, հանգանակություններ էր կազմակերպում համիդյան բռնություններից տուժածների համար:
Հետագայում՝ 1914 թ., նա հիմնեց «Գերմանա-հայկական ընկերությունը», որի նպատակը հայությանը հումանիտար աջակցություն ապահովելն ու նրա շահերի պաշտպանությունն էր: Նա այս ընկերության նախագահն էր մինչև կյանքի վերջը: Ընկերությունը հայանպաստ մեծ գործունեություն ծավալեց՝ տպագրելով բազում աշխատություններ, որոնց շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «Մեսրոպ» երկլեզու հանդեսը:
Լեփսիուսի գործունեությանը հաճախ խանգարում էր պաշտոնական Գերմանիան, որն իր շահերն ուներ քաղաքական խաղերում: Սկսվում են հալածանքները մեծ հումանիստի հանդեպ: Յոհաննես Լեփսիուսը հաստատվեց Հոլանդիայում, որը պատերազմի ժամանակ չեզոքություն էր հայտարարել, և այնտեղից շարունակեց իր գործունեությունը:
Ցեղասպանության տարիներին նա ամեն ինչ արեց՝ կանխելու հայության գլխին կախված սպառնալիքը: Այդ նպատակով նա անգամ հանդիպեց Էնվեր փաշայի հետ: Բազմիցս եղավ հայ աքսորյալների ճամբարներում՝ ուսումնասիրելով նրանց վիճակը և փորձելով օգնություն հասցնել սովյալներին:
Արդեն 1919 թ. նա հրատարակեց «Գերմանիան և Հայաստանը 1914-1918 թվականներին» աշխատությունը, որում անհերքելի ապացույցներ են բերված երիտթուրքերի կատարած ոճիրների մասին: Լեփսիուսի զեկուցագրերն ու աշխատությունները ականատեսի թարմ վկայություններ էին հենց դեպքի վայրից: Իր զեկուցագրերից մեկում նա նշում է.
«Ինչպես Դանթեի «Դժոխքի» դարպասին էր գրված, այնպես էլ համակենտրոնացման ճամբարների մուտքերին կարելի է գրել. «Ովքեր մտնում են այստեղ, թող ոչ մի հույս չունենան փրկվելու»։ Այստեղ խոսել «Հազար ու մի գիշերների» մասին՝ նշանակում է ոչինչ չասել։ Թվում էր՝ իրոք քայլում եմ դժոխքի միջով... Ամենուրեք տեսել եմ նույնը՝ բարբարոսության սարսափելի իշխանություն, որի նպատակը հայ ազգի պարբերական բնաջնջումն է: Մեսքենեից մինչև Դեյր էլ-Զոր նույն հրեշավորության վկաներն են»։
Շուտով նա կազմակերպեց «Հայերի օգնության միջազգային լիգան»՝ հումանիտար օգնություն հայթայթելով հազարավորների համար: Լիգայի կենտրոնակայանը Ժնևում էր, սակայն այն գործում էր ողջ Եվրոպայում:
1921 թ. նրա ցուցմունքները վճռորոշ նշանակություն ունեցան Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ, երբ գերմանական դատարանն անմեղ ճանաչեց Թալեաթին սպանած հայ վրիժառուին: Դատավարության ընթացքում նա մերկացրեց երիտթուրքերի կառավարության հայաջինջ քաղաքականությունը.
«Համընդհանուր տեղահանության որոշումը կայացրել էր երիտթուրքական կոմիտեն, այդ հրամանը տվել էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան (ռազմական նախարար Էնվերի հետ համատեղ): Հայերի բռնագաղթն իրականացվեց երիտթուրքերի հատուկ կազմակերպությունների միջոցով… Տեղահանվեցին մոտավորապես 1,400,000 հայեր: Թալեաթ փաշայի ստորագրած հրամանում կան այսպիսի բառեր. «Տեղահանումը բնաջնջում է»»:
Հայ ժողովրդի մեծագույն բարեկամը վախճանվեց 1926 թ. փետրվարի 28-ին Իտալիայի Մերանո քաղաքում՝ 68 տարեկան հասակում:
Յոհաննես Լեփսիուսը ողջ կյանքում նյութական միջոցներ հայթայթեց տարագրյալ հայության համար, բայց իր համար հարստություն չկուտակեց: Նրա մահից հետո այրին՝ Ալիսա Լեփսիուսը, հայտնվեց նյութական ծանր կացության մեջ: Այդ ժամանակ նրան օգնության շտապեց երախտապարտ հայությունը: Սփյուռքի տարբեր օջախներում հանգանակություններ կազմակերպվեցին, և Ալիսա Լեփսիուսը մինչև իր կյանքի վերջը՝ 1969 թ., նպաստ ստացավ հայ ժողովրդից:
Հավերժ հիշատակ և անմնացորդ խոնարհում Յոհաննես Լեփսիուսին՝ հայ ժողովրդի անձնվեր բարեկամին:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից