ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Փաշինյանի պատերազմի շանտաժը

Փաշինյանի պատերազմի շանտաժը
15.03.2026 | 11:17

«Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակու՞մ ենք, թե ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունը կառուցված է կեղծ երկընտրանքի վրա։ Փաշինյանը հասարակությանը փորձում է պարտադրել պարզունակ բանաձև՝ կամ իր իշխանությունը, կամ պատերազմ։ Սակայն այս ձևակերպումը որևէ կապ չունի Հայաստանի իրական քաղաքական օրակարգի հետ։

Հայաստանի քաղաքական դաշտում այսօր չկա ազդեցիկ քաղաքական ուժ, որը հայտարարում է «Ղարաբաղի շարժումը շարունակելու» մասին։ 2023 թվականի Արցախի կործանումից հետո այդ հարցը փաստացի դուրս է եկել Հայաստանի ներքաղաքական օրակարգից։ Այսինքն՝ Փաշինյանը պայքարում է ոչ թե իրական քաղաքական դիրքորոշման, այլ իր իսկ ստեղծած ստվերի դեմ։

Այս կեղծ հակադրությունը հասարակության ուշադրությունը շեղում է ամենակարևոր հարցից՝ ով հասցրեց Հայաստանը այս կետին։ Փաշինյանի կառավարման տարիներին Արցախը կործանվեց, խարխլվեց Հայաստանի անվտանգության և բանակցային համակարգը, իսկ պետությունը հայտնվեց շարունակական զիջումների տրամաբանության մեջ։ Այս պայմաններում նույն իշխանությունը փորձում է ներկայանալ որպես պատերազմի կանխման միակ երաշխավոր։

Փաշինյանի խոսքում կա նաև վտանգավոր ենթատեքստ։ Երբ նա հայտարարում է, թե միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է դեմ «Ղարաբաղի շարժման շարունակությանը», փաստացի փորձում է ողջ ընդդիմադիր դաշտին ներկայացնել որպես «պատերազմի կողմնակիցներ»։ Սա դասական մանիպուլյացիա է՝ ստեղծել չեղած սպառնալիք և բոլոր հակառակորդներին նույնացնել այդ սպառնալիքի հետ։

Այսպիսի խոսույթը վտանգավոր է նաև արտաքին քաղաքական առումով։ Փաշինյանի ձևակերպումները ուժեղացնում են Ադրբեջանի այն նարատիվը, թե Հայաստանում կան «ռևանշիստական ուժեր»։ Արդյունքում ցանկացած ներքաղաքական փոփոխություն կամ լարվածություն կարող է ներկայացվել որպես պատերազմի նախապատրաստություն Հայաստանի կողմից։

Այսխիսով, Փաշինյանը փորձում է հասարակությանը պարտադրել կեղծ բանաձև՝ իր իշխանությունը ներկայացնելով որպես խաղաղության միակ երաշխիք, իսկ ցանկացած այլ քաղաքական ընտրություն՝ որպես պատերազմի վտանգ։ «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ երկընտրանքը վերածվում է հասարակությանը վախեցնելու և իշխանության վերարտադրությունը արդարացնելու գործիքի։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 14807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ